Հարցազրույց

«Հրապարակ»․ Հայաստանին ԱՄՆ-ից տեխնիկա գնելու իրավունք են տալիս եւ դա «ներդրում» անվանում

«Հրապարակ»․ Հայաստանին ԱՄՆ-ից տեխնիկա գնելու իրավունք են տալիս եւ դա «ներդրում» անվանում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

- Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այցելեց Հայաստանի Հանրապետություն, ինչն իշխանությունների համար ցնծության առիթ է դարձել, հատկապես այն բանից հետո, երբ Վենսն ուղիղ տեքստով հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանի վերարտադրմանը: Լինելով աշխարհի ամենաժողովրդավար պետություններից մեկը՝ ԱՄՆ-ն այժմ հստակ ու անթաքույց միջամտում է Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ըստ Ձեզ` ո՞րն էր Վենսի այս հայտարարության նպատակը: Արդյոք նա չէ՞ր կարող ավելի չեզոք ու սառնասիրտ գտնվել՝ զերծ մնալով նմանաբնույթ հայտարարություններից՝ այդկերպ ցույց տալով, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ կապված ինչ-որ շահագրգռություններ ունի:

- Իհարկե, Վենսի հայտարարությունն ուղիղ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, բայց ես այդտեղ չեմ տեսնում որեւէ տարօրինակ բան: Վենսը, պարզ ասած, եկել էր այն արդյունքների հետեւից, որոնք այս իշխանություններն արդեն ութ տարի շարունակ հետեւողականորեն իրականացնում են: Այն է` Ռուսաստանին փորձում են դուրս մղել Հարավային Կովկասից: Իշխանությունները դրանով զբաղվում են հենց իշխանության գալու առաջին իսկ օրվանից, իսկ դա հավաքական Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի համար ամենակարեւոր հարցն է: Բնականաբար, եթե նրանք ցանկանում են հարցը մինչեւ վերջ լուծել եւ իրենց նպատակը կատարել, ապա, բնականաբար, պետք է աջակցեն օրվա իշխանություններին, որպեսզի իշխանափոխություն տեղի չունենա: Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել: Սա ԱՄՆ-ի համար ստրատեգիական շահերից բխող հարց է: Հետեւաբար, բաց տեքստով աջակցություն են հայտնում նրան:

- Իսկ, ընդհանուր առմամբ, Վենսի՝ Հայաստան կատարած այցին ի՞նչ գնահատական կտաք: Այն ինչպիսի՞ այց էր, ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

- Ես կարծում եմ, որ միայն այս այցով գնահատական տալն իմաստ չունի, որովհետեւ այս ամենի արդյունավետությունը կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն Բաքու կատարած այցը, Ադրբեջանի հետ բանակցությունները: Պարզ եթե խոսենք` Վենսը եկել էր Հայաստանին ասելու, թե ինչ է առաջարկվում, երբ Թրիփի երթուղու նախապատրաստական շրջանն ավարտվի, եւ պրոցեսներն առաջ գնան դեպի գործնական փուլ: Նա եկել էր Հայաստանին առաջարկելու, թե ինչ կարող ենք ստանալ այդ ամենի դիմաց: Հիմա էլ գնում է Բաքու՝ Բաքվին առաջարկելու, թե նրանք ինչ են ստանալու այդ ամենի դիմաց: Եթե այդ առեւտուրը հաջողությամբ ավարտվի, ապա փորձ կարվի արդեն գետնի վրա սկսել նախագիծը, որը մինչ այս պահը դեռեւս թղթի վրա է, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե ինչպիսի արձագանք կտան Իրանն ու Ռուսաստանը: Եթե մինչեւ այս պահը ծրագիրը թղթի վրա էր, եւ ամեն բան արվում էր հայտարարությունների մակարդակով, հայտնի չէ, թե ինչ կլինի, եթե պրոցեսը մտնի գործնական փուլ: Ես կարծում եմ, որ ՌԴ-ի եւ Իրանի արձագանքը կարող է սպասվածից ավելի կոշտ լինել, հետեւաբար, միայն այս մեկ այցից չեմ կարող հստակ գնահատականներ տալ: Սա միայն առաջին եւ փոքր բաղադրիչն է մեծ պրոցեսի: Ամեն դեպքում, եկեք ֆիքսենք, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի կարեւոր են: ԱՄՆ-ն Բաքվին համարում է տարածաշրջանի իր միակ պարտնյորը, իսկ Հայաստանը զուտ պոտենցիալ խոչընդոտող հանգամանք է, այդ պատճառով եկել են գին առաջարկելու, որպեսզի Հայաստանը հանկարծ խոչընդոտ չհանդիսանա:

- Որքան էլ որ տարօրինակ թվա, Վենսը Հայաստանում անտեսելով հայ ռազմագերիների եւ քաղաքական բանտարկյալների հարցը՝ խոսել է Իրանի քաղաքական բանտարկյալների մասին: Ինչո՞ւ, ի՞նչ է սա նշանակում:

- Հասկանալի է, որ նրան ուղեկցող խմբում ներառված են մեծաթիվ լրագրողներ, բնականաբար, նա հայտարարություններ է անում լրատվամիջոցների համար, ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքական բանտարկյալներին, ապա նա չխոսեց այդ մասին, քանի որ Փաշինյանի իշխանությունը դա ներկայացրել է որպես Հայաստանի դեմ ՌԴ-ի կողմից իրականացվող իբր հիբրիդային պատերազմի արդյունք, իսկ ԱՄՆ-ին ձեռնտու է, որ ՌԴ-ի կողմից հայտարարված պատերազմում Հայաստանը հաղթի, այլ կերպ ասած` ԱՄՆ-ին նաեւ ձեռնտու է ներկայացնել, որ Հայաստանում ամեն բան կարգին է, չկան խնդիրներ, որովհետեւ նրանց ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը: Հայտնի արտահայտություն կա` շան որդի է, բայց մեր շան որդին է, հիմա, տվյալ դեպքում, ԱՄՆ-ին բոլորովին չեն հետաքրքրում Հայաստանի եւ Հայաստանի նման երկրների ներքաղաքական վիճակը, քաղաքական բանտարկյալները, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը: Նրանց հետաքրքրում է, թե տվյալ երկիրն ինչպիսի քաղաքականություն է վարում, դե իսկ Հայաստանը վարում է իրենց համար ձեռնտու քաղաքականություն: Այդ պատճառով էլ աչք են փակելու բոլոր այն երեւույթների վրա, որոնք դատապարտելի են, իսկ եթե նրանց ձեռնտու չլիներ օրվա իշխանության վարած քաղաքականությունը, ապա անգամ շատ ավելի փոքր, չնչին խախտումները կուռճացնեին, կդարձնեին մի մեծ պատմություն, ճնշում գործադրելու միջոց:

- Ակնհայտ է, որ Վենսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իշխանությունների հորդորով չէ, որ այցելեց: Ո՞րն էր այդ այցի նպատակը:

- Սովորական արարողակարգ էր: Վստահ եմ՝ Բաքվում նույնպես նման հարգանքի տուրք մատուցելու է: Եթե նա չայցելեր Ծիծեռնակաբերդ, հայ հանրության աչքում վատ կընկալվեր: Եկեք չմոռանանք նաեւ, որ, ի վերջո, ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այժմ ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ հայ հանրությունն իրեն ընկալի որպես հայամետ երկիր: Իզուր չէ, որ Վենսը հայտարարեց այն մասին, որ Հայաստանն ամենահին քրիստոնյա երկրներից է եւ այլն: Այս քայլերը դրական երեւալու համար են:

- Երեկվանից նաեւ 9 միլիարդի ներդրումների մասին է խոսվում: Ոմանք պնդում են, որ ԱՄՆ-ն 9 միլիարդի ներդրումներ է կատարելու, իսկ շատերն էլ պնդում են, որ որեւէ լումա չի ներդրվելու Հայաստանում: Հետաքրքրականն այն է, որ բոլորը Վենսի ուղիղ խոսքն են վկայակոչում, սակայն այդպես էլ չի հասկացվում, թե որն է իրականությունը:

- Խոսքը, բնականաբար, այն ներդրումների մասին չէ, որը մեր հանրությունը հասկացել է: Նրանց ասածն այն է, որ Հայաստանին իրավունք են տալիս ԱՄՆ-ից գնելու տեխնիկա` միջուկային անվտանգության ոլորտում: Ինչո՞ւ են այն ներդրում համարում, քանի որ այլ երկրների դա թույլ չեն տալիս, իսկ Հայաստանին թույլ են տալիս: Այդ իմաստով Հայաստանին բոնուս են տալիս ընդամենը: Օրինակ, եթե Եմենը նման ցանկություն հայտնի, Ամերիկան դա թույլ չի տա, սակայն Հայաստանին թույլ է տալիս՝ պրոցեսը ներկայացնելով որպես հայ-ամերիկյան ռազմավարական ներդրում: Նյութական, ֆինանսական ներդրման մասին խոսք չկա, եւ, իհարկե, իրականում խոսքը ներդրման մասին չէ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image