Քաղաքականություն

Նախ՝ տանենք Նիկոլին

Նախ՝ տանենք Նիկոլին

ԱԺ մեր ընդդիմադիր պատգամավորները, ախր, շատ զարմանալի մարդիկ են: Ասա՝ տեսնում եք՝ ժողովրդին այսքան շատ է հետաքրքրում Նիկոլին բերողի անունը, մի հատ պարզեք, էլի՞: Դժվա՞ր է, չեմ հասկանում, հարցուպատասխաններից մեկի ժամանակ Նիկոլին ուղիղ հարց տալ՝ այ բեմուրազ, քեզ ո՞վ բերեց ու պատուհաս դարձրեց մեր ժողովրդի, մեր երկրի գլխին: Ու էս հարցը տալ մի այնպիսի ենթատեքստով, որ էլ չկարողանա իր վարչապետ դառնալը գցել ժողովրդի գրպանը: Այլապես արդեն ասում է՝ ինձ իշխանության ոչ ոք չի բերել, թավշյա հեղափոխությունով ժողովուրդն է իշխանության եկել իմ դեմքով… Խնդրում եմ՝ իրեն տեղյակ պահել, որ բոլոր սոցհարցումներն իր այս թեզի դեմ են, որ ժողովուրդն իրենից բառիս բուն իմաստով զզվում է, էլ ուր մնաց՝ ընդունի, որ ինքն է նրան բերել իշխանության: Ժողովրդի թեման պետք է փակել: Չկա այդպիսի բան, մեր բազմաչարչար ժողովուրդն այդ հարվածն ուղղակի չի կարող տանել:

Սիրելի ընդդիմադիր պատգամավորներ, եթե չեք կարողանում այդ հարցն ինչպես պետք է ձեւակերպել, կարող եք խորհրդարանական լսումներ կազմակերպել, ինձ ու Նիկոլին էլ հրավիրել, որ հարցը ես տամ: Ես հաստատ տրորված ճանապարհով գնացողը չեմ, թե՝ պարոն Փաշինյան, քեզ ով բերեց, հակառակ կողմից կգամ: Կասեմ՝ պարոն Փաշինյան, ինչո՞ւ ոչ ոք (այդ թվում՝ ժողովուրդը) չի ուզում խոստովանել, որ քեզ ինքն է բերել: Տես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը անունդ անգամ լսել չի ուզում: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի «լիչնի նեպրիյազն» ունի քո հանդեպ, Սերժ Սարգսյանի մասին էլ չեմ ասում, որ ՀՀԿ ողջ քաղաքագիտական ներուժը դրել է՝ հերքելու իրեն վերագրվող այդ հերյուրանքը: Հո դու փորձանք չե՞ս, այ մարդ, արի խոստովանիր՝ ո՞վ է բերել քեզ…

Մենք մի քանի խելացի քաղաքական վերլուծաբան ունենք, որոնք, թվում է, գիտեն՝ ով է բերել Նիկոլին, բայց «դժվարանում» են այդ մասին տեղեկացնել լայն հասարակայնությանը: Սենց լուրջ ու մտահոգ դեմքերով հայտնվում են էկրանին ու սկսում պատմել… Պատմում են, պատմում, իրենք իրենց զայրանում, թե ինչու այսպես եղավ, ու վերջում էլի չեն ասում, թե ով բերեց Նիկոլին: Բայց ես, չեմ կարող ասել՝ որ զգայարանով, այնուամենայնիվ զգում եմ, որ նրանք մի բան գիտեն, ուղղակի չեն ասում… Վախենում են, երեւի: Մարդ են, ի վերջո, նրանք էլ են տեսնում, որ Հայաստանում սուտն ու ճշմարտությունն այնպես են իրար խառնվել, որ էդ մրուրում երկու էշի գարի ջոկելը դարձել է անիմաստ զբաղմունք: Ո՞վ կհավատա նրանց, եթե ասեն, օրինակ, Նիկոլին Գռզոն ա բերել: Պարզ է, չէ՞, որ դրանից հետո լրագրողները պետք է վազ տան Գռզոյի մոտ, թե՝ պարոն Խաչատուր Սուքիասյան, ֆլանն ասել ա, որ Դուք եք բերել Նիկոլին, ճի՞շտ ա: Սուքիասյանն էլ պիտի ջղայնանա, գոռգոռա՝ տո դավաճանը տենց բաներ ասողն ա։ Իմ դեմքից երեւում ա՞, որ ես հող հանձնող եմ… Արդյունքում էլ մի քանի լրատվամիջոց պետք է փակվի ֆինանսական դժվարությունների պատճառով: Բա մեզ պե՞տք ա… Ահա այսքան հեռուն են մտածում մեր քաղաքական վերլուծաբանները: Նրանցից մեկն իր լայվի մեջ վերջերս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր հանրային այն տեսակետը, որ Նիկոլին «վսյո ժե» Լֆիկ Սամոն ա բերել: Որպես ապացույց՝ բերվում էր ԱԺ-ում Սամվել Ալեքսանյանի տված հարցազրույցը, որի մեջ նախկին քաղաքական գործիչն ասել է՝ Նիկոլը մեր ախպերն ա: Այս հարցը նույնիսկ ինձ հետաքրքրեց եւ ստիպեց զանգել անձամբ պարոն Ալեքսանյանին: Երանի չզանգեի… Նա իր կոմերցիոն կյանքում լսած ողջ բառապաշարը տեղաց գլխիս, հետո էլ ասաց՝ էլ ստեղ չզանգես, ու հեռախոսը դրեց:

Ի՞նչ անեմ, մտածեցի, մի հատ էլ Գագիկ Ծառուկյանին չզանգե՞մ՝ կարող է ինքն է բերել կամ էլ իմանա՝ համապատասխան ով է բերել Նիկոլին: Համարի կեսը հավաքել էի արդեն, բայց մի ներքին ձայն ինձ հետ պահեց այդ մտքից՝ բա քեզ պե՞տք ա, պիտի ջղայնանա, առյուծներին քսի տա քեզ վրա… Պատճառն էլ ո՞վ՝ Նիկոլը: Հետո էդ ներքին ձայնն ինձ ավելի մեղմ հիշեցրեց՝ կարող ա՞ դու Ռոզա մայրիկի մեղրից հեչ կերած չկաս… Արա՜ա՜ա՜… Ախր ո՞նց էի մոռացել, ախր ո՞նց կերած չկամ Ռոզա մայրիկի մեղրից։ Աղվան Վարդանյան ջան, հլա դու պատմիր, որ էս ախմախ ԱԺ-ն էլ հասկանա, թե ինչպիսին էր մեր ԱԺ-ն էն ժամանակ: Էն ե՞րբ էր, որ Արցախ գնալիս Սիսիանի կողմերում հանդիպել էիք Ռոզա մայրիկին ու «բողոքել», որ իր որդու եւ ձեր միջեւ ջոկողություն է անում, մեղր չի տալիս… Ռոզա մայրիկն էլ ո՞նց էր քեզ ասել՝ վայ, Աղվան ջան, էդ ինչ ես ասում, դուք բոլորդ իմ էրեխեքն եք, ձեր մեղրն էլ կբերեմ Երեւան, կգաք՝ կտանեք: Չէ, եղբայր, Գագիկ Ծառուկյանն իսկապես երկաթյա ալիբի ունի, նա չէր կարող Նիկոլ բերել: Այո, 2018թ. այն չարաբաստիկ օրը Ծառուկյանն էլ էր հրապարակում, նա էլ չժխտեց, որ մեզ փոփոխություններ են պետք, որ դրանք ժողովրդի սրտով կլինեն, բայց… Ծառուկյանն արդյոք գիտե՞ր, թե ով է բերում Նիկոլին:

Ես կուզենայի, որ էդ Սորոս-մորոսի վարկածն էլ դնենք մի կողմ: Սորոսն իմանա՝ իրեն կասկածում ենք Նիկոլ բերելու մեջ, 100 տարեկան մարդ՝ ինքնասպան կլինի: Սորոսն այդ օրերին ի՞նչ ուներ Հայաստանում՝ մի հիմար գրասենյակ՝ մի քանի հիմար ՀԿ-ներով: Եվ, ինչ է՝ դրանով հեղաշրջո՞ւմ արեց: Չեմ հավատում: Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Լեւոն Շիրինյանը, Լեւոն Բարսեղյանը, Սծյոպիկ Սաֆարյանը հեղաշրջո՞ւմ արեցին: Բացառվում է: Գուցե նրանք իրադարձությունների կենտրոնում էին, բայց նրանցից ի՞նչ հեղաշրջում անող: Ես ՔՊ-ին էլ եմ բացառում: Ալեն Սիմոնյա՞նն է Նիկոլ բերող, թե՞ Արփի Դավոյանը… Մեկը լիներ՝ իրենց բերեր…

Մի խոսքով՝ էս խմորը կարող է դեռ շատ ջուր տանել, եթե Նիկոլը քարը փեշից չթափի ու անձամբ չխոստովանի, թե ով է իրեն բերել: Ինձ թվում է, սակայն, որ ազատության մեջ նա այդ բանը չի անի: Նա էն «առնետը» չի, որ այդքան հեշտ հանձնվի: Դրա պարած Գյումրվա տրնգին չտեսա՞ք… Ուզում էր աշխարհին համոզել, որ հայ ժողովուրդն իր համար մեռնում է: Խայտառակություն էր ուղղակի… Ժողովուրդը, դուք էլ լսեք՝ ՀՀ մեծարգո նախագահներ, երբեք ու երբեք չի կարող կազմակերպված գնալ ու նախրի մեջ ամենաբարձր զռռացող էշի ճակատը պաչել: Նման բան սովորաբար չի լինում, ժողովուրդը շատ «քցող-բռնող» է, սիրում է երկար ու դանդաղ մտածել: Ժողովրդի մասին մոռացեք: Էն մեկ-երկուսն էլ որ ասում են՝ մենք ընտրել ենք, բայց փոշմանել ենք, ընդամենը մեկ-երկուսն են, ոչ ավելին:
ՀԳ. Այս պահին «Նիկոլին բերելու» ամենահավանական տարբերակը հայտնի հանրային գործիչ, Լեհաստանում մեր նախկին դեսպան եւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի վարկածն է առ այն, որ Նիկոլը ՀՀ վարչապետ է դարձել Հայաստանում թուրք-ադրբեջանական հեղաշրջման արդյունքում: Սա Նիկոլը երբեք ու երբեք չի խոստովանի, քանի դեռ կլինի ազատության մեջ: Ուստի եկեք նախ տանենք Նիկոլին եւ ապա՝ մտածենք նրան քաղաքական գնահատական տալու մասին: Մեր անելիքն այսօր դա է եւ ոչ թե Նիկոլին սրա-նրա գրպանը գցելը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image