Հարցազրույց

«Հրապարակ». Եթե Վեհափառին չեն ընդունում, ի՞նչ իրավունքով են շարունակում իրենց գործունեությունը

«Հրապարակ». Եթե Վեհափառին չեն ընդունում, ի՞նչ իրավունքով են շարունակում իրենց գործունեությունը

«Հրապարակի» զրուցակիցն արցախցի ակտիվիստ, «Հայրենիք» կուսակցության անդամ Տաթեւիկ Վիրաբյանն է` Տաթեւ Արցախը:

- Արցախի թեմի առաջնորդի քայլը ցնցել է համայն հայությանը, հատկապես` արցախցիներին: Մարդիկ տարակուսում են ու վրդովվում, թե ինչպես կարող է արցախցի հոգեւորականն ուրանալ Արցախի համար պայքարող Վեհափառին եւ անցնել մի մարդու կողմը, որը Սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքն է տվել թուրքին, Արցախն է հանձնել, ուրացել մեր հերոսներին եւ 5 հազար զինվորի մահվան պատճառ դարձել եւ 120 հազար մարդու տնավեր թողել: Ի՞նչ կարծիք ունեք Դուք Վրթանես Աբրահամյանի քայլի մասին:

- Հերիք չէ, որ Վեհափառի դեմ է պայքարում, դեռ մի բան էլ սատարում է Արցախն ուրացածին, Արցախը մինչեւ հոգու խորքն ատողին ու ադրբեջանական բեռ համարողին: Նա, որպես սրբազան, ինձ համար այլեւս գոյություն չունի, ես նրան այլեւս չեմ կարող անվանել սրբազան, նա հերթական նիկոլականն է: Սրբազան լինելու բոլոր կանոնները նա սվաղել է: Եթե նա իսկապես լիներ Արցախի թեմի հոգեւոր առաջնորդը կամ գոնե ունենար մի փոքր հոգեւոր արժեք, այլ ոչ թե զուտ հոգեւորականի աստիճան, ապա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցեր ուղղեր` մասսայական, այլ ոչ թե քծներ նրան:

- Օրինակ` ի՞նչ հարցեր:

- Օրինակ` ո՞ւր մնացին Արցախի բազմադարյա պատմություն ունեցող եկեղեցիները, ինչո՞ւ են մեր վանքերը, տաճարները հայտնվել Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ հայ հոգեւորականներն այլեւս չեն կարող Արցախում պատարագներ մատուցել: Որպես Արցախի թեմի առաջնորդ, որպես սրբազան, մի՞թե նրա մոտ այս հարցերը չառաջացան: Մի՞թե այդ մարդը նույնքան պիղծ է, որքան Նիկոլը: Ցավոք սրտի, Արցախի հավատավոր ժողովուրդն այսքան տարի մատնված է եղել պղծության, քանզի մեր հոգեւոր առաջնորդը նրա պես ինչ-որ մի տարր է եղել: Ցավում եմ արցախցիներին, որ նրա պես հոգեւոր առաջնորդ է ունեցել: Արցախի ժողովուրդն այժմ պետք է հարցադրումներ անի նրան` ո՞ւր են Արցախի եկեղեցիները:

- Արժե՞ նրան կարգալույծ ճանաչել, թե՞ ներելը քրիստոնեության կարեւոր հանգամանքներից է:

- Նա անպայման պետք է կարգալույծ արվի: Չկա այլ կարծիք: Մեր հոգեւոր-մշակութային արժեքները` Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Նիկոլի թեթեւ ձեռքով հայտնվել են Ադրբեջանի կազմում: Իսկ այս մարդ կոչվածը, ես նրան սրբազան չեմ կարող անվանել, փաստացի սատարում է այդ ամենին, կիսում է այդ տեսակետները, ծափահարում է ու երջանիկ է այն փաստից, որ Արցախի հայկական եկեղեցիներն ադրբեջանցիների կողմից պղծվում են: Այդ մարդն իր այս քայլով նաեւ ապացուցեց, որ ուզում է նույն կարգավիճակում տեսնել Հայաստանի եկեղեցիները, հակառակ դեպքում չէր կարող պայքարել կաթողիկոսի դեմ: Եթե պայքարում է, եթե համարում է, որ կաթողիկոսը պատշաճ վարքագիծ չունի եւ չունի իրավունք՝ լինել Ամենայն հայոց կաթողիկոս, ապա ինչո՞ւ իր կարգավիճակից չի հրաժարվում: Ո՞վ է իրեն օծել: Ինչո՞ւ է պատարագներ մատուցում: Ի՞նչ իրավունքով է շարունակում իր գործունեությունը: Լավ, ինչքա՞ն անբարո կարելի է լինել: Կաթողիկոսին չեն ընդունում, բայց շարունակում են նրանից վերցրած օծումն օգտագործել իրենց անձնական շահերի համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image