Հասարակություն

Այս քայլով ապացուցեցին, որ տիրադավներին իսկապես շանտաժի են ենթարկել

Այս քայլով ապացուցեցին, որ տիրադավներին իսկապես շանտաժի են ենթարկել

 

Երեկ Քննչական կոմիտե էին հրավիրվել Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանան:

Երեկ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ «այսօր առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը:

«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ավելի ուշ, փաստաբան Արմինե Ֆանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց.

«Կարծում ենք՝ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով: Սա էլ է եզակի բան: Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ»:

Իրադարձությունների կիզակետում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունն է, որի դեմ նա հայց էր ներկայացրել: Արմավիրի դատարանն արգելել էր եկեղեցուն իրականացնել քայլեր, որոնք կարող են խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները: Մայր Աթոռի գերագույն հոգևոր խորհուրդը դրանից հետո կարգալույծ էր արել եպիսկոպոսին: Քննչականը սրա հետքերով քրեական գործ է հարուցել՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար: Այժմ, փաստորեն քննչական են կանչվել Գևորգ Սարոյանին կարգալույծ արած հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամները: Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Ավելի վաղ կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մայր Աթոռը, սակայն, հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով:

Հիշեցնենք նաև, որ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական՝  Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։

Արտաշես սարկավագ Աջապահյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ բացահայտ բռնաճնշումներին, ասում է․ «Ակնհայտ խոչընդոտվում են Հայ առաքելական եկեղեցու օրենքով սահմանված լիազորությունները։ Բացարձակապես որևէ ուժ, որևէ դատարան չունի իրավունք միջամտելու Վեհափառի որոշումներին, կապված կարգալույծ արված հոգևորականներին։ Դրանք հոգևոր խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն բացառապես հոգևոր տիրույթում։ Եկեղեցու ներքին հարցերը օրենքի դաշտ տանելն ակնհայտ ապօրինություն է, հակասահմանադրականություն և բացահայտ ճնշում է, սեփական կամքի թելադրում եկեղեցուն։ Այս քայլով ապացուցեցին, որ տիրադավներին իսկապես շանտաժի են ենթարկել և այդ ճանապարհով են իրենց կողմը քաշել։ Եթե նրանք չմիանային Փաշինյանին, նրանց դեմ նույնպես գործեր կհարուցվեին։ Իհարկե, այս քայլով եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտում են, սակայն հստակ ասել չեմ կարող, թե ժողովը երբ կկայանա և ինչպես, ինչ ֆորմատով»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image