Հարցազրույց

«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել

«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել

«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է:

- Տեւական ժամանակ է՝ ծաղիկներ արտադրող ջերմոցները, ծաղիկ աճեցնողները ծաղիկը Ռուսաստան արտահանել չեն կարողանում, իշխանությունները պնդում են, որ գտել են Ռուսաստանի այլընտրանքը, ծաղիկները, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենը, արտահանում են Եվրոպա: Ինչպե՞ս է հարցը լուծվել, ինչպե՞ս եք հոգում ջերմոցի ծախսերը:

- Օգուտ չունենք, ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից երեք անգամ ցածր գնով: Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում անել: Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելուն, ապա մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի: Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են: Կա՛մ գնի հետ կապված են մերժում, կա՛մ մաքսային հարցեր են առաջանում: Մի խոսքով, ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել:

- Օրինակ` ո՞ր եվրոպական երկիր եք փորձել արտահանել:

- Տարբեր` Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան եւ այլն, ոչ մի ուղղությամբ չի ստացվում:

- Ի՞նչ պատճառաբանություն են տալիս, երբ մերժում են:

- Ոչ մի պատճառաբանություն էլ չեն տալիս: Նախ, ասեմ Ձեզ, որ ճանապարհը շատ երկար է, ինքնարժեքով չենք կարող մեծ քանակի ծաղիկ ուղարկել: Փոքր խմբաքանակով էլ անհնար է պրոցեսը կազմակերպել, որովհետեւ ինքնաթիռային փոխադրում չի գործում փոքր քանակի համար, իսկ ավտոմեքենայով անհնար է, ճանապարհը սարսափելի երկար է, իսկ ծաղիկը չի դիմանում, արդյունքում որակի հետ կապված խնդիրներ են առաջանում:

- Իսկ հիմա ի՞նչ արժեքով եք մեկ վարդը տեղական շուկայում վաճառում եւ առաջ ինչքանո՞վ էիք վաճառում:

- Առաջ` 150, 200, 250 դրամով` մեկ հատը, իսկ հիմա վաճառում ենք 70 եւ 50 դրամով, նայած որը:

- Ինչպե՞ս եք կարողանում ջերմոցի ծախսերը հոգալ:

- Ինքնարժեքից եռակի անգամ էժան գնով ծաղիկ ենք վաճառում, վարկեր ունենք, ծախսեր ունենք, աշխատողներ ունեմ` 100-ից ավելի, նախորդ ամիս մի կերպ եմ աշխատավարձ տվել ու մնացած հարցերը լուծել, այս ամիս չգիտեմ ոնց եմ անելու: Գումարներ եմ հայթայթել` էստեղից-էնտեղից, որ կարողանամ վճարումներ անել, աշխատակիցներին աշխատավարձ տալ եւ այլն:

- Եթե այսպես շարունակվի, ինչպե՞ս եք Ձեր հետագա աշխատանքը պատկերացնում:

- Չեմ պատկերացնում մեր հետագա աշխատանքը, դա հնարավոր բան չէ: Ձմռան ամիսների ծախսերը մի քանի անգամ ավելի են, չեմ կարող ջերմոցը պահել, եթե այսպես շարունակվեց: Ջերմոցներում եթե ամռան ամիսներին գազի վարձը կազմում է 10-15 միլիոն դրամ` մեկ ամսվա համար, ապա ձմռան ամիսներին այն հասնում է 40 միլիոնի: Բացառվում է, որ այս պայմաններում 40 միլիոն գազի վարձ կարողանամ տալ:

- Այսինքն` իշխանությունները ստում են, իրականում ծաղկի ջերմոց ունեցող մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է, եւ ոչ մի եվրոպական շուկա էլ չի գնում հայկական ծաղիկը:

- Մակերեսային բաներ են խոսում, ասում են` ծաղիկն ուղարկեցինք Եվրոպա, բայց դա չի նշանակում, որ եթե ուղարկում են, ծաղիկը գնաց, հասավ, վաճառվեց: Փորձնական ուղարկում են, որպեսզի հետագայում, եթե ցանկանան, գնեն, բայց այդտեղ հազար ու մի հարց է առաջանում, որակի հետ կապված խնդիրներ եւ այլն: Սահմանն անցնելը չի նշանակում վաճառել ծաղիկը: Ի դեպ, փոքր խմբաքանակով ծաղիկ են այս ընթացքում տարել Եվրոպա, որը չնչին տոկոս է կազմում ընդհանուր հայկական ծաղկի շուկայում:

- Իսկ ներսում կարողանո՞ւմ եք աճեցրած ծաղիկներն ամբողջապես վաճառել:

- Ոչ, անհնար է այդպես: Չի սպառվում, ստիպված՝ արհեստականորեն քչացնում ենք քանակը, որ չթափենք ծաղիկը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image