Վերլուծություն

Նիկոլենց ապօրինի օպերացիան

Նիկոլենց ապօրինի օպերացիան

Նախորդ օրը վաղ առավոտից սկսվեց Գագիկ Ծառուկյանին սնանկացնելու ռազմական գործողությունը: Դա իսկական ռազմական գործողություն էր: Որի հիմքում 21 մլն դոլարի ինչ-որ խնդիր է՝ կապված Իրանի մեկ-երկու քաղաքացու հետ: Բայց դա անլուրջ հիմնավորում է, քանի որ նախկինում խաղատան լիցենզիան հետ կանչելը, իսկ այդ օրը հյուրանոցներ փակելը դրա հետ որևէ կապ չունեն: Կապ չուեն ո՛չ Արարատցեմենտը և ո՛չ էլ գինու և կոնյակի գործարանը: Դա ընդամենը վկայում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը պահպանած անձը կյանքի է կոչում իր կյանքի երազանքներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանին սնանկացնելու երազանքը: Սնանկացման այս ապօրինի օպերացիան վկայում է, թե ինչ աստիճանի անօրինականության մեջ են ներքաշվել ուժայիններն ու իրավապահները: Ինչն, իր հերթին, ցույց է տալիս, թե ինչպես են ատամներով պահելու Նիկոլի իշխանությունը: Որովհետև իշխանափոխության դեպքում խնդիր են ունենալու բոլորն առանց բացառության:

Ի դեպ, ժամանակին Ծառուկյանն ձեռք էր բերել հյուրանոց Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, հանքային ջրերի գործարան Բուլղարիայում և կոնյակի շշալցման գործարան Բելառուսիայում: Ենթադրում եմ, որ ԵՄ-ն կլուծի բւլղարական գործարանի և լատվիական հյուրանոցի հարցերը հօգուտ Նիկոլի: Թե որքանով դրան կխոչընդոտեն եվրոպական դատարանները՝ դժվար չէ կանխատեսելը: Հաշվի առնելով Ծառուկյանի բելառուսական գործարար և ընկերական կապերը: Ինչպես նաև ՀԷՑ ՓԲԸ-ի շուրջը տեղի ունեցող զարգացումները: Եվ Ծառուկյանին կմնա միայն բելառուսական գործարանը՝ եթե այն դեռևս առկա է: Այս ամենը տիպիկ բոլշևիկյան վարքագիծ է՝ «ունեզրկողների ունեզրկում»: Առանց հաշվի առնելու ժամանակաշրջանի փոփոխությունը: Առանց հաշվի առնելու հազարավոր աշխատակիցների անգործ մնալը: Առանց հաշվի առնելու Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցվելիք հարվածի մեծությունը: Աննորմալ այս իշխանությունը, սակայն, հովանավորվում է ազատական արևմտյան շրջանակների կողմից:

Ինչևէ, բոլշևիկյան բնույթի վարքագիծը վկայում է, որ գործող իշխանության 9-րդ տարում դեռևս շարունակվում է ոչ թե կառուցման, այլ նախկինը քարուքանդ անելու քաղաքականությունը: Ինչն աննորմալ երևույթ է, սակայն հազարերորդ անգամ եմ կրկնում՝ աննորմալ երկրում դա որպես նորմալ է դիտարկվում: Բայց քանդարար գործունեության այն վերջինս չունի 100 տոկոսանոց աջակցություն: Խանգարողը դատական համակարգն է: Այն ներառում է շուրջ 280 դատավորի՝ ճշգրիտ թիվն ԱԲ-ն չգիտեր: Դրանցից 51 տոկոսն, ըստ ԱԲ-ի, նշանակվել է գործող իշխանության կողմից: Ինչը նշանակում է, որ, ի տարբերություն, դատաիրավական համակարգի մնացած բաղադրիչների, այստեղ առկա է լուրջ խնդիր: Ու հենց այդ պատճառով էր մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը պահպանած անձը մեղադրում «կոռումպացված դատավորներին»: Ինչն ընդամենը ողջ համակարգին ուղղված մեսիջ է՝ մոռացեք ձեր անկախության մասին: Դուք բոլորդ անելու եք այն, ինչը ես կհրահանգեմ: Եվ այդ թվում, ասենք, Գագիկ Ծառուկյանին սնանկացնելու և դատապարտելու առումով: Հաջորդը, բնականաբար, լինելու է ՀՀ երկրորդ նախագահը:

Ի դեպ, դատական համակարգը միակն է, որին չկարողացավ ամբողջությամբ խեղճացնել Փաշինյան Նիկոլը: Չնայած այդ ուղղությամբ առաջին քայլերն արվեցին դեռևս 2018-ի ամռանը: Հիշեցնեմ՝ խոսքը գեներալ-գնդապեստ Յուրի Խաչատորովի մասին էր, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այնուհետև գործի դրվեց եվրոպական ծագմամբ հակաժողովրդավարական ինստիտուտը՝ դատավորների վեթինգը (զտում): Ի դեպ, դա առաջին անգամ կիրառվել էր Ալբանիայում և կոլապսի էր ենթարկել եվրոպական այդ երկրի ողջ դատական համակարգը: «Կոլապս» եզրույթը ծայրահեղ ծանր իրավիճակի անվանում է, օգտագործվում է բժշկության, տնտեսագիտության, աստղագիտության և այլ ոլորտներում: Դա այնքան խոր բացասական ազդեցություն էր գործել, որ կիրառումից մինչև 10 տարի անց էլ համակարգն ամբողջությամբ չէր վերականգնվել: Ինչպես երևում է, հաջորդը լինելու է հայաստանյան դատական համակարգը: Եթե, բնականաբար, մնա գործող իշխանությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image