Մշակույթ

Ինչքան էլ գերտերություններն են որոշում, բայց բանակդ պետք է միշտ ուժեղ պահես

Ինչքան էլ գերտերություններն են որոշում, բայց բանակդ պետք է միշտ ուժեղ պահես

44-օրյա պատերազմից ու Արցախի լիակատար հայաթափումից հետո Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը դժվարանում է ասել՝ երբ ու ինչպես կարող ենք հաղթահարել այս շրջափուլը, եւ արդյոք կլինի՞ արցախահայության վերադարձ Արցախ։

«Քանի որ Կովկասը մեծ այլընտրանքային ճանապարհ է դեպի Արեւմուտք, ամեն ինչ արվում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, որ բոլոր վիճաբանություններն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի միջեւ ավարտեն։ Այս հանգամանքով պայմանավորված, մեր կամ Ադրբեջանի, Վրաստանի նման պետությունները չեն կարող հակադրվել աշխարհի ընթացիկ միտումներին։ Հյուսիս-հարավ ճանապարհը, որ սարքվում է Հայաստանում, ո՞վ է ֆինանսավորում՝ Ասիական բանկը։ Հիմա տեսեք, թե երբվանից է այդ ծրագիրն իրագործվում, այսինքն՝ աշխարհում հիմա ընդհանուր միտումներն այլ են, ու եթե հարցը հասել է այստեղ, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ արդեն կան, այդ ճանապարհն այդպես պետք է անցնի, ու մեզնից այդքան էլ շատ բան կախված չէ։ Ու ամեն հարց պետք է լուծեն, որ այդ խաղաղությունը գա․․․»։

Հույս ունի՞, որ խաղաղություն կհաստատվի։ «Ամենայն հավանականությամբ՝ այո, ամեն ինչ դրան է գնում, եթե աշխարհում ինչ-որ բան չփոխվի։ Ճիշտ է՝ շատերն ուզում են Ռուսաստանին շրջանցել, բայց Ռուսաստանի դերակատարումը կպահպանվի, եւ շատ բան կախված է նրանից, թե ինչպես պատերազմը կավարտվի Ուկրաինայում։ Հենց այդ պատերազմն ավարտվի, Ռուսաստանի կողմից ավելի հստակ քայլեր կտեսնենք այս տարածաշրջանում։ Պարզ երեւում է, թե ինչ են ուզում անել, բայց ես հույս ունեմ, որ այդ  ամենին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի հարցն էլ կլուծվի, որովհետեւ ժողովրդի՝ իր տարածքում ազատ ապրելու իրավունքն էլ հիմնարար իրավունք է․․․»։

Ի՞նչ հիմքեր կան դրա համար, երբ պետական ու պաշտոնական մակարդակներում արցախահայության վերադարձի մասին խոսք չի գնում։ «Հիմա նրանք Ադրբեջանի հետ պետք է նույն օրակարգը պահեն, որ մենք Արցախի հետ կապ չունենք։ Դա նորմալ է։ Հենց այդ պատճառով մեր թանգարանի հարցն էլ չի լուծվում, քանի որ օրակարգն այլ է, իրականությունն էլ՝ սա..: Մեզ ընձեռվել էր նման բախտ՝ ունենալ ամեն ինչ, բայց վերջին 20 տարվա մեր ղեկավարները չեն կարողացել մեր ունեցած հաջողությունները պահել, Արցախը չի կարողացել սեփական անվտանգության համակարգը ձեւավորել, դրա համար էլ այս օրն ընկանք»։

Վ․ Ասծատրյանը 44-օրյա պատերազմի ու Արցախի կորստի հարցում պատասխանատվությունը միայն ներկայիս իշխանության վրա չի դնում։ «Ներկայիս իշխանությունն ի հայտ է եկել նախորդ իշխանության, այսպես ասած, շարժուձեւից, ամեն ինչ պատճառահետեւանքային կապ ունի»,- ասում է նա ու հեքիաթ համարում այն կանխավարկածը, որ եթե 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունը հեռացվեր, ապա Արցախը չէինք կորցնի․ «Արդեն 2020-ին պարզ էր, որ սա Արցախի համար վերջ է նշանակում, եթե թուրքը եկել, Շուշիում նստել է, երբ Արցախից դուրս եկող միակ ճանապարհը թուրք զինվորի մոտով է անցնում, էլ ինչի՞ մասին ենք խոսում․․․։ Ինչ եղավ՝ 2020-ին եղավ, ու ամեն ինչ պարզ էր դեռ այն ժամանակ։ Ես դրա համար Շուշիի գորգերի թանգարանը հետ չէի տանում, ինչքան էլ ասում էին՝ բերեք, Ստեփանակերտում տարածք հատկացնենք, ես հասկանում էի, որ դա էյֆորիա է, ու շատ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել»։

Զրուցակցիս կարծիքով, այնուամենայնիվ, արցախահայության վերադարձ լինելու է Արցախ, չնայած դրա համար այսօր հիմքեր չկան, որովհետեւ իրավիճակն այնպիսին է, որ դեռ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես է այդ վերադարձը լինելու, բայց վաղը կարող է իրավիճակ փոխվել, եւ այլ որոշում կայացվի․ «Հետո՝ այդ որոշումները, նախ, փակ են ընդունվում, նոր հետո՝ հանրայնացվում, պարզ է, որ վաղը չեն կարող գնալ, բայց ամեն րոպե իրավիճակ կարող է փոխվել, ու ժողովուրդը նորից հետ գնա։ Հիմա՝ 100 տարի առաջ էլ Շուշիում այնքան հայ սպանեցին, որ Արցախում շատ քիչ հայ մնաց․․․․, բայց հետո իրավիճակ փոխվեց, հիմա կարող է 5 տարուց նույնը լինի՝ կախված, թե իրավիճակն ինչ կթելադրի»։
Ինչքանո՞վ է ռեալ խաղաղության պայմանագրի հետ հույսեր կապելը, երբ Ադրբեջանն անընդհատ ձգձգում է պրոցեսը եւ նոր պայմաններ թելադրում, հիմա էլ՝ սահմանադրությունը փոխելու։ «Այս ամենը հանրության համար է արվում, կարծում եմ՝ այլ խորքային պատճառներ կան, ժամանակ են ձգձգում, որովհետեւ ուրիշ տեղերում պայմանավորվելու ուրիշ հարցեր կան։ Հիմա էլ պետք է այդպես ասեն, որ պատերազմի վտանգը միշտ պահեն, որովհետեւ, եթե մարդկանց ուզում ես կառավարել, ամենալավ կառավարման միջոցը վախն է, ժողովրդի մեջ մտցնում են այդ վախը, ու մարդիկ ասում են՝ ինչ ուզում է լինի, միայն պատերազմ չլինի»։           

Անկախ այն բանից, թե միջազգային ասպարեզում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, Վ․ Ասծատրյանի կարծիքով, պետք է այս ընթացքում բանակն արագ ամրացնել․ «Բանակդ միշտ ուժեղ պետք է լինի, ինչ ուզում է լինի։ Ինչքան էլ գերտերություններն են որոշում շատ հարցեր, բայց դու էլ պետք է ուժեղ լինես, որովհետեւ վերջնական խոսքը քեզ է պատկանում, դու ընկնես՝ հույսդ դնես ուրիշի վրա, իհարկե՝ ճիշտ չէ։ Դրա համար պետք է զբաղվենք անվտանգության համակարգի ձեւավորմամբ եւ ուժեղացմամբ։ Դա է միակ ճանապարհը, մինչեւ կգան ճիշտ ժամանակներ։ Ի վերջո, Ադրբեջանում Ալիեւն էլ հազար տարի չի ապրելու, իրավիճակն արագ է փոխվում, իսկ դու դրան պետք է պատրաստ լինես։ Սա է ամենակարեւորը»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image