Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը 2026 թվականի հուլիսի 21-ին հանդիպել են Բեռլինում։ Կողմերը քննարկել են էներգետիկ անվտանգությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր: Որպես հանդիպման արդյունք, կողմերի միջև ստորագրվել է գերմանա-ադրբեջանական տնտեսական խորհրդի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը։
«Այսօր, ստորագրելով համատեղ հռչակագիրը, մենք անկյունաքար ենք դնում մեր հարաբերությունների ընդլայնման համար»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ «Հարավային գազային միջանցքով» նավթի և բնական գազի մատակարարումների ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, մասնավորապես Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի առկայության պայմաններում։
«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ էլ ավելի դիվերսիֆիկացնել մեր էներգամատակարարումը»,- հավելել է Մերցը։
Հատկանշական է, որ ադրբեջանական կայքերը գրում են այն մասին, որ սա կարևոր նշանակություն ունեցող հանդիպում էր Եվրոպայի առաջատար երկրներից մեկի ու Ադրբեջանի միջև ու այդ հանդիպումը փաստում է մեկ բան՝ Գերմանիան ճանաչում է Ադրբեջանը որպես միջին գերտերություն, գոնե այդպես է մտածում Մինվալ Ազի-ի փորձագետ Իլգար Վելիզադեն:
Վերջինս նշում է, որ մինչ այս համաձայնագրի ստորագրումը Գերմանիայի ու Ադրբեջանի փոխգործակցությունը սահմանափակվում էր առանձին ոլորտներում, իսկ հիմա խոսք է գնում սերտ համագործակցության մասին գրեթե բոլոր ոլորտներում, ինչը նշանակալից քայլ է առաջ:
«Հիմա համագործակցությունը վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին՝ արդյունաբերություն, անվտանգություն, կրթություն, գիտություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և ներդրումներ: Ի մի բերելով հանդիպման արդյունքներն ու հնչած հայտարարությունները, կարող ենք փաստել մի բան՝ Գերմանիան Ադրբեջանին դիտարկում է ոչ միայն որպես էներգետիկ կարևոր գործընկեր, այլև Հարավային կովկասում որպես ամենակարևոր գործընկեր»,- գրում է Վելիզադեն:
Ադրբեջանցի փորձագետը չի մոռանում շեշտել, այսպես կոչված, Միջին միջանցքի կարևորությունը նաև Գերմանիայի համար, որը Միջին Ասիայի ու Չինաստանի հետ կապվելու համար դիտարկում է հենց Միջին միջանցքը:
Հատկանշական է, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Մերցը հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ: Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ հանուն Եվրամիության Հայաստանի շահերը զոհաբերող Փաշինյանին նույն ԵՄ պաշտոնյաները հարկ են համարում հանդիպել կամ զրուցել հետը իրենց նախաձեռնությամբ միայն Ալիևի հետ հանդիպումներից հետո, ինչը դիվանագիտական շրջանակներում գիտեն ինչի մասին է խոսքը: Չափազանց ու աննախադեպ «ինքիշխան» Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զանգահարում ու տեղեկացնում են, թե ինչ են իրենից սպասում, որպեսզի Հայաստանն օգտագործվի, օրինակ, գերմանա-ադրբեջանական համագործակցությունը կատարյալ գերազանցությամբ կյանքի կոչելու համար:
Այնուամենայնիվ, անդրադառնանք Մերցի ու Փաշինյանի միջև հեռախոսազանգին:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոռնելիուսը այսօր հայտարարել է, որ Մերցն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և իհարկե խաղաղության օրակարգը Ադրբեջանի ու Հայաստանի միջև:
Կոռնելիուսը շեշտել է, որ քննարկումը տարել են այն ուղղությամբ, թե Մերձավոր Արևելքի ու Ուկրաինայի իրավիճակն ինչպես է ազդում Հարավային Կովկասի վրա: Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Մերցը Փաշինյանի հետ քննարկել է հակաիրանական ու հակառուսական քայլերի հետագա բնույթը ու դրանցում ՀՀ իշխանությունների դերակատարումը, կարծում եմ այո, ու երևի թե դրան ականատեսը կլինենք շուտով:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, Մերցի խոսքերը փոխանցել է Կոռնելիուսը․«Գերմանիայի կանցլերը կոչ է արել շարունակել քայլերը խաղաղության հաստատման ուղղությամբ, և շեշտել դրանց կարևորությունը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ»:
Այստեղ հարց է առաջանում, իսկ Մերցը համարձակվե՞լ է Ադրբեջանին նույն կոչն անել ու պահանջել Հայաստանի հետ խաղաղության ուղղությամբ։ Չէ՞ որ այդ Փաշինյանն է, որ Հայաստանի սուվերեն տարածքների հաշվին «խաղաղության օրակարգ» է հրամցնում իր ընտրազանգվածին, իսկ Ալիևը միջազգային մակարդակով առաջ է տանում արդեն Հայաստանի օկուպացիայի՝ ֆաշիստական «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։ Թե Մերցին թվում է, որ հայերին կարելի է անընդհատ զոհել, քանի որ Փաշինյանի նման հլու-հնազանդ գործընկեր ունեն, ով սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է հայկական ցանկացած տարածք ադրբեջանական հայտարարել:
Ինչ խոսք, սև սրտին մխիթարելու համար Կոռնելիուսը խոսել է գերմանա-հայկական փոխհարաբերությունների ուղղությամբ դրական փոփոխությունների մասին: Բայց չգիտես ինչու, Հայաստանի դեպքում ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները միայն հայտարարություններ են մնում՝ լապշա են կախում ՀՀ «հպարտ» քաղաքացիների ականջներից, իսկ հենց ԵՄ-ի տարբեր կառույցների կողմից բռնապետ համարվող Ալիևյան Ադրբեջանի հետ են պայմանագրեր ստորագրում: