Քաղաքականություն

Իսրայելը եւ Թուրքիան կարող են բախվել Սիրիայի տարածքում

Իսրայելը եւ Թուրքիան կարող են բախվել Սիրիայի տարածքում

Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ վերջերս պարբերաբար գրում էին, որ Սիրիայում նոր լարվածություն է հասունանում, սակայն այս անգամ՝ Իսրայել-Թուրքիա փոխհարաբերություններում: Պատճառն այն է, որ Սիրիայի նոր իշխանությունները որոշել են թուրքական ռազմական ներկայությունն ավելի քան լեգիտիմացնել Սիրիայի տարածքում եւ Պալմիրա քաղաքի մոտակայքում Թուրքիային տարածք տրամադրել՝ զորամիավորման տեղակայման համար։

Իսրայելյան Նագելի հանրային հանձնաժողովը, որը ստեղծվել է Սիրիայում ռազմական ներկայությամբ պայմանավորված ծախսերը, անվտանգային հարցերը ներկայացնելու համար, 2024 թվականի վերջին ներկայացրեց իր եզրակացությունն Իսրայելի պաշտպանության նախարարությանը, Գլխավոր շտաբին, Նեթանյահուին։ «Այդ հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Սիրիայի տարածքում հիմնական սպառնալիքն Իսրայելին գալիս է Թուրքիայից։ Եվ մոտեցումը հետեւյալն էր` փաստացի իրանական ռադիկալիզմը` շիայական, փոխարինվեց սուննի-թուրքական ռադիկալիզմով, որովհետեւ բոլորը հասկանում են, որ Թուրքիան էր աջակցում, նույնիսկ ստեղծում որոշ ահաբեկչական կազմակերպություններ, որոնք հիմա իշխանության եկան Սիրիայում։ Այո, առաջիկա փուլերում իրենք Իսրայելի դեմ որեւէ քայլ չեն ձեռնարկում, նույնիսկ Իսրայելն ավելի խախտեց նրանց տարածքային ամբողջականությունը՝ շարունակելով նոր տարածքներ ու բնակավայրեր վերցնել իր վերահսկողության տակ, օկուպացնել Սիրիայի տարածքը՝ Դամասկոսի ուղղությամբ, երկու մարզերի տարածքում, եւ որեւէ դիմադրություն այդտեղ Սիրիայի նոր իշխանությունների կողմից չէր ձեռնարկվում»,- «Հրապարակի» հետ զրույցում Իսրայել-Թուրքիա հավանական կոնֆլիկտի մասին ասաց միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։

Արդեն դիտարկելու առիթ եղել է, թե ինչպես է Սիրիայի տարածքում առճակատում տեղի ունենում Իսրայելի եւ Իրանի միջեւ․ Իսրայելը հարվածում էր պրոիրանական խմբավորումներին եւ իրանական ռազմաբազաներին ու իրանցի զինվորականներին, եւ հակառակ կողմից որեւէ արձագանք չէր լինում։ Թուրքիայի դեպքում դժվար թե Իսրայելը կարողանա թիրախավորել թուրքական ենթակառուցվածքը Սիրիայի տարածքում՝ կարծում է Մելքոնյանը։ «Ինչո՞ւ․ առաջին հերթին, որովհետեւ Իսրայելն այդպիսով կավելացնի էսկալացիայի մակարդակը։ Կա միջազգային կոնսենսուս արտաքին, որ Թուրքիան ունի լեգիտիմություն՝ ունենալ իր ռազմական ներկայությունը սիրիական տարածքում։ Իրանի դեպքում նման կոնսենսուս չկար»,- ասաց միջազգայնագետը։ Սիրիայի տարածքից եկող վտանգները կանխելու համար Իսրայելը կարող է թիրախավորել տարբեր խմբավորումների՝ սիրիական պետական կամ կիսապետական խմբավորումներին, որոնք մոտ են  Իսրայելի կողմից ստեղծված, այսպես կոչված, անվտանգության բուֆերային գոտուն, որն Իսրայելի կողմից օկուպացված Սիրիայի տարածքն է՝ շեշտում է զրուցակիցս։ Խնդիրն այն է, որ Սիրիայի ինչ-որ կազմավորված զինված ուժեր դեռեւս չկան։ Ճիշտ է, դրանք կլինեն Թուրքիայի ազդեցության տակ, սակայն դեռեւս ինստիտուցիոնալիզացված չեն՝ մինչեւ հիմա դեռ կան տարբեր խմբավորումներ, առավել եւս՝ հարավում։
Հիշեցնենք, որ, այսպես կոչված, վեցօրյա ռազմական գործողությունների ժամանակ, երբ Իսրայելը տարածքներ գրավեց Սիրիայում, այնտեղ բնակվող դրուզների մի մասը մնաց Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ, իսկ մյուս մասն անցավ Իսրայելի վերահսկողության տակ։ Եվ հիմա դրուզների անվտանգությունն ապահովելու քողի տակ Իսրայելը կարող է լեգիտիմացնել այս կամ այն խմբավորմանը հարվածելու իր քաղաքականությունը։ Հաշվի առնելով այն, որ Իսրայելն ամբողջությամբ դեմիլիտարիզացրել է Սիրիան, ապա սիրիական կողմից հուժկու հարված ակնկալելը, անշուշտ, միամտություն կլինի։ «Իսրայելը, անշուշտ, կշարունակի իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը Սիրիայի ուղղությամբ, որն ինքը կբացատրի իր անվտանգության դիլեմայով»,- ասաց Մելքոնյանը։ Այս պահի դրությամբ Իսրայելի քայլերը Սիրիայի տարածքում կրում են կանխարգելիչ բնույթ եւ ուղղված են թուրքերին լուրջ ռազմական ենթակառուցվածք օգտագործել թույլ չտալուն։ «Այդ պատճառով էլ նրանք հարվածեցին T-4-ին, որից նախկինում օգտվում էին իրանցիները»,- եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image