Այլ

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան

«Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։

Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագա կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդյունքից է կախված՝ կշարունակի՞ ինքը ևս հինգ տարի միանձնյա ղեկավարել երկիրը, թե՞ կենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանադրությունն ու հարյուրավոր օրենքներ խախտելու համար։ Գիտակցելով, որ սա պայքար է սեփական գոյատևման համար՝ Փաշինյանը օգտագործեց իր տրամադրության տակ եղած բոլոր օրինական և անօրինական միջոցները՝ վերընտրվելու և բանտարկությունից խուսափելու համար։ Ընտրակեղծիքներն սկսվել էին դեռևս քվեարկության օրվանից շատ առաջ։ Ընտրություններին նախորդող ամիսներին կիրառված մի շարք դրակոնյան միջոցառումների շրջանակներում Փաշինյանը հրամայեց ձերբակալել ընդդիմության հարյուրավոր կողմնակիցների՝ նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։ Այդուհանդերձ, ձերբակալվածներից ոչ մեկը մինչ այժմ չի դատվել կամ մեղավոր չի ճանաչվել։ Ավելին, առանց որևէ իրավական հիմքի, նա հրամայեց ձերբակալել ընդդիմության մի քանի պատգամավորության թեկնածուների՝ նպատակ ունենալով տապալել նրանց նախընտրական քարոզարշավը և վախեցնել նրանց կողմնակիցներին։

Փաշինյանը նաև խախտեց օրենսդրական պահանջը, ըստ որի՝ խորհրդարանի պատգամավորության թեկնածուին ձերբակալելու համար անհրաժեշտ էր նախապես ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։ Բացի այդ, նա արգելեց ընդդիմադիր առաջնորդներ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Նարեկ Կարապետյանին կարճատև ուղևորություններով լքել երկիրը՝ կրկին առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջվող համաձայնության։ Փաշինյանը հրամայեց ձերբակալել հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին հենց այն օրը, երբ վերջինս հայտնեց իր աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն։ Ամիսներ շարունակ նախնական կալանքի վայրում՝ ծանր պայմաններում գտնվելուց հետո, Կարապետյանը տեղափոխվեց տնային կալանքի։ Այս քայլով Փաշինյանը փաստացի զրկեց քաղաքական խոշոր ընդդիմախոսին ընտրություններից առաջ իր կուսակցության օգտին քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից։ Ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում Փաշինյանը շրջեց ողջ երկրով՝ իր քաղաքական քարոզարշավի համար անօրինաբար օգտագործելով պետական հսկայական ռեսուրսները։ Նրան ուղեկցում էին կառավարության նախարարներ և խորհրդարանի ղեկավարներ, որոնք չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքերը՝ առանց արձակուրդ գնալու։ Հակառակ ընտրական օրենսդրությանը՝ կառավարությունը հարյուրավոր դպրոցականների և ուսուցիչների ստիպեց դասաժամերին մասնակցել Փաշինյանի քարոզարշավի հանրահավաքներին՝ զանգվածային հանրային աջակցության պատրանք ստեղծելու նպատակով։ Նման պարտադիր ներկայության ենթարկվեցին նաև պետական աշխատողները։ Ընտրողների ցուցակների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր 2.5 միլիոն գրանցված ընտրողների մասին՝ առավելագույնը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում։ Այս ցուցակներում ներառված էին մեծ թվով 18 տարեկանից փոքր երեխաներ և հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ արտագաղթել էին, սակայն նրանց անունները շարունակում էին մնալ ընտրողների ցուցակներում։ Այս անհամապատասխանությունը լայն հնարավորություն էր ստեղծում ընտրակեղծիքների համար, քանի որ կառավարությունը կարող էր քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն։ Արդարև, մի շարք ընտրողներ, ժամանելով ընտրատեղամասեր, պարզել էին, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է։ Լրացուցիչ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, երբ իշխանությունները մեծ թվով զինվորների բերեցին ընտրատեղամասեր և հրահանգեցին նրանց քվեարկել վարչապետի կուսակցության օգտին։

Այս զինվորները բազմակի քվեարկություն իրականացրեցին՝ տեղաշարժվելով մի քանի ընտրատեղամասերով՝ մարտավարություն, որը հայտնի է որպես «կարուսելային քվեարկություն»։ Իշխանությունները խոչընդոտներ ստեղծեցին նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արտերկրից հատուկ եկել էին քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Ժամանելուն պես նրանցից շատերին անմիջապես ուղարկեցին 25-օրյա զինվորական հավաքների՝ այդպիսով զրկելով նրանց ընտրական իրավունքից։ Զարմանալիորեն, հունիսի 7-ին, դեռևս քվեարկության արդյունքների փոքր մասը հաշվելուց հետո, Փաշինյանը շտապեց հայտարարել, թե իր կուսակցությունը ստացել է մեծամասնություն՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ իրեն հաղթող հռչակելու համար։ Հունիսի 8-ի նախնական հաշվարկից հետո լուրջ անհամապատասխանություններ ի հայտ եկան ընտրատեղամասերում արձանագրված ձայների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընդհանուր թվերի միջև։ Ընդդիմադիր կուսակցությունների օգտին տրված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ձայներ պակաս էին հաշվարկվել։ Բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները մերժեցին արդյունքները՝ դրանք որակելով կեղծված, և պահանջեցին նոր ընտրություններ ու դիմեցին Սահմանադրական դատարան։

Սակայն նոր ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կբերեին նույն արդյունքը՝ կիրառված նույն կեղծ մեթոդների պատճառով։ Ավելին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները նշանակվել են Փաշինյանի խորհրդարանական գործընկերների կողմից, ինչն արդյունքների չեղարկումը գրեթե անհնարին է դարձնում։ Հունիսի 14-ին՝ ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վերջնական արդյունքները։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս բազմաթիվ չհաշվարկված ձայներ, Հանձնաժողովը պնդեց, որ կուսակցությանը մի քանի ձայն է պակասել 4%-ի շեմը հաղթահարելու համար։ Արդյունքում հայտարարվեց, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.75%-ը՝ ապահովելով 64 խորհրդարանական մանդատ, «Հզոր Հայաստան» կուսակցությունը՝ 23.27%՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան դաշինքը»՝ 9.9%՝ 12 մանդատ։ Փաշինյանի կուսակցությունը ապահովեց խորհրդարանի մանդատների մոտ 60%-ը, չնայած ստացված հանրային ձայների միայն 49%-ին, քանի որ մնացած 15 կուսակցությունները չհաղթահարեցին 4%-ի շեմը, և նրանց ձայները վերաբաշխվեցին՝ հիմնականում ի նպաստ Փաշինյանի կուսակցության։ Այնուամենայնիվ, Փաշինյանի կուսակցությանը չհաջողվեց ապահովել անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի պահանջած նոր Սահմանադրությունն ընդունելու համար։ Հետևաբար, Ադրբեջանը կհրաժարվի ստորագրել Փաշինյանի կողմից լայնորեն գովաբանված Խաղաղության պայմանագիրը։

Այս արդյունքը Փաշինյանին դնում է խիստ անհարմար դրության մեջ, քանի որ նա քարոզարշավ էր վարում խաղաղության խոստման հիման վրա՝ միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով «պատերազմի կուսակցություններ» լինելու մեջ։ Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում ծավալվել են լայնածավալ քննարկումներ այն մասին, թե արդյոք ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերցնեն իրենց մանդատները կեղծված խորհրդարանում, թե՞ հրաժարվեն դրանցից և բոյկոտեն։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Առաջիկայում նրանք կհայտարարեն իրենց որոշման մասին։ Անկախ նրանից, թե ընդդիմադիր կուսակցությունները կորոշեն վերցնել մանդատները, թե ոչ, նրանք պետք է ձեռնարկեն հետևյալ երկու կարևոր քայլերը․ 1․ Միավորել բոլոր ընդդիմադիր ուժերին և համատեղ կոչ անել հարյուր հազարավոր հայերի՝ ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի մինչև Փաշինյանի հրաժարականը։ 2․ Ձևավորել «ստվերային կաբինետ»՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին նշանակելով ոչ պաշտոնական նախարարական պաշտոններում։ Այս կառույցը կղեկավարի Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացը և կնախապատրաստի իշխանության սահուն փոխանցումը նրա հեռացումից հետո։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image