Մշակույթ

Փոխվել են լիցենզավորման պայմանները

Փոխվել են լիցենզավորման պայմանները

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունը պայմանավորված է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ:

Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել կրթական ծրագրերի երկու մակարդակ:
Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն սահմանել մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրեր: Մասնագիտական կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում:

Որպես երկրորդ մակարդակ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերը կփոխարինվեն մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով: Մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի մասնագետի որակավորում:
Նախագծի համապատասխան հավելվածներում սահմանվել են նաեւ մասնագիտական կրթության առաջին եւ երկրորդ մակարդակների համար կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգերը եւ ձեւերը: Սահմանվել են նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձեւերի կիրառման դեպքում գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթերը՝ հուշագիր, պայմանագիր, համապատասխան մարդկային ռեսուրսներ եւ այլն:
Կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար կարեւորվում են ենթակառուցվածքների՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային եւ գրադարանային պայմանների առկայությունը, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիրը: Լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկությունների հետ եւ նախատեսում են համապատասխան գույքի եւ սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image