Մշակույթ

Կամավոր ատեստավորման կարգը փոփոխության կենթարկվի

Կամավոր ատեստավորման կարգը փոփոխության կենթարկվի

Ազգային ժողովում, կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորում է անցել ուսուցիչների շուրջ 20 տոկոսը:

Հիշեցնենք, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով եւ հասանելի է եղել կոնկրետ առարկաների եւ կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ի տարբերություն նախորդ տարիների, 2024-ին առաջին անգամ կամավոր ատեստավորումն անցկացվեց էլեկտրոնային եղանակով: Սակայն էլեկտրոնային եղանակը որքան թեթեւացրեց, նույնքան էլ բարդացրեց ատեստավորումը՝ որոշ դեպքերում ստեղծելով խնդիրներ։ Մանկավարժների դժգոհությունները, որոնք համատարած բնույթ էին կրում, վերաբերում էին թե՛ թեստերի բովանդակությանը եւ թե՛ մի շարք տեխնիկական հարցերի։
Հատկանշական է, որ Ժաննա Անդրեասյանը նշել է, թե էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել, իսկ քննական որոշ կենտրոններում առաջացած համացանցի հասանելիության եւ տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:

Այդուհանդերձ, նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հավաքագրվել են ուսուցիչների՝ էլեկտրոնային համակարգն առավել դյուրին դարձնելու վերաբերյալ դիտարկումները. «Այժմ նաեւ շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդ­յունավետ իրականացման նպատակով»: Իսկ սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, նախարարությունն ընդունում է, որ եղել են խնդիրներ, այլապես չէր գնա կամավոր ատեստավորման կարգի փոփոխության։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image