Քաղաքականություն

Հեղաշրջում-2, կամ` կարդացեք CIVIC

Հեղաշրջում-2, կամ` կարդացեք CIVIC

Պարոն Ալեն Սիմոնյան, Դուք լսե՞լ եք «Հեղաշրջման պլան-2»-ի մասին: Բա եղա՞վ… CIVIC-ում կնեղանան՝ չեք կարդում, չեք հետեւում: Դուք ի պաշտոնե պարտավոր եք կարդալ այդ կայքը, քանզի ՀՀ անվտանգության երաշխավորներից մեկն եք: Սա ի՞նչ բան է, CIVIC-ը Պլան Բ-ն է տեղադրել, իսկ դուք տեղյակ չեք, ինչ-որ հիմար հայտարարություններ եք անում ՀԷՑ-ի մասին՝ աշխատակիցներին կհեռացնե՜նք, տեղեկություններ ունենք, որ նրանց ստիպողաբար են բերելու երթի: Այդ երբվանի՞ց են ՀԷՑ-ի աշխատակիցները դարձել քո աշխատողները, որ սպառնում ես պարգեւավճարները կտրել, արգելել ցույց անել, երթի մասնակցել: Որքանով ինձ հայտնի է՝ ՀԷՑ-ի աշխատակիցները աշխատավարձ ձեր բյուջեից չեն ստանում, դո՛ւք չեք նրանց գործատուն, նրանց տունը պահողը: Ավելին, ՀԷՑ-ի աշխատողները, ՀՀ բոլոր քաղաքացիների նման, իրենց եկամուտներից հարկեր են վճարում, որ կառավարություն ու ԱԺ պահեն, ինչպես նաեւ՝ ԱԺ նախագահ: Այսինքն, պարոն Սիմոնյան, Դուք էլ եք Նիկոլ Փաշինյանի նման մի քիչ հաբրգել: Օրը ցերեկով ձեռքներդ մտցրել եք ՀԷՑ-ի գրպանը, մի բան էլ խոստանում եք մարդկանց առանց աշխատանքի թողնել, սպառնում եք՝ տեսեք, հա՜ա՜ա՜, չմասնակցեք ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին: Դե, իսկ «Հեղաշրջում-2» պլանն ավելի պարզ է, քան «Հեղաշրջում-1»-ը: CIVIC-ն այն տեղադրել է արդեն, բայց Նիկոլ Փաշինյանը, քանի որ «պարականոն» խոսույթի պասի մեջ է, տակավին չի անդրադարձել դրան: Դուք կարող եք առաջինը քողազերծել պլան-2-ը եւ ԱԺ անվտանգության ուժերին ուղարկել ՀԷՑ-ի ղեկավարների հետեւից, որոնք, ըստ Ձեզ, մարդկանց ստիպողաբար են ցույցի հանում: Նիկոլը Ձեզ կպարգեւատրի դրա համար, պարոն Սիմոնյան:

CIVIC-ը գրել է նաեւ, որ ՀԷՑ-ի ղեկավարները ոչ միայն ՀԷՑ-ի աշխատակիցներին են ստիպողաբար ցույցի հանում, այլեւ՝ բազմաթիվ այլ քաղաքացիների, որոնք ՀԷՑ-ի աշխատակից չեն: Այ, օրինակ, մտել են հայտնի լրագրող Էդիկ Անդրեասյանի տուն ու կարգադրել՝ մասնակցել հուլիսի 4-ի երթին: Բա սա հեղաշրջում չի՞, էն էլ՝ մեր Սահմանադրության համար էս ազիզ օրով: Եկան, հասկանում ես, եւ առանց ավելորդ ձեւականությունների պահանջեցին՝ անպայման մասնակցել: Հետո հարեւաններիցս իմացա, որ նրանց տներն էլ են մտել, սպառնացել հոսանքն անջատել, եթե չմասնակցեն հուլիսի 4-ի երթին: Իսկ Դուք ասում եք՝ ՀԷՑ-ի աշխատակիցնե՜ր, բան-մա՜ն…

Իսկ հիմա երկուսիդ եմ դիմում, պարոնայք Նիկոլ Փաշինյան եւ Ալեն Սիմոնյան, լրջացեք, որովհետեւ հուլիսի 4-ի բողոքի երթը ոչ այնքան ՀԷՑ-ի աշխատակիցների երթն է եւ ոչ այնքան երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, որքան ՀՀ քաղաքացիների՝ իրենց ապագայի մասին մտահոգության երթ: Ձեր իշխանությունը վստահություն չի ներշնչում քաղաքացիներին, որ դուք կկարողանաք գլուխ հանել ՀԷՑ-ից, երբ այն, այնուամենայնիվ, անցնի ձեր ձեռքը: Այս տարիների ընթացքում ձեր ձեռքը շատ բան է անցել, որ այսօր կա՛մ քանդված է, կա՛մ ընդհանրապես գոյություն չունի: Ո՞ւր է Քաղավիացիան, ո՞ւր է գյուղնախարարությունը, ո՞ւր է Հայոց բանակը, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են Կիրանցը, Շուռնուխը, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը… Այս ամենը պատահաբար ձեր ձեռքից չե՞ն խլել հենց ձեր անփութության ու անպատասխանատվության պատճառով: Դուք էիք, չէ՞, ՀՀ առաջին իշխանությունները, որ հայկական «սպուտնիկ» թռցրիք տիեզերք: Ո՞ւր է հարկատուներիս փողերով արձակված այդ արբանյակը, կամ ո՞ւր են նրա ուղարկած լուսանկարները: Գրել էիք՝ վերջ, ողորմի արբանյակին, բենզինը վերջացել է, հետ գալ չի կարող: Ասեմ ձեզ՝ շատ լավ տեղ եք գտել՝ հարկատուների փողերը փոշիացնելու համար… Տիեզերք՝ ինչքան փոշիացնեք, այնքան տեղ կա փոշիացնելու:

Արդ, ուրեմն, պարոնայք Փաշինյան եւ Սիմոնյան, մենք՝ հարկատուներս, վստահ չենք, որ դուք կկարողանաք գլուխ հանել ՀԷՑ-ից: Ձեր պատգամավորներից մեկն այն օրը բլթացրեց, թե ՀԷՑ-ը խլում եք Կարապետյանից, որ իբր տաք ժողովրդին: Կարո՞ղ եք ասել, թե ժողովուրդն ինչպես է զգալու, որ իրեն ՀԷՑ եք նվեր տվել: Սա էլ էն վարչապետի պատմությունը չդառնա, որ ասում էիք՝ վարչապետը դու ես, վարչապետը դու ես: Հանկարծ չպարզվի, որ ՀԷՑ-ը Պողոսն է շահել եւ ոչ թե Նիկոլը… Պողոսն էդ հարվածին չի դիմանա: Կարճ ասած՝ ուզում եք տանել ՀԷՑ-ը, ձեզնով անել, բայց գրել Պողոսի վրա: Շատ հետաքրքիր կոմբինացիա եք մտածել: Վերջում էլ, երբ քանդեք ու ավերեք ՀԷՑ-ը, երեւի Պողոսին կմեղադրեք ՀԷՑ-ը փչացնելու մեջ: Դուք ՀԷՑ-ը գցելու եք ձեր ոտքին, պարոնայք, դուք այն պետականացնելու ո՛չ հնարավորություն ունեք, ո՛չ խելք: Եվ սա ես չեմ ասում՝ նախկին վարչապետներ են ասողները, իրավաբաններ, տնտեսագետներ եւ հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնք մասնակցելու են հուլիսի 4-ի երթին:

Ի դեպ՝ այդ երթին մասնակցելու են նաեւ նրանք, որոնք, ինչպես Կարապետյանն ասաց, թքած ունեն ՀԷՑ-ի վրա էլ, ձեզ վրա էլ: Այդ քաղաքացիներն այսօր ավելի մեծ բան ունեն կորցնելու՝ դա իրենց երկիրն է, հայրենիքը, պետությունը, որ պատահաբար հայտնվել է ձեր ճանկերում ու արյունաքամ է լինում: Թուրքի պես ընկել եք երկրի ջանին ու հափռում եք, քանդում, ոչնչացնում, խայտառակում: Այդ ցույցի կամ «Հեղաշրջում-2»-ի մասնակիցների մեծ մասին շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կանեք ՀԷՑ-ի աշխատակիցներին: Սամվել Կարապետյանի ջանը սաղ` կպահի, նոր գործատեղեր կստեղծի, ավելի բարձր աշխատավարձ կտա նրանց: Փոխարենը՝ ցույցի մասնակիցներին մի ուրիշ հարց է հետաքրքրում, պարոնայք Փաշինյան եւ Սիմոնյան, դուք նորմա՞լ եք համարում, որ 2 մեծ հայ բարերարներից մեկն այսօր Բաքվի բանտում է, իսկ մյուսը՝ Երեւանի: Անձամբ ես գալու եմ ցույցի՝ այս հարցի պատասխանը ձեզնից լսելու, եթե, իհարկե, ձեր իշխանությունն Ադրբեջանի իշխանությունների կցորդը չէ եւ չի գործում Բաքվի հրահանգով: Կհանդիպենք Նալբանդյան փողոցում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image