Հասարակություն

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին

Զարուհի Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԴԻՄՈՂ` ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
7 հուլիս, 2026 թվական

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԱՍԻՆ

(Քննիչի գործողություններում հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ)
Սույնով հայտնում եմ, որ 06.07.2026 թվականին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ իրականացվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գտնվող կենդանիների առգրավման և տեղափոխման գործընթացը Երևանի կենդանաբանական այգի։

Առգրավման գործողության ընթացքում կենդանիներին ներարկվել է քնեցնող/թմրեցնող դեղորայք, ինչից հետո առյուծներից մեկը` էգ առյուծը տեղափոխվել է կենդանաբանական այգի և այդպես էլ չարթնանալով՝ անկել է։ Կենդանաբանական այգու պաշտոնական հայտարարության համաձայն՝ կենդանին ունեցել է բազմաթիվ տարիքային և ուղեկցող հիվանդություններ (լյարդի, սրտի, թոքերի ախտահարում)։

Գտնում եմ, որ քննիչի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հետևյալ հիմնավորմամբ.
1. Կենդանու կյանքի և անվտանգության անտեսում.
Քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր էր ապահովել քննչական գործողության անվտանգությունը։ Նախքան տարեց և խնամքի տակ գտնվող կենդանուն թմրեցնող նյութեր ներարկելու և նրան իր բնականոն միջավայրից տեղափոխելու հրահանգ տալը, քննիչը չի ապահովել պատշաճ կեդանանաբուժական նախնական քննություն՝ պարզելու համար, թե արդյոք կենդանու օրգանիզմը կդիմանա նման միջամտությանը։
2. ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի խախտում.
Չնայած կենդանու ծանր առողջական վիճակին, նրա նկատմամբ կիրառվել են կյանքի համար վտանգավոր մեթոդներ (ուժեղ թմրեցում և սթրեսային տեղափոխում), ինչն անհամատեղելի է եղել նրա կյանքի հետ և հանգեցրել է կենդանու տանջալից մահվան (անվերադարձ քնի)։
3. Պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում.
Քննիչը ցուցաբերել է հանցավոր անփութություն, հաշվի չի առել կենդանի էակի շահերն ու կյանքի իրավունքը, ինչի արդյունքում պետական գործողության հետևանքով ոչնչացվել է արժեքավոր կենդանի։ Այս վարքագիծը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կամ 446-րդ (Պաշտոնեական անփութությունը) հոդվածներով նախատեսված արարքների հատկանիշներ:
4. Մյուս առգրավված կենդանիների կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգը.

Քանի որ քննչական գործողությունների շրջանակներում առգրավվել և տեղափոխվել են նաև այլ կենդանիներ, չի բացառվում, որ նրանց ևս պատճառվի մահ կամ առողջության այլ ծանր վնաս։ Մինչ օրս հանրությանը հայտնի չէ և առկա չէ որևէ հավաստի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք առկա է համապատասխան մասնագիտական/կենդանաբուժական եզրակացություն՝ մյուս առգրավված կենդանիներին նոր միջավայրում (Երևանի կենդանաբանական այգում) անվտանգ պահելու, նրանց կերակրման, խնամքի և սթրեսային վիճակից դուրս բերելու պայմանների վերաբերյալ։ Առանց նմանատիպ մասնագիտական երաշխիքների կենդանիներին անհայտ պայմաններում պահելը նույնպես հանդիսանում է հանցավոր անփութության և անօրինական գործելաոճի շարունակություն, որը հղի է նոր կորուստներով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխի համապատասխան նորմերով՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝

1. Սույն հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ՝ պարզելու համար առգրավման որոշում կայացրած և այն իրականացրած քննիչի (կամ քննչական խմբի) գործողությունների օրինականությունը։
2. Քրեաիրավական գնահատական տալ քննիչի գործողություններին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք) ինչպես նաև 441-րդ և/կամ 446-րդ հոդվածների (Պաշտոնեական հանցագործություններ) հատկանիշներով։
3. Պարզել, թե որ կենդանաբույժների կամ մասնագետների եզրակացության հիման վրա է քննիչը թույլատրել հիվանդ կենդանու թմրեցումն ու տեղափոխումը։
4. Հրատապ կարգով քննության առնել և պարզել մյուս առգրավված կենդանիների պահման պայմանների օրինականությունն ու անվտանգությունը՝ կանխելու համար հնարավոր նոր անկումները կամ կենդանիների առողջությանը վնաս պատճառելը։

Դիմող՝
Զարուհի Փոստանջյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image