Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված․ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին։

«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք...»․ Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,– գրել է նա:

ՀԳ․ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։

Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image