Քաղաքականություն

Ի՞նչ ասաց «անծանոթը» Փաշինյանի ականջին

Ի՞նչ ասաց «անծանոթը» Փաշինյանի ականջին

Փաշինյանն ինձ արդեն ստիպում է անհանգստանալ: Արդեն որքան ժամանակ է՝ ո՛չ Ալմա-Աթայի հռչակագրի մասին է խոսում, ո՛չ էլ էն դեղին քարտեզն է ցույց տալիս: Ասում եմ՝ չլինի՞ դա էլ տապալեց: Խոսեց ու խոսեց, ցուցադրեց ու ցուցադրեց, մեկ էլ քըռթ՝ ձայնը կտրեց ու մոռացավ: Քաղաքականության մեջ դրան ասում են՝ դե, «ֆռթոն» էր, անում էր, էլի, կանցնի՝ կանցնի, չի անցնի՝ չի անցնի: Փաստորեն, չանցավ: Ու տեսնես հիմա ի՞նչ նոր բան է մտմտում Փաշինյանը: Ի վերջո, եվրոպաներում այդքան ֆռֆռաց, այդքան մարդ տեսավ. ի՞նչ խորհուրդ տվեցին այդ մարդիկ: Սպասե՞նք քաղաքական կուրսի փոփոխության, թե՞ արձակուրդից հետո նա կրկին ձեռքն է առնելու Ալմա-Աթայի կոտրած տաշտակն ու շարունակելու է թափահարել դեղին քարտեզը, որն այս ընթացքում հասցրել է փոփոխվել ի վնաս մեզ:

Ի դեպ, Ալմա-Աթայի հռչակագրում ոչ մի տեղ գրված չէ, որ ԽՍՀՄ հանրապետությունները ԽՍՀՄ-ից անջատվում են իրենց առկա սահմաններով եւ իրավունք են ստանում իրենց պաշտպանության նախարարություններում ՆԱՏՕ-ի գեներալների ընդունել աշխատանքի: Սա, կարելի է ասել, նոնսենս է հետխորհրդային հանրապետությունների պատմության մեջ: ՆԱՏՕ-ի մասնագետներ, ԵՄ բանակների խորհրդատուներ, ամերիկացի կին զինվորականներ, տարատեսակ միսիոներներ հաճախ են այցելել ԱՊՀ երկրներ, բայց որ աշխատանքի տեղավորվեն տվյալ երկրի ՊՆ-ում՝ չեմ հիշում: Հետաքրքիր է՝ ի՞նչ պաշտոն են տվել՝ Պապիկյանի առաջին տեղակա՞լ, գենշտաբի պետի վերադա՞ս, գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդակա՞ն՝ հատուկ հանձնարարությունների գծով… Իսկ գուցե հենց ԱՄՆ ներկայացուցի՞չ Պապիկյանի ու Նիկոլի գլխին:

Հայկական կողմն այդ հարցը չի պարզաբանում, ինչն առաջացնում է նրա երբեմնի դաշնակիցների՝ Իրանի եւ Ռուսաստանի տարակուսանքը, եթե չասենք՝ զայրույթը: Որքան հասկանում եմ, այդ ամերիկացուն մեր ՊՆ-ում գործի ընդունելով, մենք եւս մեկ քայլ ենք անում դեպի Հայաստանի դեկոմունիզացիա կամ ուկրաինացում, մի բան, որ մեզ պետք չէր այս խառը ժամանակներում: Չմոռանանք, որ հայ-ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել, քանզի խաղաղության պայմանագիր դեռեւս չկա: Ու մեկ էլ՝ ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ է հայտնվում: «Ծիխարի»: Պուտինը, Պեսկովը, Լավրովը, Զախարովան դեռ չե՞ն խելագարվել…

Փաշինյանը կարող է հայտարարել, որ դա իր բացակայությամբ է տեղի ունեցել: Կասի՝ ես ընտանյոք հանդերձ Անգլիայում էի, որ այդպիսի բան տեղի ունեցավ… հեսա տեսեք Պապիկյանին ինչ եմ անելու: Սա լրիվ նրա ոճի մեջ է: Պապիկյանին աշխատանքից կազատի, կմտնի ռուսների աչքն ու հիմա էլ որպես ռուսամետ գործիչ կսկսի վարչապետություն անել: Պապիկյանին նույնիսկ կարող են ձերբակալել՝ ՀՀ սուվերեն տարածքներից զորքը հանելու եւ դրանք Ադրբեջանին տալու համար: Բա հո Նիկոլը չի՞ նստելու Տավուշի գյուղերի ու Սյունիքի համար: Մի քանի հակաարեւմտյան հայտարարություն, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մի փոքր ջերմացում, եւ, խնդրեմ, կրկին Պուտինի հովանոցի տակ ես: Էն ամերիկացին էլ առաջինը կճղի արանքը, բան եմ ասում: Նա մեր արեւի տակ չի դիմանա:

Իսկ ինչո՞ւ ենք կարծում, որ ամերիկացուն ՀՀ ՊՆ-ում գործի ընդունելը տեղի է ունեցել առանց Փաշինյանի գիտության: Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ՄԲ վարչապետի եւ Ալիեւի հետ եռակողմ հանդիպումից, որից հետո ՄԲ վարչապետի հետ երկկողմ հանդիպում էլ տեղի չունեցավ: Խաղաղության պայմանագրի ստորագրումից հինգ պակաս սա իսկական սառը ցնցուղ էր Ալիեւի եւ ողջ Արեւմուտքի համար: Նիկոլն ի՞նքը գլխի ընկավ, որ պետք է հրաժարվել այդ եռակողմ հանդիպումից, թե՞ նրան հուշեցին, որ չի կարելի գնալ նման արկածախնդրության: Այս հարցն է, որ պետք է պարզել: ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, թե ադրբեջանական կողմն է հրաժարվել հանդիպումից, մեղմ ասած, ծիծաղելի է: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը հրաժարվեր, վախենո՞ւմ էր հեծանվորդ Նիկոլից: Չկա նաեւ այս հարցի պատասխանը, հետեւաբար, կարելի է ասել՝ ՀՀ ԱԳՆ-ն ստեց, ուղղակի ստեց եւ գնդակը շատ անհաջող ուղարկեց Ադրբեջանի կիսադաշտը: Եվ քանի որ Նիկոլը չէր կարող ինքնուրույն գլխի ընկնել, որ լոնդոնյան եռակողմ հանդիպումը մի նոր Պրահայի է վերածվելու, եւ ինքը նոր բան է զիջելու, մնում է ենթադրել, որ նրան վերջին պահին զանգել են եւ կարգադրել՝ չգնալ հանդիպման: Հայաստան թռչելուց առաջ օտար օդանավակայանում Փաշինյանի ընտանիքի շփոթահար լուսանկարը մեզ ի՞նչ էր ասում… Մեր հարեւան Գեւոն, որ մի անգամ էշից ընկել էր, ավելի լավ տեսք ուներ, քան Նիկոլ Փաշինյանը: Պիտի մի պատճառ լիներ, չէ՞, որ կենսախինդ հեծանվորդն այդքան անօգնական դեմք ունենար:
Ինչեւէ, թե կարող եք՝ պարզեք, ո՞վ է զանգել Փաշինյանին եւ կարգադրել՝ էշություն չանել Սյունիքի հարցով: Իմ հնարավորությունները չեն ներում դա բացահայտել, բայց ահա երեւակայության պակաս չունեմ: Իմ կարծիքով, դա այսպիսի բովանդակությամբ հեռախոսազրույց է եղել.
- Ալո, Նիկոլ:
- Հա, շեֆ:
- Մենակ ե՞ս:
- Հա, Աննան խանութ ա գնացել:
- Լավ է: Լսիր՝ ինչ ես անում… Դրանք քեզ Սյունիքի հարցն են դեմ տալու, հանդիպման չգնաս:
- Բայց արդեն համաձայնեցված է…
- Լսիր, այ պատուհաս, քեզ ասում եմ՝ չգնաս: Դա հա՛մ քո, հա՛մ էլ իմ վերջը կլինի: Չգիտեմ, մի փորացավ բռնիր, մի գնա: Լսեցի՞ր:
- Բա խոստումնե՞րը:
- Խոստումները քո պրոբլեմն են, ես կապ չունեմ: Իմ մասով ամեն ինչ մաքուր է: Ղարաբաղը տվինք՝ վերջ: Սյունիքը չի կարելի տալ, չես հասկանո՞ւմ, դա լրիվ ուրիշ օպերա է, քեզ այստեղ մորթազերծ կանեն, չհամարձակվես:
- Բա մեր արեւմտյան գործընկերները չե՞ն ասի՝ Նիկոլը փալաս է:
- Թող ասեն, ավելի լավ է ասեն փալաս է, քան քեզնից միայն խրտվիլակդ մնա: Կգաս Հայաստան, կխոսենք: Պետք լինի՝ կորսն էլ կփոխենք: Պայմանավորվեցի՞նք:
- Լավ:
- Քանի՞ ժամ է մնացել թռիչքիդ:
- Դեռ մի ամբողջ օր կա:
- Շատ լավ է: Գնա հեծանիվ քշիր, մինչեւ Աննան խանութից գա…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image