Այն, ինչ անում է Փաշինյանի կառավարությունը Հարավային Կովկասում ուժերի դիսբալանս ստեղծելու ուղղությամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանն այդ ուժերի թիրախ դարձնելու փորձ: Հայաստանն աստիճանաբար եւ սահուն կերպով «խաղաղության խաչմերուկից» կարող է վերածվել «ահաբեկչության խաչմերուկի»: Դա Փաշինյանի եւ նրա խունտայի փրկության ճանապարհն է: Այո, այո, փրկվել՝ հրահրելով անկարգություններ եւ ահաբեկչություններ: Թուրքիան պատրաստ է այդ հարցում եւս աջակցել Փաշինյանին: Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար Թուրքիան իր բանակները չի շարժի դեպի Հայաստան, բայց ահաբեկիչների տարատեսակ խմբավորումների տեղակայումը ՀՀ տարածքում դժվարություն չի ներկայացնում Անկարայի համար:
Այսօր հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայում պատրաստություն անցնող ահաբեկչական խմբերը կարող են Հայաստան «ժամանել» Ադրբեջանի վրայով՝ Փաշինյան-Ալիեւ կամ Փաշինյան-Էրդողան բանավոր համաձայնությունների արդյունքում: Սպասենք մի փոքր էլ, բայց պատրաստ լինենք Հայաստանում ռուսական բազաների, սահմանապահ ուղեկալների, ռուսական եկեղեցիների, ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունների, ՌԴ դիվանագիտական հաստատությունների դեմ հնարավոր ահաբեկչություններին ու Ռուսաստանի անխուսափելի պատասխաններին: Չեչնիան, Կրասնոդարի երկրամասը, Դաղստանը շատ էլ հեռու չեն Հայաստանից: Նշված տեղերում տարբեր տարիներին տեղի ունեցած ահաբեկչությունների հետքերը միշտ էլ տարել են Թուրքիա: Նպատակը նույնն է՝ Ռուսաստանին հեռացնել Կովկասից: Արցախի դեմ 44-օրյա ահաբեկչությունը եւս տեղավորվում է այդ համատեքստում: Արցախի Հանրապետությունը պատվար էր ահաբեկչական զենքի եւ ահաբեկչական խմբավորումների՝ դեպի Հայաստան տեղաշարժի դեմ: Այսօր այդ պատվարը չկա, եւ դրանում իր անուրանալի ներդրումն ունի մեր ոչ բարով վարչապետը:
Իհարկե, Աստված տա՝ սխալվեմ, եւ Հայաստանը երբեք չվերածվի ահաբեկչության որջի: Բայց ես շատ էլ վստահ չեմ դրանում: ԱԺ-ում ծավալված լսումները՝ Հայաստանի եվրաինտեգրման եւ ԵՄ անդամակցության հարցերի շուրջ, ավելի են խտացնում գույները: Գիտե՞ք, ԵՄ-ին շատ երկրներ են անդամակցել, շատերն են անցել անդամակցության համար նախատեսված դժվարին ճանապարհով եւ այսօր ԵՄ ընտանիքին միանալու իրենց հերթին են սպասում, բայց ոչ մի երկիր դա չի արել իր դաշնակիցների դեմ դեմարշներով, իր ռազմավարական գործընկերոջն աքացիներ տալով, թքելով, մրելով, հայհոյելով: Փաշինյանի կառավարությունն այս առումով եզակի գտնվեց: Իսկ թե ովքեր էին կազմակերպել այդ լսումները, թույլ տվեք անուններով չնշել եւ սահմանափակվել ընդամենը մեկ արձանագրումով՝ Փաշինյանի հետ կլոր սեղանների շուրջ ստեպ-ստեպ հավաքվող թուրքական եւ պրոթուրքական ագենտուրան, որ հստակ առաջադրանք ունի՝ գլուխ բերել Ռուսաստանի դեմ «գաղափարական» ահաբեկչությունը:
Կուզենայի երկու խոսք էլ Ռուսաստանի հնարավոր պատասխանի մասին ասել․ ռուսները չվախեցան Սեւաստոպոլի վրա անմարդկային հարձակումը դարձնել ռուս-ամերիկյան առճակատման թեմա: Մեղադրանքներն ավելի շատ Վաշինգտոնի դեմ ուղղվեցին եւ ոչ Կիեւի, որովհետեւ օգտագործված զենքն ու զինամթերքը հենց ամերիկյան էին, եւ ավելին՝ դրանց կառավարումը կարող էին իրականացնել միայն ու միայն ամերիկացի մասնագետները: Ենթադրում եմ, որ Վաշինգտոն-Կիեւ դաշինքի համար այդ հարձակումը բավականին տխուր հետեւանքներ կունենա: Կիեւը նորանոր տարածքային ու մարդկային կորուստներից չի կարող խուսափել: Չի բացառվում նաեւ, որ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն մնան առանց Խարկովի եւ Կիեւի: Իսկ ահա Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունը հաշված օրերի ընթացքում կխեղդվի արյան մեջ: Դաղստանը, չմոռանանք, Ռուսաստանի միակ ցամաքային սահմանն է Ադրբեջանի հետ եւ կարեւորագույն ուղղություն դեպի Իրան եւ «տաք ջրեր» դուրս գալու համար: Դա նաեւ այն սահմանն է, որ Ռուսաստանին հնարավորություն է տալիս իր վերահսկողության տակ պահել Ադրբեջանն ու վերջինիս խողովակաշարերով գազ արտահանել դեպի Արեւմուտք: Փորձ է արվում Դաղստանը վերածել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ բուֆերային գոտու: Դա կարող է դառնալ Ռուսաստանի հարավկովկասյան ծրագրերի վերջնական տապալման նախերգանքը: Միջուկային գերտերությունը, արդյոք, թույլ կտա՞ իրեն այդպիսի «շռայլություն»: Հազիվ թե: Մյուս կողմից էլ, Մոսկվան այսօր լավ առիթ ունի՝ ծանրութեթեւ անելու Մոսկվա-Անկարա-Բաքու եռանկյունում սկսված վերջին սիրախաղի ողջ պատմությունն ու այդ ընթացքում Հայաստանի թողտվությամբ Արցախի Հանրապետության ահաբեկչական ոչնչացումը: Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը՝ չեմ կարող ասել, բայց որ Հայաստանն ամեն գնով պետք է հեռու պահել այս խառը պատմություններից, միանշանակ է: Դա կարելի է անել միայն ու միայն Փաշինյանի ահաբեկչական խունտան հեռացնելու միջոցով: Ինչպե՞ս… Ամեն գնով: