Վերլուծություն

Մեծ կեղծիքն ու դրա կրկնությունը

Մեծ կեղծիքն ու դրա կրկնությունը

Մարդկային զանգվածներին մանիպուլացնելու գեբելսյան (նացիստական Գերմանիայի ժամանակաշրջանի) մեթոդներից իրենց կարևորությամբ առանձնանում են «մեծ սուտն» ու կեղծիքի անդադար կրկնությունը: Առաջինի հիմնավորումն այն է, որ փոքր սուտ ասում են համարյա բոլորը: Ու դրա ընկալումն այնքան էլ ազդեցիկ չէ՝ սուտ խոսելու մթնոլորտում այս կամ այն փոքր սուտն աչքի չի ընկնում: Իսկ երբ իշխանությունը, ով իր կարգավիճակից բխող հեղինակություն ունի էն գլխից, մեծ սուտ է երկնում, ապա մարդկանց ռեակցիան մոտավորապես այսպիսին է. եթե նման բան է ասվում, ապա այն չի կարող սուտ լինել: Ու երբ այդ սուտն անընդհատ կրկնվում է՝ մարդկանց ուղեղում այն վերածվում է ճշմարտության: Ու համարյա բոլորը հավատում են այդ կեղծիքին: Ինչն էլ հետո օգտագործվում է իշխանության կողմից՝ ընդդեմ հասարակության: Այս երևույթը մեզանում աննորմալ չափերով դրսևորվեց 44-օրյա պատերազմի օրերին «հաղթում ենք» (կամ ավելի ուշ՝ «հաղթելու ենք») ֆեյսբուքյան հեշթեգի տեսքով: Դրա մասին բազմիցս է գրվել թե՛ տողերիս հեղինակի և թե՛ այլոց կողմից:

Կապիտուլյացիոն պարտությունը որպես հաղթանակ դիտարկող և դրանով հպարտացող վարչապետի կողմից սուտ խոսելու պրակտիկան չդադարեց նույնիսկ այն ժամանակ, երբ լրագրողները բռնացնում էին նրան դրա վրա: Նրա պատասխանը խիստ մանկամիտ էր՝ «ես նման բա՞ն եմ ասել» կամ էլ «չեմ հիշում, որ նման բան ասած լինեմ»: Ինչևէ, սուտ խոսելը պետք է մի օր էլ ինստիտուցիոնալիզացվեր, ինչը երկար չսպասեցրեց իրեն: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սուտ խոսքը պետք է հիմնավորվեր պետական կառույցների կողմից, որոնց ղեկավարությանը հսկայական (հայաստանյան մասշաբներով) «աշխատավարձ+պարգևավճար» էր բաժանվում: Նրանց անհրաժեշտ էր իրենց աշխատանքով արդարացնել պետբյուջեի՝ իրենց վրա ծախսված միջոցները: Իսկ արդարացնելն էլ տեղի էր ունենում ոչ միայն զուտ տեքստային հիմնավորումներով, այլև պրակտիկ գործողություններով: Ինչի համար քարոզարշավի շեմին արդեն մշակվել էր ընտրակաշառքի վերաբերյալ հակաժողովրդավարական օրենսդրական փաթեթը: Չնայած կյանքը ցույց տվեց, որ այն կիսատ էր. դրա մասին վերջում:

Ինչևէ, քարոզարշավի ողջ ժամանակաշրջանում ընդդիմության կողմից իբրև թե համատարած բաժանվող ընտրակաշառքի թեման դարձավ գլխավորը: Երևի 20 տարում այդ դրույթով շատ ավելի քիչ քրեական գործ է հարուցվել, քանի վերջին կես տարում: Դա մեծ կեղծիքն էր, իսկ անընդհատ հարուցվող քրգործերի հոսքը՝ մեծ կեղծիքի կրկնությունը: Արդյունքում, լուծվում էր մի քանի հարց. իշխանությունը կազմալուծում էր ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի նախընտրական գործունեությունը: Սկզբում հարվածն ուղղված էր «Ուժեղ Հայաստան» դաշինքին, այնուհետև «Հայաստան» դաշինքին և վերջապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Միաժամանակ, զանգվածային գիտակցության մեջ ձևավորում էր այն կարծրատիպը, թե ընտրակաշառքը բաժանվում է հենց երեք հարուստ կուսակցանապետերի անձնական միջոցներից: Ու որպեսզի մեղադրանքները հիմնավորված լինեին՝ տարբեր հեռախոսային խոսակցություններից մոնտաժված կամ ենթադրաբար նաև արհեստական բանականության կողմից ստեղծված ձայնագրություններ էին տարածվում, ինչը նախկինում չլսված բան էր: Քանի որ այն նախաքնության գաղտնիքի մաս կազմող տեղեկատվություն է:

Իսկ ի՞նչ էր մնում հասարակությանը՝ եթե ոչ հավատալու քննչականի ներկայացրած ձայնագրություններին: Նույնիսկ հանրության գրագետ այն հատվածին, որ գործի բերումով չէր կարող հարել ընդդիմությանը: Կամ իրեն թվում էր, թե ինքը ո՛չ իշխանություն է և ո՛չ էլ ընդդիմություն, այլ երկուսից վերև կանգնած էլիտային խումբ: Նրան մնում էր հավատալ կաշառք բաժանելու վերաբերյալ ձայնագրություններին: Ու դրանով ապահովել ապօրինի ձերբակալությունների լեգիտիմությունը: Ինչն էլ բերելու էր իշխանության հեղինակության՝ եթե ոչ բարձրացմանը, ապա գոնե նրա գործողություններն արդարացնելուն՝ «բա ուրիշ ի՞նչ աներ իշխանությունը» մտայնությամբ: Զարմանալիորեն, ինքն իրեն սուպեր գրագետ ու սուպեր խելացի համարող այդ խմբի անդամներն իրենց չեն հարցնում, թե ինչու է ընդդիմությունն անընդհատ ընտրակաշառքներ բաժանում: Փաստորեն ստացվում է, որ հավաքական ընդդիմությունն այնքան անմեղսունակ է, որ շարունակում էր կաշառք բաժանել այն բանից հետո, երբ սկսվեցին ձերբակալությունները: Եվ նույնիսկ կաշառք է բաժանել քվեարկությունից հետո՝ վերջին 6 հոգու նկատմամբ քրվարույթի հարուցումը որպես դրա վկայություն: Որովհետև եթե այն ավելի շուտ «տեղի ունենար» ու դրա մասին «իմանային» ավելի շուտ, ապա վարույթը կհարուցվեր անմիջապես՝ նախքան քվեարկությունը:

Իսկ իշխանության բաժանած կաշառքը՝ թոշակի բարձրացումն ու առողջապահության անվճար ապահովագրություն տրամադրելը «65+» տարիքի անձանց, նույն այդ խմբակի կողմից չընկալվեց որպես ընտրակաշառք: Այսինքն՝ քրեորոն պատժելի գործողություն՝ իրականացված գործող իշխանության կողմից: Այն ընկալվեց որպես «քաղաքական խորամանկություն» կամ, այսպես ասած, բարոյական արդարության խնդիր՝ «դե, իշխանություն է, կարող է նաև սխալվել» բնույթի արդարացմամբ: Այնինչ, դա «իշխանությունն իրավունք ունի անելու այն, ինչ թույլատրված է օրենքով» սկզբունքի խախտում է, քանի որ ո՛չ թոշակի բարձրացումը և ո՛չ էլ առողջապահության անվճար սպասարկումը ամրագրված չեն 2026 թվականի պետբյուջեում: Ինչը, բնականաբար, ունի օրենքի կարգավիճակ: Ստացվում է, նախ, որ օրենք խախտելը «քաղաքական խորամանկություն» կոչված երևույթ է: Եվ երկրորդ, մասնավորի կողմից իր անձնական միջոցների հաշվին բարեգործությունն ընտրակաշառք է, իսկ պետբյուջեի միջոցներից կատարվածը՝ ... դե, մի բան չի... Իսկ իշխող քաղաքական ուժի կուսակցական հիմնադրամի գործունեությունը նախընտրական ժամանակաշրջանում՝ մաքուր բարեգործություն:

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է որոշվել վերը նշված՝ կիսատն ուղղելու ուղղությամբ: Մի կերպ պահելով իշխանությունը՝ վարչապետի աթոռին ինքնասոսնձված անձը որոշեց ապահովագրել իր իշխանությունը հաջորդ ընտրությունների առումով: Հիմնվելով հենց իրենց գեներացրած մեծ ստի վրա՝ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ «միջնորդելով՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»: Այսինքն, գեներացնելով հերթական ստերը և մեղադրելով ընդդիմությանը ընտրակաշառք բաժանելու կամ նմանատիպ այլ հանցանքների մեջ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին արգելել ԱԺ ընտրոություններին մասնակցելը: Ինչն արդեն կլինի 100 տոկոսանոց մոլդովական սցենարը, որ կյանքի կոչվեց նախորդ տարի և ջերմ ընդունելության արժանացավ Եվրամիության կողմից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image