Քաղաքականություն

«Հրապարակ». Իշխանությունն ինչ ընտրակեղծիքներով է այս անգամ էլ վերարտադրվելու

«Հրապարակ». Իշխանությունն ինչ ընտրակեղծիքներով է այս անգամ էլ վերարտադրվելու

«Քաղաքացիական պայմանագիր» կոչված չարիքը 2021թ. խորհրդարանական ընտրություններում, կարծում եմ, ընտրակեղծիքների եւ այլ ընտրախախտումների միջոցով է խորհրդարանում մեծամասնություն ստացել եւ, դատելով տարբեր փաստերից, նույնն էլ պատրաստվում է անել հունիսի 7-ին: Ինչ փաստեր կան նման հայտարարության եւ եզրակացության համար:

«Հարգելի հայրենակիցներ, հարցս ուղղված է ընդդիմադիր ուժերին։ Խնդրում եմ հաշվի առնել, որ ես ասածիս վկան եմ անձամբ: 2021 թ. ընտրություններում իշխանության կեղծարարությունը բացահայտել ենք հենց գրանցամատյաններում։ Հետեւաբար, պահանջում եմ ընդդիմադիր ուժերի վստահված անձանց՝ ամենասկզբից ամբողջությամբ ստուգել գրանցամատյանը, քանի որ կարող են լինել մեծ քանակությամբ կրկնակի թերթեր։ Նույն անուն-ազգանունով, նույն հերթականությունով կրկնաթերթիկներ»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայոց ազգային գվարդիա»-ի խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը:

Հավելենք, որ 2021թ. ընտրություններում բազմաթիվ ընտրատեղամասերի գրանցամատյաններում եղել են կրկնակի թերթեր, ոչ թե ընդամենը մեկ տեղամասի, որը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ներկայացրել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելիս, սակայն Տիգրան Մուկուչյանը, ինչպես ասում են, «լղոզելով» անցել է դրա վրայով՝ ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն ներկայացնելով, թե դա, հավանաբար, տպիչի («պրինտերի») թերության հետեւանքով առաջացած վրիպակ է:
Ընդգծենք, որ մեր երկրում ընտրողների ցուցակներում տարիներ շարունակ արձանագրվում է ընտրողների թվաքանակի անընդհատ եւ արհեստական աճ, ընդ որում, մեծ աճ է գրանցվել հատկապես 2021թ. արտահերթ ընտրություններում: Ահավասիկ. 1991թ. սեպտեմբերի 21-ին՝ Անկախության հանրաքվեի ժամանակ, ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 58 հազար: 1995թ. սահմանադրական առաջին հանրաքվեի ժամանակ Հայաստանի բնակչության պաշտոնական թիվը 3 մլն 753 հազար է եղել, ընտրելու իրավունք ունեցողների թիվը, չնայած 1991-1995 թթ. ընթացքում գրանցված մեծ արտագաղթին, հասել է 2 մլն 189 հազարի: 20 տարի անց՝ 2015թ. դրությամբ, Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 726 հազար մարդով, մինչդեռ ընտրելու իրավունք ունեցողների թիվն ավելացել է 338 հազարով՝ հասնելով 2 մլն 527 հազարի: Իսկ արդեն 2021թ., երբ բնակչության թվաքանակը կազմել է ընդամենը 2 մլն 963 հազար, այսինքն՝ 1995թ. համեմատությամբ նվազել է 790 հազարով, ընտրողների թիվը, ով «հրաշք», կազմել է 2 մլն 595 հազար, եւ սա՝ այն դեպքում, երբ ցուցակներն իբր զտվում էին մահացածներից, քաղաքացիությունից հրաժարվածներից եւ այլն:

Եթե անգամ հիմք ընդունենք, որ կյանքի միջին տեւողությունը Հայաստանում պաշտոնապես 77,7 տարեկանն է, եւ ընդհանուր թվից հանենք միայն 18 տարին դեռեւս չլրացած անձանց (նույնիսկ չհաշվենք անգործունակ ճանաչվածներին, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված ու պատիժը կրողներին եւ այլն), որոնք կազմում են բնակչության 21 տոկոսը, ապա 2021-ին լավագույն դեպքում կարող էինք ունենալ ընդամենը 2 մլն 279 հազար ընտրող, բայց ոչ երբեք 2 մլն 595 հազար: Սրանով, թերեւս, ամեն ինչ ասված է, բայց շարունակենք:

Ստացվում է, որ Հայաստանում բնակչության առնվազն 87,4 տոկոսը ներգրավված է ընտրական ցուցակներում` ընտրելու իրավունք ունեցողներ են, ինչը եզակի ցուցանիշ է համաշխարհային պրակտիկայում եւ անբնականորեն գերազանցում է նույնական ընտրական ցենզ ունեցող երկրների միջին ցուցանիշը՝ մոտ 72 տոկոսը: Օրինակ, Էստոնիայում նույն տարիքային ցենզի դեպքում, 1 մլն 370 հազար բնակչության պայմաններում ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 974 հազար մարդ` բնակչության ընդհանուր թվի ընդամենը 71,1 տոկոսը: Գերմանիայում 83 մլն 289 հազար բնակչից ընտրական իրավունք ունեցողները 72,5 տոկոսն են կամ 60 մլն 420 հազար մարդ: Անգամ Բելառուսում ընտրական ցուցակում ընդգրկված է բնակչության ընդամենը 74,5 տոկոսը: Թվերն ինքնին խոսուն են...
Ընդ որում, հայաստանյան ցուցանիշներից բխում է, որ որպեսզի բնակչության ընդհանուր թվից 2 մլն 595 հազար (առնվազն 87,4 տոկոսը) ընտրական իրավունք ունեցող լինի, ապա ընտրելու իրավունք պետք է ունենային ոչ թե 18, այլ արդեն 12 տարեկանից:

Այսպիսով՝ անգամ ամենակոպիտ հաշվարկով ավելի քան 300 հազար մարդ ապօրինի ներառված է ընտրական իրավունք ունեցող անձանց ցուցակներում: Հայաստանում ընտրացուցակի հետ կապված ցուցանիշներն այն աստիճանի են շեղված, որ առանց տվյալ փաստի հաշվառման, գրեթե բացառված է, որ որեւէ դիտորդական առաքելություն բացահայտի առաջիկայում հնարավոր իրականությունը: Այսինքն՝ չնայած Նիկոլ հայադավի եւ ՔՊ-ի ներկայիս խայտառակ ցածր վարկանիշին, այդ ինչպե՞ս, ի՞նչ մանիպուլյատիվ հնարքների, ընտրակեղծիքների շնորհիվ ստացվեց, որ ՔՊ-ն ստացավ քվեների մեծամասնությունը: Անաչառ դիտորդներին լավագույն դեպքում կհաջողվի հետեւողականորեն արձանագրել տարաբնույթ խախտումներ՝ փոշիացնելով եղած սուղ հնարավորությունները, մինչդեռ հնարավոր ու սպասելի խախտումները կամ ընտրակեղծարարությունը կարող են լինել նաեւ բոլորովին այլ հարթությամբ:

Ընտրողների թվաքանակն ընտրակեղծիքների համար ինքնին նպաստավոր միջավայր է, քանզի այն հնարավորություն է տալիս կազմակերպելու քվեարկություններ` գոյություն չունեցող անձանց անունից: Դա կարող է իրացվել կեղծ անձնագրերի միջոցով, ընդ որում, միեւնույն անձը կարող է մի քանի անձնագիր շրջանառության մեջ դնել տարբեր տեղամասերում:
Եվ այն, որ Նիկոլի ու ՔՊ-ի խիստ ցածր վարկանիշի պայմաններում նրանք խիստ ինքնավստահորեն հայտարարում են, թե առաջիկա ընտրություններում հաղթելու են` ոչ միայն խորհրդարան են մտնելու, այլեւ մեծամասնություն են ունենալու, բացատրվում է հենց սրանով:

Իսկ ինչո՞ւ չհավակնեն եւ չհայտարարեն, եթե Նիկոլ Փաշինյանի ընկերը՝ «Հայկական ժամանակ» թերթի երբեմնի լրագրող Վահագն Հովակիմյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին է հայտնվել հանցագործությամբ, իսկ երկակի ստանդարտներով առաջնորդվող Հայաստանի «իրավապահ» համակարգի քաղաքական կամակատարներն աչք են փակել տվյալ փաստի վրա, չնայած մամուլում այդ մասին միանգամայն հիմնավոր, փաստերով եւ իրավական փաստարկներով հրապարակված հանցագործության մասին հաղորդմանը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image