Վերլուծություն

Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի․․․

Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի․․․

Ինչ ուզում եք ասեք, բայց Նիկոլ Փաշինյանի հոգատարությունը կովերի նկատմամբ ու Ռոսսելխոզնադզորի արձագանքը համարժեք պատմություն չեն։

Դեռևս 2023 թվականին նա հայտարարում էր, որ ծաղկում է ապրում, աճ է գրանցում ժամանակակից գյուղատնտեսությունը։ Չնայած՝ խոսքը մեր մեջ, գյուղատնտեսության նախարարություն էլ չունեինք, բայց գյուղատնտեսությունն արդեն «թռիչքի մեջ» էր։ Ասում էր՝ «Խելացի անասնաֆերմայի» հիմնումը առաջ է գնում։ Երևի հիշում եք՝ Մասիս էր գնացել։ ԱԺ ամբիոնից էլ հայտարարեցին, որ «խելացի անասնագոմում» արտադրված կաթի գինը 200 դրամից չի իջնում։

Ինքն էլ գնաց, տեսավ, համոզվեց, որ կաթի արտադրության ժամանակ մարդու ձեռքը չի կպնում։ Այսինքն՝ կաթն էլ է դարձել «անհպում տեխնոլոգիա»։ Մենք էլ ուրախացանք՝ մտածելով, որ վարչապետը ճանաչողական այցեր է կատարում «խելացի անասնագոմեր», ու շուտով աշխարհով մեկ մեր կովերի կաթը ոչ միայն կգնեն, այլ գուցե դարման էլ կհամարեն։

Բայց պարզվում է՝ կաթն իր ճանապարհին մի փոքրիկ «կարմիր լույսի» է հանդիպել։ Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված կաթնամթերքը և հայտարարում է, որ մինչև օրս Հայաստանում չի կարգավորվել այնպիսի համակարգ, որը թույլ կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։

Կովն իր ներդրումն է ունեցել, անասնապահն՝ իր։ Այդքանից հետո վարչապետն էլ կառավարությունից եկել, անձամբ մոտեցել ու ձեռքով փաղաքշել է կովին։ Հիմա ո՞նց են ասում, որ կաթն անվտանգ չէ։ Գուցե փաղաքշել պե՞տք չէր։ Թե՞ կովի հետ շփվելիս էլ պետք է անվտանգության հատուկ կանոնակարգ հաստատել։

Թե չէ ստացվում է՝ ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի։ Կաթին ձեռք տվեց՝ կաթը հարցականի տակ ընկավ, կովին ձեռք տվեց՝ անվտանգությունը կասկածի տակ դրվեց։ Այստեղ են ասում՝ բա մեր ջանը քա՞ր է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image