Այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցերով գագաթնաժողովին։ Ըստ ամենայնի՝ հրավերն անձամբ Դոնալդ Թրամփից է․ ասել է՝
-Արի՛, դու խաղաղության կենդանի օրինակ ես։ Աշխարհին պետք է ցույց տանք, թե ինչպես կարելի է հարցերը լուծել առանց մի կրակոց լսելու։ Արցախում հիմա խաղաղությու՜ն է, չէ՞։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես ես հասել խաղաղության, ինչպես ես ժպտում խաղաղ ու հպարտ՝ անխախտ լռության միջից։
Թրամփն, իհարկե, կատակով չի ասում։ Նա գիտի՝ խաղաղությունը երբեմն շատ «էժան» է գալիս․ եթե ժողովուրդ չմնա իր հողում, պատերազմ էլ չի լինի։ Ու հենց այդ փիլիսոփայությամբ էլ Փաշինյանն այժմ մեկնում է՝ ներկայացնելու իր «հայկական մոդելը»՝ պատերազմ չես ունենա, եթե երկիր էլ չմնա կռվելու համար։ Փաշինյանը Գազային խաղաղությամբ անհետանալու դաս է տալու
Գագաթնաժողովում նա, թերևս, կհայտարարի․
-Տղե՛րք, դուք Գազայում ինչո՞ւ եք դեռ կռվում։ Տեսե՛ք, մենք Արցախում մի օրում լուծեցինք ամեն ինչ։ Ոչ բնակչություն կա, ոչ լարվածություն։ Կարճ ասած՝ ոչինչ չկա։ Իսկ որտեղ ոչինչ չկա, այնտեղ լիքն է խաղաղությունը։
Լավ կաներ՝ իր սիրելի քահանային էլ հետը տաներ՝ վերջում «Խաղաղություն ամենեցուն» ասելու համար։ Դա պիտի լինի մեր դիվանագիտության գլխավոր կարգախոսը։
Եվ քանի որ խաղաղության շղթան պետք է շարունակվի, գուցե գագաթնաժողովում Փաշինյանը հավելի, որ հաջորդ կանգառը «Զանգեզուրի միջանցքն» է։ Այնտեղից խաղաղությունը պիտի լցվի Հայաստան՝ մեկ ուղղությամբ՝ արևելքից։
Իսկ Թրամփը՝ իր բնավորությամբ, հավանաբար կհասկանա նրա ասածը որպես հաջողված հումոր։ Կթփթփացնի մեջքին ու կասի՝
Վա՜յ, այս ալբանացի տղեն ո՜նց լավ դաս տվեց։
Հա՛, ի վերջո մենք էլ հպարտանալու բան ունենք․ աշխարհը մեզ նայում է որպես «խաղաղության մոդելի» օրինակ։ Միայն փոքրիկ տարբերություն կա՝ այդ մոդելը կառուցվել է ոչ թե համաձայնության, այլ լռեցման հիման վրա։ Իսկ լռեցումը, ինչպես գիտենք, միշտ էլ հեշտ է դառնում, երբ ձայն հանողն այլևս չկա։