Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների, հայտնի եւ ազդեցիկ գործիչների ձերբակալությունը կամ «արցախահայության գլխատումը», ըստ էության, Բաքվի՝ Արցախի զավթման եւ արցախյան խնդրի էջի փակման «բեմականացման» գործողություններից մեկն է։ Կարծել, որ, օրինակ, Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից կամ Արայիկ Հարությունյանից ինչ-որ «դարակազմիկ» տեղեկություններ է հնարավոր ստանալ, միամտություն է։ Նույնկերպ միամտություն է կարծել, որ Ռուբեն Վարդանյանը կարող է լինել ինչ-որ տեղեկությունների կրող, որոնց կորզումը Բաքվի իշխանությունների համար լուրջ նշանակություն կունենա։
Ամենայն հավանականությամբ՝ այստեղ խնդիրը ներքին լսարանին «կերակրելու», այսպես ասած, «հաղթանակի էյֆորիայի» ազդեցությունը երկարաձգելու եւ հոգեբանորեն «պարտվածի համախտանիշից» ադրբեջանական հասարակությանն ազատագրելու համար նախատեսված շոուն է։ Մյուս կողմից՝ Իլհամ Ալիեւի եւ Ալիեւների համար, մեծ հաշվով, Արցախի ղեկավարներին եւ հայտնի, ազդեցիկ դեմքերին, որոնց ձերբակալել է, երկար տարիներով Բաքվի բանտում պահելը մեծ գլխավացանք է։ Ավելին՝ դա նաեւ գլխացավանք է բազմաթիվ այլ առումներով։
Ըստ ամենայնի, Ալիեւն ունի իր հաշվարկները, որոնք ոչ միայն ներքին լսարանին «կերակրելու» համար են, ինչն իրենք չեն էլ թաքցնում, այլ նաեւ՝ արտաքին աշխարհին «կերակրելու» համար են նախատեսված։ Օրեր առաջ Դմիտրի Կիսելյովը, խոսելով Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, բավականին թափանցիկ ցուցադրեց ռուսական իշխանությունների վերաբերմունքը, որը չենք կարծում, թե պատահական էր՝ հաշվի առնելով, որ Կիսելյովն էլ պատահական մարդ չէ։ Բաց տեքստով ասվեց, որ Ռ․ Վարդանյանը ռուսական իշխանության հովանու ներքո չէ, Պուտինի մարդը չէ՝ Ալիեւին մեսիջ հղելով, թե ինչ ուզում ես, արա։
Բայց Ալիեւը հիմա արտաքին աշխարհում իր իմիջի վերականգնման կամ մաքրման խնդիրն ունի։ Որքան էլ նա, այսպես ասենք՝ «ախպերություն է անում» Էրդողանի կամ Պուտինի հետ, Արեւմուտքին գազ ու նավթ է տալիս եւ անհրաժեշտ է որպես գործընկեր, սակայն լավ է հասկանում, որ, ի տարբերություն, օրինակ, Պուտինի, չափազանց կախված է Արեւմուտքից։ Ավելին՝ ի տարբերություն Պուտինի, չափազանց խոցելի է Արեւմուտքի կողմից, ինչպեսեւ իր «մեծ եղբայր» Էրդողանը։ Հետեւաբար՝ Արեւմուտքի առաջ իմիջի վերականգնման կամ ամրապնդման խնդիր ունի․ ընդ որում՝ դա պետք է անի այնպիսի եղանակով, որը հաճո է Արեւմուտքի «քիմքին»։ Ի դեպ, ժողովրդավարության հրաժարվելու այս փուլն էլ Արեւմուտքն առաջիկայում կհաղթահարի եւ ստիպված կլինի վերադառնալ նախկին արժեքներին՝ հրաժարվելով երկակի ստանդարտներից։
Սա նկատի ունենալով, ամենեւին չենք բացառում, որ առաջիկայում, երբ արդեն նշված՝ ներադրբեջանական «կերակուր» հանդիսացող «շոուներն» ավարտվեն, սկսվեն արդեն արտաքին աշխարհի համար նախատեսված «շոուները», եւ, օրինակ, մի գեղեցիկ օր ներում շնորհվի Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին։ Մինչ ներում շնորհելը նա, իհարկե, կսպասի, որ տարբեր «միջնորդություններով» հանդես գան, իրեն մի լավ խնդրեն։ Ու ներում շնորհելով էլ, արդեն ոչ այնքան հասարակության լայն շերտերի համար հասանելի «մակարդակներում», նա հանդես կգա որպես ներողամիտ եւ հումանիստ, որը նաեւ ճկուն է արտաքին քաղաքական հարցերում եւ ունակ է՝ հանուն ինչ-ինչ շահերի, հարկ եղած դեպքում նաեւ «առեւտուր անել» ու գործարք կնքել։ Ի դեպ, դա նաեւ որոշակիորեն «կկոտրի» հայ հանրությանը՝ թույլի զգացում ներարկելով։ Ալիեւի «ողորմածությանն» արժանացած հերոսներն ու գեներալներն այլեւս օրինակելի տիպարներ չեն համարվի հասարակության շրջանում։ Չենք պնդում, որ մեր վարկածը ճշմարիտ է 100 տոկոսով, բայց այն հնարավոր է, որ լինի Բաքվի հաշվարկներում։