Իշխանությունները շարունակում են Արեւմուտքի աջակցությամբ ժողովրդավարության իմիտացիա ստեղծել, սակայն Փաշինյանի բոլոր քայլերը Հայաստանը տանում են դեպի բռնապետություն: Եկեղեցու ներքին հարցերին միջամտելուց մինչեւ քաղաքական բանտարկյալներ, մարդու անձնական կյանքի գաղտնիության ոտնահարում: Իսկ վերջերս տեղեկություններ կան, որ քրեակատարողական հիմնարկներում սկսել են դաժան ու խտրական վերաբերմունք ցուցաբերել քաղաքական հողի վրա բանտարկված անձանց նկատմամբ. օրինակ` Վահագն Չախալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Միքայել, Բագրատ եւ Արշակ սրբազաններ եւ այլն: Ինչը նախկինում չի եղել․ ՔԿՀ-ներում, որպես կանոն, հարգալից են վերաբերվում քաղբանտարկյալներին:
Օրինակ` Վահագն Չախալյանին տեղափոխել էին չջեռուցվող պատժախու, կամ`ոմանց նստեցրել են թմրանյութեր օգտագործողների, կրիմինալ անձանց հետ: Հանձնուքներն են ուշ փոխանցում, եւ սնունդը թթված է հասնում կալանավորին, ծանրաբեռնված պատժախցերում են նստեցնում եւ այլն: Մեզ նաեւ հուշեցին, որ քաղաքական բանտարկյալներին կալանքի տանում են, որպես կանոն, ուրբաթ օրերը, որպեսզի հանգստյան օրերին նրանց դրսից սնունդ փոխանցել չկարողանան, եւ նրանք 2 օր մնան բանտային սննդի հույսին: Ի դեպ, տեսակցությունների պարագայում եւս խնդիրներ են ստեղծում: Օրինակ` բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդուն` Նարեկ Կարապետյանին, թույլ չեն տվել այցելել հորեղբորը՝ պատճառաբանելով, թե նա ընտանիքի անդամ չի համարվում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Նիկոլ Փաշինյանն օգտագործում է այն գործիքակազմը, որը նախկինում ես դատապարտում էի, ինչպես նաեւ ինքը, որպես քաղաքական բանտարկյալ, դատապարտում էր եւ քննադատում: Այն, ինչ տեղի է ունենում, ինձ համար նորարարություն չէ: Այն կիրառվել է բոլոր իշխանությունների ժամանակ, հատկապես`քաղաքական բանտարկյալների դեպքում: Ես անգամ հիշում եմ, որ 2008-ին երիտասարդներին ձերբակալում ու կալանքի էին տանում եւ դիտավորյալ այնպիսի միջավայրերում էին պահում նրանց, որ մարդիկ կամա թե ակամա ընկճվում էին եւ հայտնվում հոգեբանական ծանր ու լարված վիճակում:
Եթե Փաշինյանը գովելի է համարում ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը, եթե նա այդ քայլից հիանում է, եթե համարում են, որ նորմալ եւ ընդունելի է արդարադատական համակարգի անարդար որոշումները, եւ դեռ մի բան էլ հիանում են այդ ամենով, ապա ինչո՞ւ պետք է քրեակատարողականներում այլ գործիքակազմ կիրառվեր: Այս ամենն այդ կոստյումի մեջ շատ սիրուն ձեւով տեղավորվում է: 2000-ականներից սկսած, քաղաքական բանտարկյալների նկատմամբ նման գործիքակազմեր կիրառվել են: 2018-ից հետո քիչ թե շատ իրավիճակն ուզում էր փոխվել, այդ հին մեթոդները մի պահ չէին կիրառվում, որովհետեւ այդ ժամանակ քաղաքական հրահանգ չկար, ի դեպ, այդ շրջանում դատարաններն էլ ակնհայտ ապօրինի որոշումներ չէին կայացնում, Ոստիկանությունն էր իրեն նորմալ պահում, սակայն եկավ մի պահ, որ նորից սկսվեց հին գործիքակազմն օգտագործվել, քանի որ վերեւից «դաբրո» կա: Այն, ինչ տեղի է ունենում, անթույլատրելի է: Անկախ այն բանից, թե ում մասին է խոսքը, անձին չի կարելի նվաստացնել, այն խոշտանգման նման մի պրոցես է, գրեթե խոշտանգում է»:
Երեք տարի քաղաքական դրդապատճառներով բանտարկված, Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Անկեղծ ասած, ինձ հետ նման երեւույթ չի հանդիպել, սակայն ամեն ինչ էլ կարող են անել, հատկապես, որ այս հարցերն օրենքով կարգավորվող հարցեր չեն: Եթե ցանկություն կա կալանավորների համար վատ պայմաններ ստեղծելու, ապա դա միանշանակ կարող են անել հեշտությամբ, բայց, օրինակ, խցակիցների հետ կապված խնդիրների պարագայում մարդիկ կարող են ուղղակի պահանջել, որ խուցը փոխեն: Ինձ համար մեծ տարբերություն չի եղել, թե ես ում հետ նույն խցում կնստեմ: Ինձ հետ միասին եղել են տարբեր բնույթի մարդիկ: Վարդաշենը տարբերվում է նրանով, որ այնտեղ պաշտոնավորներ են: Ուսադիրներ կրողներ, զինվորականներ եւ այլն: Այնտեղ խայտաբղետ կոնտինգենտ չկա: Ինձ համար մեծ տարբերություն չի եղել, թե ես ում հետ կլինեմ նույն պատժախցում: Ինտելիգենտ էլ կար մեզ հետ, ոչ ինտելիգենտ էլ: Բայց նորից եմ ասում` այն, ինչը որ կապված է կամայականության հետ, ապա ցանկության դեպքում հեշտությամբ կարող են իրականացնել»: