«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը իրավական պրոցես է սկսել դեռեւս 12 տարի առաջ պետության կողմից Պարույր Հայրիկյանին 20 միլիոն դրամ տրամադրելու հետ կապված։
Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին Հայրիկյանի դեմ մահափորձն իրականացրել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12:
Պարույր Հայրիկյանի բուժման համար ՀՀ Կառավարությունը տրամադրեց 20.5 մլն դրամ, որով ԱԻՄ առաջնորդը եվրոպական կլինիկաներից մեկում բուժում ստացավ: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով ամեն ինչ պետք է ավարտվեր, սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել էր, որ իր առողջությանը վնաս հասցրած դատապարտյալներից գումար պահանջել: Եւ 2014թ. փետրվարի 27-ին նա հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից պահանջելով բռնագանձել իրեն պատճառված վնասի փոխհատուցում` 42 միլիոն 524 հազար դրամի չափով: Արդյունքում՝ շուրջ երեք տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Այժմ Գլխավոր դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Սամվել Հարությունյանի եւ Պողոսյանի՝ նրանցից հետադարձ՝ համապարտության կարգով պետությանը պատճառված և Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումարը բռնագանձելու պահանջով։
Տարիներ առաջ Հայրիկյանի շահերը դատարանում պաշտպանել է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում անդրադառնալով դատախազության նոր հայցին՝ ասաց․ «Պարույր Հայրիկյանը այդ ժամանակ օրենքով սահմանված կարգով նախագահի թեկնածու էր եւ ուներ նախագահի թեկնածուի իրավունքները եւ պարտականություններ, մահափորձը եղել էր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ։ Այդ պատճառով պետությունը կառավարության նիստով որոշում կայացրեց, որ դրսում վիրահատվի, որովհետեւ ՀՀ-ի բժշկական կոլեգիան որոշում կայացրեց՝ հնարավոր չէ ՀՀ-ի պայմաններում այդ վիրահատությունը կատարել։ Պարալիզացվել էր Հայրիկյանի մի ձեռքը եւ մարմնի որոշ հատված, թեպետ Կարմիր խաչը վերականգնողական բուժումներ նշանակեց, սակայն դրանք չօգնեցին։ Արձանագրեմ, որ իրավաչափ է՝ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու հետ կապված դիմել եւ այդ երրորդ անձանցից ուզել գումար»։
Վաղեմության ժամկետի հարց չկա՞ այստեղ, փաստաբանն ասաց․ «Դա չեմ բարձրաձայնի՝ կա թե չկա, կան համապատասխան փաստաբանները»։