Նախ մի այսպիսի հուշաթերթիկ ՔՊ-ին: Սրանից հետո, երբ Նիկոլը Մոսկվայից վերադառնա, աշխատեք ձեր հույզերը զսպել եւ ուրիշներին Կրեմլի ագենտ չանվանել: Անձամբ ես վերջին անգամ Մոսկվայում 2005-ին եմ եղել, երբ Նիկոլն ընդամենը 30-ամյա պատանի էր ու Մոսկվայի տեղն էլ չգիտեր: Բայց վերջին 6 տարում նա այնքան գնաց Մոսկվա ու ողջ-առողջ վերադարձավ, որ դա սկսեց կասկածներ հարուցել լայն հասարակության մեջ: Մի բան էլ անի Մոսկվայում՝ կասեմ հա: Ճվճվալով գնում՝ կուռկուռի ձագի պես հետ է գալիս: Ամոթ էլ է ասելը, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ ամեն անգամ Մոսկվայում նրա թուլացած «գայկեքը» ձգում, հետ են ուղարկում: Եվ այս իրավիճակում դուք ի՞նձ եք Մոսկվայի ագենտ անվանում: Կամ Ալեն Սիմոնյա՞նն ինչ պակաս Կրեմլի ագենտ է: Մոսկվայից այնպիսի վերահսկողության տակ է, որ նույնիսկ արտաքնոցում չի կարողանում հակառուսական որեւէ ելույթ ունենալ:
Զախարովան՝ մի կողմից, Մատվիենկոն՝ մյուս կողմից, Լավրովն ու Պեսկովն էլ մի երրորդ կողմից այնպես են գրոհում Ալենի վրա, ասես Կուրսկի ճակատամարտն է: Արարատ Միրզոյանը թույլ չի տա ինձ ստել, բայց Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի կարգի ագենտներին «կրկնակի ագենտ» են ասում: Ամբողջ զավեշտն այն է, որ Ռուսաստանը նրանց ներդնում է Արեւմուտքում, իսկ Արեւմուտքն արդեն գիտի, որ նրանք ռուսական ագենտ են: Եվ ռուսներն ինչքան ուժ ունեն, ամենաբարձր մակարդակներում «քֆրտում» են Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին՝ հույս ունենալով, որ Արեւմուտքում մի օր կհամոզվեն, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը Մոսկվայի ագենտ չեն: Նիկոլ Փաշինյանի մասով վիճակն ավելի ծանր է: Այսինքն՝ Արեւմուտքի կասկածներն ավելի խորն են: Իսկ մեղավորն այս դեպքում արդեն Նիկոլն է: Արեւմուտքը նրան նույնականացրել է ոչ միայն Մոսկվայի ագենտի, այլեւ ադրբեջանաթուրքական ագենտի կարգավիճակում: Շտիռլիցիս խելքին աշեցեք՝ ինքն Ալիեւից ու Էրդողանից ավելի բռնապետ է, բայց Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է հռչակել:
Գողը, երբ հայ-հայ է՝ պետք է բռնվի գողության վայրում, առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին, ու ցույց է տալիս, թե դեպի ուր, իբր, փախավ երեւակայական գողը: Նույնը հիմա ՔՊ-ն է, Նիկոլը եւ Ալենն են անում, գոռում են՝ բռնեք Կրեմլի ագենտներին, նրանք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա: Ում ասես՝ Կրեմլի ագենտ չանվանեցին, իսկ Կրեմլը՝ բեխաբար: Մի խոսքով, ով իրենց հետ չի, Կրեմլի ագենտ ա: Բայց հետաքրքիր է՝ Նիկոլն ի՞նչ կասի, եթե ես էլ զայրանամ ու իրեն անվանեմ «թուրքի լամուկ»: Մի անգամ կարծես ասաց, որ ինքը «թուրք» բառից չի վիրավորվում: «Թուրքի լամուկ» արտահայտությունից, ինձ թվում է, նա կբորբոքվի, իրեն պատեպատ կտա, կհերքի, մամուլի ասուլիս կհրավիրի եւ կհայտարարի՝ բռնեք թուրքի լամուկին: Մենք ակամա կնայենք նրա ձեռքի ցույց տված ուղղությամբ ու այնտեղ կտեսնենք Լեւոն Շիրիմյանին, Արման Բարբաջանյանին, Ստյոպիկ Ճպլ-Սաֆարյանին, Արթուր Քա… ներողություն, Սաքունցին, Տիգրան Խզմզյանին եւ շատ ուրիշների: Ահա ձեզ «թուրքի լամուկներ», ինչքան ուզում եք՝ «քֆրտեք», բայց Նիկոլի հասցեին նման բաներ մի ասեք, որ Արեւմուտքը նրա մասին «սխալ» պատկերացում չկազմի:
Մեր՝ ՀՀ քաղաքացիներիս գործն էլ հեշտ չէ: Մենք այս օրերին կաշվից դուրս ենք գալիս, որպեսզի Արեւմուտքին համոզենք, որ Նիկոլը ոչ մի կերպ չի կարող Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի համաժամանակյա ագենտը լինել: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը համատեղ դիտել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որն իր մեջ լրջագույն կոմպրոմատներ է պարունակում մեր սիրելի վարչապետի վերաբերյալ: Անձամբ ես չեմ լսել այդ հարցազրույցը, բայց հիմնավոր կասկածներ ունեմ, որ վերջին օրերի Նիկոլի վարքը մեծապես այդ հարցազրույցի հրապարակել-չհրապարակելով է պայմանավորված: Պուտինն ու Ալիեւը, իմ կարծիքով, Արայիկ Հարությունյանի «բացահայտումների» մասին որոշ ակնարկներ են արել մեր սիրելի վարչապետին, իսկ մեր սիրելի վարչապետն էլ հասկացել է, որ «հոպարներն» իր ամենացավոտ տեղերից են բռնել՝ 44-օրյա պատերազմում կերած բողկերից: Սա չէ՞ արդյոք պատճառը, որ Փաշինյանն այսօր մի առանձին մոլեռանդությամբ է տալիս ու տալիս, տալիս ու զիջում: Ախր ամեն ինչ փուլ կգա, եթե այդ չարաբաստիկ հարցազրույցը հրապարակվի: Պուտինն ու Ալիեւը հիմա մատ են թափ տալիս՝ խելոք հանձնիր այն ամենը, ինչի շուրջ բանավոր պայմանավորվել ես: Եվ հանկարծ չփորձես հրաժարական տալ՝ գլուխդ կթռչի:
Այո, միջազգային հարաբերություններում չի կարելի Նիկոլ լինել: Միջազգային հարաբերություններում դեռ ոչ մեկին չի հաջողվել դիվերսիֆիկացիան եւ մանիպուլյացիան համադրել: Ինչ-որ պահի գործընկերները գլխի են ընկնում, որ մի «շուստրի» տղա ուզում է իրենց ֆռռացնել: Եվ պատժում են այդ տղային՝ ով էլ լինի նա: Մեր դեպքում դա Նիկոլն է, ու մենք ազգովի պետք է այնպես անենք, որ նրան օտարները չպատժեն: Դա մեծ խայտառակություն կլինի մեզ համար: Եվ ահա, եկեղեցով, ժողովրդով, մեծով ու փոքրով դուրս ենք եկել փողոց, որ Նիկոլին «խլենք» օտարների ձեռքից, բերենք տուն ու ինքներս արդար դատուդատաստան անենք՝ մեր դատախազով, մեր ՆԳՆ-ով, մեր ԱԱԾ-ով, մեր քննչականով, մեր հակակոռուպցիոնով, անգամ մեր հարկայինով ու մաքսայինով: Բա հո չե՞նք թողնելու, որ Արեւմուտքը՝ էն կողմից, Պուտինը՝ մյուս կողմից, Էրդողանն ու Ալիեւն էլ մի երրորդ կողմից քաշքշեն, բզկտեն նրա «նուրբ» մարմինն ու հոգին: Մեր ժողովրդի երեւակայությանն էլ, հո գիտեք, ոչինչ չի հասնի: Արդեն սրբազան պայքարի ենք ելել հանուն Նիկոլի: Ու կհաղթենք, եթե Նիկոլը հասկանա, թե սա ինչ պայքար է իր շուրջը: Բագրատ սրբազանն ամենաքաղաքավարի խոսքերով ասում, բացատրում է, ժամանակ է տալիս մտածելու, բայց Նիկոլը «խլացել», չի լսում այդ հորդորները: Բա Նիկոլի հետինները… Սրանք լրիվ անասուն են, անհայրենիք թուրքի լամուկներ: Արա, որ Նիկոլին օտարները դատեն, դուք էլ եք ընկնելու օտարների ձեռքը, Անկարայի բանտերում եք հայտնվելու ու մինչեւ չվերադարձնեք Ադրբեջանի փողերը, որոնք հասցրել եք վերածել առանձնատների ու թանկ ավտոների, չեք ազատվելու: Ո՞վ է գալու ձեր հետեւից, չէ՞ որ Նիկոլն էլ ձեր կողքի խցում կլինի այդ ժամանակ:
ՀԳ. Բագրատ սրբազան ջան, Սուրբ գիրքն ասում է՝ երանի նրանց, ովքեր չեն տեսել, բայց հավատում են… Ի՞նչ կլինի, մի օր ՔՊ-շնիկ որդյակներիդ հավաքիր ու նրանց մեղքերին «բիրիքով» թողություն տուր եւ ասա՝ ով իմ մոլորյալ ոչխարներ, մենք ձեր գործակալական ցանցը չենք տեսել, բայց հավատում ենք, որ այդպիսի բան չկա…