Մշակույթ

Ավելի քիչ տուրիստ, ավելի շատ գնաճ, պակաս անվտանգ երկիր, առավել խիստ հարկային քաղաքականություն

Ավելի քիչ տուրիստ, ավելի շատ գնաճ, պակաս անվտանգ երկիր, առավել խիստ հարկային քաղաքականություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 1.7 մլն զբոսաշրջիկ՝ ավելի քան 127 հազարով պակաս, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Այցելությունների քանակը կրճատվել է մոտ 7.3 տոկոսով:

Թե ինչու է Հայաստանն այս տարի պակաս գրավիչ եղել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, եւ ինչ գործոններ են ազդել դրա վրա, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում մատնանշում է հիմնական գործոններից մեկը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը․ «Ինչպես նաեւ ոչ այնքան բարենպաստ, լարված այս իրավիճակը տարածաշրջանում, դա էլ է իր բացասական ազդեցությունն ունենում։ Բացի այդ, Հայաստանը, ցավոք, մեզ համար կարեւոր շուկա հանդիսացող շատ երկրներում՝ եվրոպական, ամերիկյան, ճապոնական շուկաներում, իրենց իրավասու մարմինների՝ արտգործնախարարությունների կայքերում դեռեւս ներկայացված է կարմիր սահմանագծերով, իսկ դրանով նկատի ունեն, որ Հայաստանը ոչ այնքան անվտանգ երկիր է, ու սա նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում հատկապես կազմակերպված տուրիզմի համար»։

Ոչ պակաս կարեւոր գործոն է այն հանգամանքը, որ շատ դեպքերում անհարկի, բայց զգալիորեն աճել են գները բոլոր ոլորտներում․ «Բացի այն, որ ունենք ընդհանուր գնաճ, որը նաեւ ողջ աշխարհում կա, մեզ մոտ հատկապես որոշ ծառայությունների մասով, որոնք զբոսաշրջային փաթեթի էական մաս են կազմում, զգալիորեն բարձրացել են գները, եւ դրան էլ գումարվել է արտարժույթի նկատմամբ՝ դոլար, եվրո, ռուբլի, մեր դրամի զգալի արժեւորումը՝ մոտ 30 տոկոսով։ Արտարժույթով սա հանգեցրել է՝ հենց ներգնա զբոսաշրջիկների համար, շուրջ 50 տոկոսով ներզբոսաշրջային արդյունքի թանկացման։ Ու նորից եմ ասում՝ շատ դեպքերում մենք գների չհիմնավորված բարձրացում ունենք, ու այս ցուցանիշները մեզ համար պարզապես պետք է հանդիսանան ինդիկատոր, ահազանգ, որ մենք ավելի ողջամիտ գտնվենք եւ պետական, մասնավոր բոլոր սեկտորներով վերանայենք այս քաղաքականությունը։ Ես ուզում եմ շեշտել, որ ոչ մի դեպքում կողմնակից չեմ էժան, մասսայական տուրիզմին, Հայաստանն էժան ու մասսայական տուրիզմի երկիր չէ, մենք պետք է մեր դիրքն ունենանք շուկայում, ունենանք մրցունակ գներ, բայց ո՛չ չհիմնավորված, չափից դուրս բարձր գներ»։

Տուրիստական ընդհանուր փաթեթում ամենաշատը ո՞ր ծառայություններն են թանկացել։ «Հանրային սննդի ծառայությունների գներն են զգալիորեն ավելացել, տրանսպորտային ծառայությունները, որը հիմնականում կապված է վառելիքի հետ։ Հանրային սննդի թանկացումը նաեւ պայմանավորված էր պահանջարկի էական բարձրացմամբ, բայց չափից շատ թանկացնելուց հետո արդեն զգում ենք, որ զբոսաշրջիկների թիվը պակասում է, հետեւաբար՝ պետք է հիմա վերանայենք մեր գները»։

Մ․ Ապրեսյանը նկատում է, որ այս շղթայում թանկացան նաեւ թանգարանների տոմսերի գները․ «Այդ թվում՝ Տաթեւի ճոպանուղին իր գինը բարձրացրեց։ Ու ստացվեց, որ այս անընդհատ գնաճը տպավորություն ստեղծեց, որ կարելի է միանգամից հարստանալ, ու եկեք բոլորս միանգամից թանկացնենք մեր ծառայությունները, միեւնույն է՝ ավելի շատ եկամուտ կունենանք, ու այս միտումն անցած 2 տարիների ընթացքում իներցիայով առաջ էր գնում, բայց արի ու տես, որ այս տարի գնաճն արդեն զգացնել տվեց, ու դրա բացասական ազդեցությունն արդեն զգում ենք»։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստան էր այցելել 1 մլն 665 հազար 658 զբոսաշրջիկ՝ շուրջ 90 տոկոսով ավելի, քան դրանից մեկ տարի առաջ: 2022-ին մեր երկիր ժամանած արտասահմանցիներից 790 հազար 397-ը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Մինչդեռ 2021-ին այդ երկրից ժամանել էր 351 հազար 801 մարդ: Այսինքն՝ մեկամյա կտրվածքով Հայաստան եկած ռուսաստանցիների թիվն ավելացել էր 2.2 անգամ։ Կարո՞ղ ենք ասել, որ ռուս զբոսաշրջիկների աճը պայմանավորված էր ռուս-ուկրաինական պատերազմով։ «Դա իր ազդեցությունը կարող էր ունենալ եւ ուներ, բայց միայն դրանով պայմանավորված չէր, այսինքն՝ Հայաստանը տարբեր պարբերականներով, այդ թվում՝ եվրոպական, արաբական եւ այլ շուկաներում ներկայացվում էր որպես գրավիչ, հետաքրքիր երկրներից մեկը, թեեւ Ռուսաստանից այցելությունները, 2023-ի տվյալներով, ընդհանուր այցելություններում 50 տոկոս էին կազմում, ինչը, իհարկե, իր նշանակությունն ունի, եւ այս նվազման մեջ էլ Ռուսաստանից այցելություններն ունեն նշանակություն, եւ դրանք զգալիորեն նվազել են»։ Թե ինչով է բացատրում ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցելությունների կրճատումը, ասում է․ «Բոլոր վերոնշյալ հանգամանքներով, իսկ ավելի շատ՝ գնային»։

Զբոսաշրջության զարգացմանն աջակցելու ծրագրով 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 1.5 մլրդ դրամ, որից 935 միլիոնն ուղղված է ոլորտի մարքեթինգի եւ խթանման գործընթացին։ Մ․ Ապրեսյանն ասում է՝ եթե համեմատենք այս գումարը մինչեւ 2022-ը ոլորտին տրված հատկացումների հետ, ապա բավականին աճել է, քանի որ մինչ 2022-ը շատ փոքր էր ոլորտին հատկացվող բյուջեն։ «Այդ առումով ես սա առաջընթաց եմ համարում, եւ համեմատության մեջ շատ լավ է ու ողջունելի, բայց եթե համեմատվում ենք այլ երկրների հետ, օրինակ՝ հարեւան Վրաստանի, որոնք շատ ավելի մեծ գումարներ են հատկացնում մարքեթինգի համար՝ քիչ է, բայցեւայնպես, մեզ համար սա զգալի առաջընթաց է»։

Անդրադառնալով Վրաստանի տուրիզմին ու այն հանգամանքին, որ անգամ հայաստանցիները գերադասում են Վրաստանում հանգստանալ, Ապրեսյանը նկատում է․ «Վրաստանը, ի տարբերություն մեզ, հասանելիության խնդիր այդքան չունի, ելք ունի ծով, փակ սահմաններ չունի, հենց միայն սրանով ինքն ունի մեծ առավելություն։ 2-րդ. Վրաստանը մարքեթինգի համար նախատեսված շատ ավելի մեծ բյուջե ունի եւ, ի տարբերություն մեզ, կարմիր սահմանագծերով ներկայացված չէ որպես ոչ անվտանգ երկիր։ Այս առավելություններն ունի Վրաստանը, բացի դրանից, Վրաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, եւ այդ առումով հեշտ է մեքենայով գնալ Վրաստան։ Բացի այս ամենից, հարկային քաղաքականությունը Վրաստանում ավելի բարենպաստ է, եւ այդ իմաստով վրացական զբոսաշրջային արդյունքն այս պահին ավելի մրցունակ է դառնում»։

Հայաստանի զբոսաշրջությունը մրցունակ դարձնելու ուղղությամբ, ըստ զրուցակցիս, մի քանի քայլեր են անհրաժեշտ, նախ՝ դիվանագիտական խողովակներով, պետական, մասնավոր կապերն օգտագործելով այնպես անել, որ վերանայվի կարմիր գծերի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ․ «Հայաստանն ավելի ճիշտ ներկայացվի, որի ուղղությամբ քայլեր տարվում են։ Ինչպես նաեւ՝ ավելի ակտիվ ու նպատակային մարքեթինգ պետք է անել, ավելի բարենպաստ գործարար ներդրումային միջավայր ձեւավորել, այդ թվում՝ հարկային քաղաքականությունը վերանայել։ Մենք նման առաջարկներով հանդես ենք եկել՝ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված, որն ընկալել է մեր այս առաջարկը եւ նախագիծը դրել է շրջանառության մեջ։ Մեծ հույս ունենք, որ կառավարությունը կընդունի դա եւ կներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը։ Մենք մասնավորապես հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն ենք առաջարկել՝ ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառելու վերաբերյալ։ Սա զգալիորեն կմեղմի այս գնաճը, կնպաստի ավելի մրցունակ զբոսաշրջային արդյունք ունենալուն, ինչպես նաեւ՝ կնպաստի կազմակերպված զբոսաշրջությանը։ Սա շատ կարեւոր է զբոսաշրջային քաղաքականության մի շարք կարեւոր խնդիրներ լուծելու համար»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image