Հասարակություն

Ինչու էին սիոնիստներն ուսումնասիրում հայ ժողովրդի պատմությունը

Ինչու էին սիոնիստներն ուսումնասիրում հայ ժողովրդի պատմությունը

Հորս՝ Գեւորգ Էմինին, 1970-ին հաջողվել էր 6 ամիս անցկացնել Միացյալ Նահանգներում: Ի թիվս շատերի, այնտեղ նա հանդիպել էր նաեւ սիոնիստական գլխավոր կազմակերպության ղեկավարին եւ զրուցելով նրա հետ հասկացել, որ այդ մարդը հիանալի գիտի … մեր պատմությունը: Երբ Էմինը զարմացած հարցրել է՝ ինչպե՞ս է, որ այդքան լավ գիտեք հայ ժողովրդի պատմությունը, գլխավոր սիոնիստը պատասխանել է. «Մենք ուսումնասիրում ենք հայոց պատմությունը, որպեսզի … չկրկնենք ձեր սխալները»:

Ստիպված ենք համաձայնել, որ ունեցել ենք սխալներ: Այլապես ինչո՞վ բացատրել, որ դարեր առաջ Հայաստանն այնքան հզոր էր, որ նույնիսկ Հռոմեական կայսրությունն էր մեզ հետ հաշվի նստում, իսկ այսօր ծվարել ենք մեր նախկին հայրենիքի այս փոքրիկ մասում: Հայաստանը նաեւ կայսրություն էր եւ ասիմիլացնում էր այլազգիներին, իսկ այսօր հայերին են ուծացնում: Մյուս կողմից, չեմ հասկանում. թե ինչ սխալների մասին է ակնարկել այդ սիոնիստը: Չէ՞ որ, երբ կարդում ես հայ պատմիչների, պատմաբանների, գրողների, այլեւայլ գործիչների գրվածքները, այնտեղ չկա հիշատակություն սխալների մասին: Հաղթանակներ են, ճիշտ է, մեծամասամբ՝ «բարոյական», բայց՝ հաղթանակներ: Նաեւ՝  դավաճանություններ, որոնք դարձել են մեր անհաջողությունների պատճառը: Մինչդեռ, ինչպես Գեւորգ Էմինն էր պնդում, որը շատ բանիմաց մարդ էր, մյուս ժողովուրդներն ունեցել են ոչ պակաս թվով դավաճաններ, քան՝ հայերը:  
Կուզենայի, որ մենք եւս ծանոթանայինք սիոնիստների կողմից գրված իրական հայոց պատմությանը, որպեսզի չկրկնենք մեր սխալները: Չէ՞ որ պատմագիտության նպատակն ու իմաստը նաեւ դա է: Վերլուծել, բացահայտել անցյալի սխալները, որպեսզի դրանք չկրկնվեն:   

Այսօր դժվար է ճշգրիտ պարզել, թե ինչն ինչպես է եղել, քանի որ հին Հայաստանում չկային լրատվամիջոցներ: Բայց ենթադրում եմ, որ մեր առաջնորդները մեզ տարել են սխալ ուղով: Դրա ապացույցը հայ ժողովրդի այսօրվա վիճակն է: Այն ժողովրդի, որը դեռ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, ինչպես հայրս էր ասում, տարածաշրջանի շատ ժողովուրդների համեմատ ուներ ֆինանսական եւ մտավոր ավելի մեծ ներուժ եւ շատերից ավելի մեծաքանակ էր: 
Հայաստանի երրորդ հանրապետության 34 տարվա կյանքն անցել է մեր աչքերի առջեւ, եւ մենք վկաներն ենք այն ամենի, ինչն արել են մեր առաջնորդները: Բայց չկան թույլ տրված սխալների վերլուծություններ: Մի կողմից, լուտանքներ են մրցակիցների հասցեին, մյուս կողմից՝ պատումներ սեփական հաղթանակների ու ձեռքբերումների մասին: Նույնիսկ պատերազմում մեր կրած պարտության պատճառներն են հայերի համար համարվել պետական գաղտնիք եւ արդեն իսկ սկսել են խոսել այն մասին, որ սխալներ չեն եղել: Շուտով, երեւի, կսկսեն ասել, որ մենք տարել ենք բարոյական հաղթանակ: Որ 120 հազար արցախցիների դեպորտացիան հենց հաղթանակի վկայությունն է: Մինչդեռ մեզ համար գործող պետական գաղտնիքն ամենեւին էլ հանելուկ չէ աշխարհի համար: Այնտեղ արդեն ամեն ինչ վերլուծել են, չեն կրկնում մեր սխալները, եւ 44-օրյա պատերազմի փորձը կիրառվել է հետագա բոլոր հակամարտություններում: Մասնավորապես, լայնորեն սկսել են օգտագործել դրոններ, որոնք այսօր ունեն վճռորոշ դերակատարում: 

Ի դեպ, ըստ լրատվամիջոցների, մինչ պատերազմը Իսրայելը մեր իշխանություններին առաջարկել էր գնել իր արտադրած ԱԹՍ-ները, որոնք աշխարհում համարվում են լավագույններից: Բայց ստացել էր մերժում, թե մենք ունենք հուսալի հակաօդային պաշտպանություն, մեզ պետք չեն այդ խաղալիքները: Իսկ Ադրբեջանը չէր մերժել եւ շահել էր: 
Հասկանում եմ մեր հին պատմիչներին, որոնց կյանքը կախված էր թագավորներից, ֆեոդալներից, եկեղեցուց: Հասկանում եմ նաեւ այսօրվա մեր պատմաբաններին, որոնց ֆինանսավորումը եւ բարեկեցությունը կախված են երկրի տերերից, կուսակցապետերից, տարբեր հիմնադրամներից: Այդ պատճառով էլ ցանկանում եմ ծանոթանալ սիոնիստների կողմից գրված մեր իրական եւ անաչառ պատմությանը, որն օգնեց հրեաներին՝ զերծ մնալ հայերի սխալներից: Օգնեց իրականացնել իրական հրաշք: Այն է՝ ստանալով բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված, բանակից, արդյունաբերությունից, գիտությունից, նորմալ գյուղատնտեսությունից եւ ենթակառուցվածքներից, ջրից, հանքերից զուրկ հետամնաց մի տարածք՝ ստեղծել առաջադեմ արդյունաբերություն, ստեղծել նույնիսկ ծովի ջուրն օգտագործող՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող գյուղատնտեսություն, ստեղծել նախանձելի գիտություն եւ հզոր զինված ուժեր ունեցող Իսրայել պետությունը: 

Բանակը, որտեղ ապահով ծառայում են նույնիսկ աղջիկները, չնայած փոքրաթիվ է՝ համեմատած հակառակորդների բանակների հետ, սակայն հաղթանակներ է տոնել բոլոր պատերազմներում: Հեռանկարում էլ պատրաստվում է խեղճացնել Երուսաղեմը «վերադարձնել» սպառնացող Էրդողանին (ի դեպ, Սիրիայի տարածքում Թուրքիայի զինուժն արդեն իսկ 2 անգամ խուսափել է մարտի բռնվել իսրայելցիների հետ): 

Մինչդեռ մենք, Սովետական Հայաստանից ժառանգելով հզոր արդյունաբերություն, լավ գյուղատնտեսություն եւ գիտություն, հարուստ հանքեր եւ ջրային պաշարներ ունեցող երկիր, երեք տասնամյակի ընթացքում հաջողացրինք ոչնչացնել մեր արդյունաբերությունը, փչացնել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի 46 տոկոսը, ցամաքեցնել Արարատյան դաշտավայրի ընդերքում գտնվող խմելու ջրի ստորգետնյա ծովը, որը բնությունը ստեղծել էր հազարամյակների ընթացքում: Հաջողացրինք այնքան աղտոտել Սեւանը՝ միաժամանակ ոչնչացնելով ժամանակին լիճը մաքրելու նպատակով այնտեղ բնակեցված խեցգետիններին ու ձկներին, որ ջուրը ծածկվեց կապտականաչ ջրիմուռներով ու դարձավ թունավոր: Փչացրինք նաեւ գետերը՝ կառուցելով շատ ՓՀԷԿ-ներ: Բացի այդ, պարտվելով պատերազմում՝ խեղճացանք ու դարձանք հակառակորդի քմահաճույքի եւ պարտադրանքի առարկա:

Գրիգոր Էմին-Տերյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image