Քաղաքականություն

«Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել եւ որեւէ պահանջ չի կատարել»

«Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել եւ որեւէ պահանջ չի կատարել»

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ու նրա ենթականները շարունակում են հիմարի տեղ դնել մեր հասարակությանը: Խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի մասին է: Նիկոլականներից մեկի ասելով, Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել և որևէ պահանջ չի կատարել: Եվ պայմանագրի բոլոր համաձայնեցված կետերն, իբրև թե, երկկողմ համաձայնության արդյունք են: Տվյալ դեպքում հեղինակն ԱԺ ՔՊ-ական խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրն է, բայց վերջինիս անունն այնքան էլ էական չէ, քանի որ նույն խոսքը կրկնվում է նրա բազմաթիվ համակուսակիցների կողմից: 

Եթե իրոք այդպես է, և Նիկոլենք չեն ստում, ապա ինչո՞ւ է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի անունից տարածված հայտարարության մեջ շեշտվում հենց Հայաստանի կողմից Ադրբեջանին ընդառաջ «խիզախ քայլեր» անելը: Իսկ եթե հաշվի ենք առնում գերմանական դիվանագիտական դպրոցի բարձր մակարդակը՝ ձևավորված դեռևս առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի (1815-1898) կողմից, պետք է ընդունենք, որ տիկին Բերբոքն ուղղակի չէր կարող սխալվել: Եվ «խիզախ քայլեր» արել է միայն Հայաստանի ղեկավարությունը, այլապես դա չէր շեշտվի: Ինչը նշանակում է, որ դրանք երկկողմանի չեն եղել: Ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ զիջող կողմ եղել է միայն Հայաստանը: Բայց ասվածն ինքնին չի հերքում այն դրույթը, որ բոլոր համաձայնեցված կետերը կարող էին լինել երկկողմանի համաձայնեցված: Թշնամին Նիկոլին դեմ է տվել ինչ-ինչ պահանջներ, Նիկոլը դրանք կատարել է, ու դրանով էլ դրանք դարձել են երկկողմանի համաձայնեցված:  Ինչպես տեսնում ենք, Նիկոլենց ասածը ձևական առումով ճիշտ է, բովանդակային առումով այն մանիպուլյատիվ է:  

Անցնենք առաջ. Նիկոլենց կողմից անընդհատ կրկնվող երկրորդ թեզն այն է, որ «խաղաղության համաձայնագրի տեքստում չկան կետեր, որոնք վերաբերում են միայն Հայաստանին և չեն վերաբերում Ադրբեջանին»: Այն բովանդակային առումով մոտ է առաջին դրույթին, սակայն ունի նրբերանգային տարբերություն: Բնական է, որ երկկողմանի համաձայնեցված փաստաթղթում դրույթները պետք է վերաբերվեին կողմերից յուրաքանչյուրին: Բայց այդպես կարելի էր ասել, եթե նրանց միջև տեղի ունեցած պատերազմում հաղթող և պարտվող կողմ չի եղել: Մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլյան 4-օրյա մարտերի ընթացքում: Ինչն էլ ռուս ռազմական փորձագետներից մեկին առիթ էր տվել ասելու, որ տեղի է ունեցել մարտական ոչ-ոքի (боевая ничья): 
Դժբախտաբար, այդպես չի եղել 2020 թվականի 44-օրյա պատերազմում: Դեռևս «դուխով» Նիկոլի գլխավոր (կամ գերագույն) հրամանատարությամբ Հայաստանը խայտառակ պարտություն կրեց թշնամական ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից: Ինչից հետո սկսվեցին Հայաստանի և դրա ղեկավարի նկատմամբ ադրբեջանական ստորացումները, սպառնալիքներն ու հոխորտանքները, որոնց պատասխանը  լռությունն էր: Ինչը վկայում է, որ մեզ հրամցվելիք փաստաթղթի տեքստը լինելու է ոչ թե երկկողմանի հավասարակշռված, այլ ադրբեջանական պահանջների միակողմանի արձանագրում: Եթե այդպես չպիտի լինի, ապա որն է 44-օրյա պատերազմում հաղթանակ տարած, Արցախում էթնիկ զտուկ կատարած թշնամու շահը, որպեսզի նման թուղթ ստորագրի: Կամ էլ դեռևս թեկուզ հայտարարի, որ համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցվել են, ու բանակցությունները կարելի է համարել ավարտված:  

Ինչ մնում է համաձայնագրի տեքստի հրապարակմանը, ապա Նիկոլենք, Հովհաննիսյան Արթուրի ասելով, «դեռ պետք է հաղթահարեն որոշակի քաղաքական-դիվանագիտական փուլ, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչեցրած մեկնաբանությունները»: Կարծում եմ, որ խուճուճ այդ նախադասության ներքո թաքնված է Նիկոլի վախը, որ վաղը կամ մյուս օրը Իլհամը կարող է լրացուցիչ պահանջներ ներկայացնել: Ու եթե դրանք ևս ստիպված լինի ներառել այդ թղթի կտորի մեջ, ապա այդ երևույթը թաքցնել չի հաջողվի: Ինչը, բնականաբար, ընդդիմության կողմից կօգտագործվի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, ինչը վարչապետի աթոռից կառչած անձին բացարձակ պետք չէ:  

Վերջում արձանագրեմ էական մի հանգամանք. եթե Հայաստանը մինչ այժմ ոչ մի զիջման չի գնացել, ապա ինչո՞ւ է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասարակությանն անընդհատ վախեցնում պատերազմի սպառնալիքով՝ եթե այդ համաձայնագիրը չստորագրվի: Նույնիսկ չեզոք դիտարկման դեպքում էլ պարզ է, որ դրանում ներկայացված են միայն ադրբեջանական պահանջները: Փաստաթուղթը չստորագրելն էլ կնշանակեր, որ այդ պահանջները չեն կատարվելու: Տրամաբանական չէ նաև, երբ բանակցող կողմերը փոխզիջումային տարբերակներ են մշակում, սակայն դրանցից մեկը սեփական հասարակությանը անընդհատ վախեցնում է պատերազմի վերսկսման վտանգով: Մի խոսքով, եթե մարդ չի անջատում ուղեղը ու չի հավատում Նիկոլի ու նրա ենթակաների ասածներին, ապա պարզ երևում է դրանց խոսքի անտրամաբանությունը: Բայց հաշվի առնելով, որ միջին վիճակագրական հայաստանցին կարող է հալած յուղի տեղ ընդունել իշխանության կողմից ներկայացվածը, ապա իշխանությունն էլ պետք է փորձի հիմարացնել մարդկանց: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image