Քաղաքականություն

«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք

«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք

Բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների մասին համակարգում վաղուց էին խոսում: Թերեւս ամենասպասվածը 2-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի նշանակումն էր՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատար: Պողոսյանը նախընտրական փուլում ակտիվորեն ներգրավված էր ՔՊ-ի վերարտադրության գործին․ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արմեն Գյոզալյանը, որը հուլիսի 2-ին նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Ինչ խոսք, սա Գյոզալյանի համար, որը հայկական բանակի առանցքային եւ փորձառու բարձրաստիճան զինվորականներից է, պաշտոնի իջեցում է: Այս պաշտոնը աստիճանով համապատասխանում է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին, բայց ազդեցության առումով անհամեմատ ավելի ցածր է, քան կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում՝ նշելով, որ նախարար Սուրեն Պապիկյանը սիրում է իրեն շրջապատել բացառապես իրեն անձնապես նվիրված կաբինետային գեներալներով, մինչդեռ Արմեն Գյոզալյանն այդպիսին չէր, կարծես: Նա սյունեցի է, ծնունդով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գյուղից է՝ Տեղ համայնքից, մարտական լուրջ ուղի է անցել, 2023 թվականի ապրիլին, իր ծննդավայր Տեղ գյուղի սահմանային բախումների ժամանակ առաջնագծում գտնվելիս վիրավորվել է: Ի տարբերություն զուտ կաբինետային կադրերի, Գյոզալյանն ընկալվում է որպես դաշտային գեներալ, անձամբ է համակարգել առաջնագծի ամրացման եւ ինժեներական աշխատանքները։ Մյուս կողմից, նա «օդիոզ» գեներալներից է, որի դեմ բողոքներ ու դժգոհություններ կային, որ նա բիզնեսով է զբաղվում:

Գարեգին Պողոսյանին բանակում համարում են թույլ հրամանատար, բայց պարտաճանաչ մարդ եւ ծառայող: Նա այս տարվա մայիսի 28-ին է ստացել գեներալի կոչումը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրանից:
2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը: Նա մոտ 2 տարի զբաղեցնում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, պատասխանատու է եղել Տավուշի մարզի սահմանագծի համար։ Տավուշի ուղղությամբ նրա հրամանատարության շրջանը համընկավ սահմանազատման բավականին զգայուն գործընթացի հետ։ Փաստորեն, այժմ նա ղեկավարելու է Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղության պաշտպանությունը:

Թերեւս, ամենաանսպասելին Արծրուն Հովհաննիսյանի նշանակումն էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալբերտ Բաղդասարյանը: Արծրուն Հովհաննիսյանի կողմնակիցները նշում են, որ նա երկար տարիներ զբաղվել է ռազմական պատմության, մարտավարության եւ տեխնոլոգիաների հետազոտությամբ եւ հարմար թեկնածու էր համալսարանի պետ նշանակվելու համար: Նաեւ ունի հանրային կապերի եւ կրթական ծրագրերի կառավարման փորձ, օրինակ՝ Պատերազմական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրումը: Սակայն հանրությունը նրան հիշում է կեղծ լավատեսական ինֆորմացիայով` 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ նրա «Հաղթելու ենք» խոստումը պատերազմից հետո զայրույթ եւ վստահության կորուստ առաջացրեց նրա անձի նկատմամբ, ուստի այս նշանակումն ընկալվում է որպես իշխանություններին հավատարիմ կադրի առաջխաղացում: Մինչդեռ նախկին պետը՝ գեներալ-լեյտենանտ Ալբերտ Բաղդասարյանը, ներկայացնում էր Զինված ուժերի ավագ, ավանդական հրամանատարական կազմը եւ ընկալվում էր որպես ապաքաղաքական կերպար, որին հարգում էին համակարգում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image