Մշակույթ

«Կորստի եւ տառապանքի մարդաբանություն». Լեհ գիտնականի անդրադարձն Արցախի խնդրին

«Կորստի եւ տառապանքի մարդաբանություն». Լեհ գիտնականի անդրադարձն Արցախի խնդրին

Լեհաստանի Պոզնան քաղաքից` էթնոլոգիայի եւ մշակութային մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմիչենսկին արդեն մի քանի տարի զբաղվում է Հայաստանի գիտական թեմաներով: Իր վերջին գրքում էլ անդրադարձել է Արցախից տեղահանված ու փախստական դարձած հայերի ճակատագրին:

Գիրքը կոչվում է՝ «Քաղաքային բնակչությունը՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում», ունի նաեւ ենթավերնագիր` «Կորստի եւ տառապանքի մարդաբանություն», ինչն ընդգծում է, որ սա գիրք է մարդկանց անձնական փորձառության մասին եւ ոչ` քաղաքական: 

Սկզբում Ադամ Պոմիչենսկին ներկայացրել է 2020-ի պատերազմի ընթացքում արցախահայության կյանքը՝ ինչ իրավիճակում էին մարդիկ գտնվում, ինչ էր նրանց հետ կատարվում, ապա` նրանց ճակատագիրը պատերազմից հետո:
Հետազոտությունն իրականացվել է 2020-2022-ի միջակայքում, հարցազրույցների միջոցով` միաժամանակ թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի տարբեր մարզերում (Սյունիքում, Գորիսում), որտեղ արդեն 2020-ի պատերազմից հետո շատերը տեղափոխվել էին։ «Շատ մեծ քանակի` 100-ից ավելի հարցազրույցներ ենք արել մարդկանց հետ, որոնք այդ ժամանակ Արցախում էին ապրում: Մեծ մասը մինչեւ 2022-ն է արվել, ուստի դեռ հնարավորություն կար նաեւ Ստեփանակերտում հարցազրույցներ անել»,- ասում է լեհ գիտնականն ու ընդգծում` հետազոտություններն ու հարցազրույցներն իրականացրել են հայ գործընկերների հետ, որոնց թվում առանձնահատուկ ընդգծում է Աղասի Թադեւոսյանի ամունը:

Ադամ Պոմիչենսկին ասում է․ գրքի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ այդ մարդկանց կարեւորությունն ու նրանց անորոշ ճակատագիրը, թե ինչ է լինելու նրանց հետ. «Դրանք սովորական մարդիկ էին, որոնք հայտնվել էին զինված հակամարտությունների կենտրոնում, բայց որոնք ինձ համար սովորական մարդիկ չէին, քանի որ իրենց ուսերին կրում էին ամբողջ պատերազմի ցավն ու ծանրությունը, որովհետեւ այն դիսկուրսը, որ կա Եվրոպայում` կապված արցախյան հարցի հետ, միայն քաղաքական է, եւ սովորական մարդկանց ճակատագրով հետաքրքրություն եւ լուսաբանում չկա: Այսինքն՝ հիմնականում քաղաքական դիսկուրսն է առաջ տարվում, թե ինչ ասաց Փաշինյանը, եւ ինչ արձագանքեց Ալիեւը, ու հակառակը»: 

Հարցազրույցների ընթացքում հետազոտող գիտնականները շատ անձնական հարցեր են տվել, որոնցով հենց պայմանավորված էր, որ դրանց մեծ մասը հոգեբանական առումով շատ ծանր է եղել իրականացնել: Ադամ Պոմիչենսկին մեծ երախտագիտություն է զգում այն մարդկանց հանդեպ, ովքեր իր հետ կիսել են իրենց ցավն ու խոսել դրա մասին: «Շատ ծանր էր դա տեսնել, բայց մարդիկ, որոնք ապրում էին Արցախում, արդեն իրենց մեջ կարծես ունեին պատերազմի այդ սպասումը, ավելին` անգամ սովոր էին այդ ճակատագրին, որ կարող է էլի ինչ-որ բան տեղի ունենալ, որովհետեւ այդ մարդիկ անընդհատ ապրում էին պատերազմի ստվերում: Այսինքն՝ զինված հակամարտությունից թե՛ առաջ, թե՛ ընթացքում եւ թե՛ դրանից հետո նրանք անընդհատ այդ պրոցեսի մեջ էին: Սակայն այդ ուսումնասիրությունների մեջ ինձ համար զարմացնողն ու հետաքրքիրն այն էր, որ 2020-ի պատերազմը միաժամանակ նաեւ անսպասելի էր նրանց համար․ մարդիկ չէին սպասում այդ աստիճանի զինված գործողությունների ու կարծում էին, որ ապրիլյան պատերազմի նման մի քանի օրվա պատերազմ կլինի»:      

Լեհ գիտնականին իրենց կողմից իրականացված այդ բազմաթիվ հարցազրույցներից շատ է տպավորել մի դրվագ, երբ Գորիսի գյուղերից մեկում հանդիպել են այրիացած մի կնոջ հետ. «Նրա ամուսինը մահացել էր 2020-ի պատերազմում, եւ նա մնացել էր միայնակ՝ իր մի քանի փոքրիկների հետ: Ու քանի որ երեխաները շատ փոքր էին, հորը չէին հիշում, եւ մեր ներկայությունն իրենց տանն ուրախացրել էր նրանց, որովհետեւ կարծել էին, թե հայրիկն է վերադարձել...: Այս դրվագը ցույց էր տալիս կարոտի այն մեծ չափը, որ ունեին երեխաներն իրենց հոր հանդեպ, որին չէին հիշում եւ մտածում էին, որ, ահա, նա վերադարձել է տուն: Հոգեբանական տեսանկյունից ինձ համար շատ ծանր էր այդ հարցազրույցն անելը, իսկ հայ հետազոտողների համար` առավել ծանր, որովհետեւ ամեն մի նման հարցազրույցից հետո արցունքներ էինք տեսնում նրանց աչքերում»:

Հենց այս գրքի տպագրությունից հետո է Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը վայնասուն բարձրացրել՝ բողոք ներկայացնելով գրքի դեմ, միաժամանակ նշելով, որ դա Ադրբեջանի ներքին գործն է, Արցախում հայեր չկան, ըստ այդմ` հայերի հետ կապված խնդիր էլ չկա, ուստի պետք է լեհական կառավարությունը եւ Լեհաստանի համալսարանները չֆինանսավորեն նման հետազոտություններ եւ չխառնվեն Ադրբեջանի ներքին գործերին։ «Բարեբախտաբար, Լեհաստանում գիտության գրաքննություն չկա, եւ գիտնականն ազատ է, ու մենք՝ որպես հետազոտողներ, չենք համաձայնում Ադրբեջանի այդ բողոքների հետ, մենք ընդամենն արձանագրում ենք այն իրականությունը, որ կա Հայաստանում, մեր աչքերով գրում ենք դա՝ որպես հետազոտողներ, եւ Ադրբեջանի այդ հակահայ մեծ քարոզը մեզ վրա՝ որպես գիտնականների, ազդեցություն չունի: Նաեւ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր աշխատանքը լինի թափանցիկ, քանի որ կետառկետ կարող ենք հիմնավորել, թե ինչ մեթոդոլոգիա ենք կիրառել մեր հետազոտություններում, ում հետ ենք խոսել, այդ մարդիկ որ թվականից են ապրել իրենց պատմական հայրենիքում, եւ ինչ է եղել նրանց հետ պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Այդ ամենը մենք փաստագրված ունենք: Այսինքն՝ որպես գիտնական, մենք մեզնից ոչինչ չենք ավելացրել, այլ միայն արձանագրել ենք, թե ինչ է եղել»,- ասում է Ադամ Պոմիչենսկին ու ընդգծում, որ ինքը՝ որպես գիտնական, վեր է կանգնած քաղաքական գաղափարախոսությունից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image