Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ադեկվատ չէ, նորություն չէ, ու դա դարձել է ճակատագիր: Որից խուսափել հնարավոր է միայն մեկ տարբերակով՝ նրան այդ պաշտոնից հեռացնելով: Բայց որ ադեկվատ չլինելն ընդհանուր գլոբալիստական թրենդ է՝ դա գիտակցում են ոչ բոլորը: Եվ հատկապես վերը նշված անձը և նրանք, ովքեր Հայաստանի փրկությունը տեսնում են միայն Եվրոպայում: Այն աշխարհամասում, որը մարդկությանն ապահովեց քրիստոնեական (կամ արևմտյան) քաղաքակրթությամբ: Եվ որն աչքի ընկավ բնագիտական և տեխնիկական, փիլիսոփայության և արվեստի հսկայական առաջընթացով: Միաժամանակ իր հետ բերեց հակահումանիստական երկու հատկանիշ՝ գաղութատիրություն ու ստրկություն: Բայց դա հաղթահարելով՝ նորովի ծնունդ տվեց նաև ժողովրդավարությանը: Նորովի, քանի որ վերջինս ձևավորվել ու նույնիսկ կայացել էր Հին Հունաստանում և Հին Հռոմում: Եվ դարձավ աշխարհի այլ մասերի բնակիչների նախանձի առարկան: Ինչը և պատճառ հանդիսացավ, որպեսզի բազմաթիվ խնդրահարույց տարածաշրջաններից մարդիկ հեղեղի նման լցվեն եվրոպական երկրներ:
Սակայն քանի որ մարդկության զարգացումը հատկանշվում է առաջընթացի և հետընթացի փուլերով, Եվրոպայում աստիճանաբար զարգացումն իր տեղը զիջեց դրա ծաղրապատկերին: Ու այն դանդաղորեն, սակայն համառորեն ձեռք է բերում է հիմնական ուղղվածություն: Ինչը դրսևորումն է, օրինակ, Միացյալ Թագավորությունում այն օրենքի ընդունումը, ըստ որի նույն հանգամանքներով նույն հանցանքի համար սահմանվում է ոչ միատեսակ պատիժ: Այն կախված նրանից, թե ով է հանցանք կատարողը՝ սպիտակամաշկ քրիստոնյա անգլիացին, թե, ասենք, թևամորթ գաղթական մահմեդականը: Եվ եթե մի քանի դար շարունակ ճնշված վիճակում էին գտնվում երկրորդները, այսօր նրանք փոխվել են տեղերով: Կամ մեկ այլ օրինակ. Ֆրանսիայում մեկ անօրինական գաղթականին կարանտինային որևէ վայրում պահելու վրա ծախսվում է մի քանի անգամ ավելի մեծ գումար, քան թե տրվում է ֆրանսիացուն որպես թոշակ կամ նպաստ: Կամ եվրոպական բազմաթիվ երկրներում առկա աննորմալ մեկ այլ երևույթ. հանցանք կատարող անօրինական միգրանտներն ավելի թույլ պատժի են արժանանում, քան այդ երևույթի դեմ սոցցանցերում իրենց բողոքի ձայնը բարձրացնող բնիկները: Էլ չասած եվրոպական բազմաթիվ մայրաքաղաքների նախկին մաքրության ու այսօրվա աղտոտված իրավիճակի մասին:
Անցնենք եվրոպական քաղաքական գործիչների ադեկվատության կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության խնդրին: Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) վարույթ է նախաձենել ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ: Ինչը նշանակում է, որ եվրոպական որևէ երկրում հայտնվելու դեպքում վերջինս պարտադիր պետք է ձերբակալվի: Ձերբակալման նույն օրդերն է տրվել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի առումով: Բայց եթե Պուտինի դեպքում այն քննարկման ենթակա չէ, ապա այդպես չէ երկրորդի առումով: Եվրոպական մեկ-երկու երկրի ղեկավար մտածում է, թե արժե՞, արդյոք, որպեսզի ձերբակալվի Իսրայելի վարչապետը: Այդ դեպքում ո՞ւր մնաց եվրոպական գովելի արդարադատությունը: Ի դեպ, այդ հարցում ինձ ավելի դուր է գալիս ամերիկյան մոտեցումը: Քանի որ այդ երկիրը նախկինում խնդիրներ է ունեցել հումանիզմի առումով, նրա ինչ-ինչ պաշտոնյաների նկատմամբ ՄՔԴ-ն ժամանակին օրդերներ է դուրս գրել, սակայն ԱՄՆ-ը միտք չունի իրականացնելու դա: Եվ չի էլ միացել դատարանի կանոնադրության՝ Հռոմում ընդունված ստատուտին:
Հիշենք, որ Հռոմի ստատուտին միանալը մեկ-երկու տարի առաջ մեզանում ներկայացվում էր որպես ադրբեջանական հանցագործներին դատի տալու հնարավորություն: Բայց քանի որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ամեն գնով ձգտում է Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, ՄՔԴ-ի մասին այլևս չեն հիշում: Ու պատրաստ են հետ կանչելու նաև ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) ներկայացված հայցերը:
Վերադառնալով Եվրամիությանը՝ նկատենք, որ ՄՔԴ-ով հարցը չի փակվում. ինչպես «Հրապարակն» է հիշեցրել, Բրյուսելում կամ մեկ այլ համաեվրոպական մայրաքաղաքում որոշվել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալը, որը պատրաստվում են ստեղծել Հաագայում, ՌԴ նախագահ Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին հեռակա կարգով չի դատի, քանի դեռ վերջիններս պաշտոն են զբաղեցնում։ Եվրոպացիները երևի չեն գիտակցում, որ «Հաղթողներին չեն դատում» արտահայտությունը չի կորցրել իր այժմեականությունը նույնիսկ մեր օրերում: Ու տվյալ դեպքում գործում է ոչ թե «փորձը փորձանք չէ» արտահայտությունը, այլ այդ փորձի անիմաստ լինելը: Որովհետև նույնիսկ մինչև Միշուստինի կյանքի վերջը (եռյակի ամենաերիտասարդ ներկայացուցիչը ) ԵՄ-ն չի կարող որևէ տարբերակով ձերբակալել ու դատել նրան: Աչքիս իրենց թվում է, թե Ռուսաստանը նախկին Հարավսլավիայի պես պետություն է: Եվ վերը նշված անձինք էլ ընկնելու են իրենց ձեռքը:
Ու փոխանակ ամեն ինչ անեն, որպեսզի դադարեցվի այդ պատերազմը, որում Ուկրաինան բացարձակ հնարավորություն չունի հաղթելու, երկարաձգում են այն՝ նոր մարդկային ու տարածքային կորուստներ պատճառելով այդ երկրին: Ու դրանով երկարաձգելով երբեմնի հերոս, նախագահ Զելենսկու «ժամկետանց» նախագահությունը: Ահա, հենց դեպի այդպիսի Եվրոպա են ձգտում ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այլև մնացած արևմտամետների հոգիները՝ լինեն դրանք Նիկոլին կողմնակից թե ընդդիմադիր: