Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Ժողովում քննարկվել են հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ է կատարվել վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Եվ այս կապակցությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:
Ամբողջ հայտարարությանը չեմ անդրադառնա: Առավել քննելի են այդ հայտարարության կապակցությամբ հնչած արձագանքներն ու կարծիքները՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը լավ «դոմփեց» Նիկոլին, թույլ «դոմփեց», զգուշավոր «դոմփեց», կարող էր ավելի ուժեղ «դոմփել»… Սիրելիներս, սրանք ընդամենը ձեր տվայտանքներն են: Նմանապես տվայտանքների մեջ էին նաեւ նրանք, որ արդեն քանի օր է՝ խոսում են միայն այն մասին, թե Նիկոլը, իբր, ՀԱԵ-ի թույլ տեղերից է բռնել, վախեցրել է Եկեղեցուն, բոլոր հոգեւորականները սարսափի մեջ են, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությամբ ասվել է այն, ինչ ասվել է՝ ո՛չ ավելորդ բառ, ո՛չ որեւէ անհարկի ձեւակերպում, ո՛չ ժամավաճառություն, ո՛չ էլ որեւէ անհանգստություն եկեղեցու ապագայի վերաբերյալ: Դուք այդ հայտարարության մեջ չեք գտնի որեւէ տող, որտեղ ասված լինի, որ Նիկոլ բարեպաշտի հայտարարություններից հետո արշալույսներ չեն լինելու, արեւն էլ ոչ թե արեւմուտքում, այլ հարավում է մայր մտնելու: Ճիշտ հայտնի ասացվածքն է՝ շունը կհաչի, քարավանն իր ճամփան կգնա: Այլ պատասխան Փաշինյանին եւ եկեղեցու դեմ հաչացող (հաչացած) ճիվաղներին չէր էլ կարող լինել:
Նախկինում հոգեւորականներն իրենք էին պատժում բոլոր հերձվածողներին ու անհավատներին՝ խարույկ էին հանում, վռնդում թեմից, եղել են դեպքեր, որ նրանց գցել են գիշակեր կենդանիների առաջ, որպեսզի սրանք մինչեւ դժոխք հասնելը ճաշակեն անմարդկային տանջանքները: Հիմա մենք ասում ենք՝ ՀԱԵ-ն թույլ «դոմփեց» Նիկոլին: Այսինքն՝ ի՞նչ պետք է աներ ՀԱԵ-ն, որ մեր սիրտը հովանար… Մեկս շատ ենք բորբոքված, մեկս՝ քիչ, մեկն ընդհանրապես դեռ Նիկոլի արեւով է երդվում: Եկեղեցին ի՞նչ պետք է աներ այս իրավիճակում, այն էլ՝ մեր օրերում, երբ դրսում միջնադար չէ: Եվ, ուրեմն, եկեղեցին սահմանափակվել է իրավապահ մարմիններին դիմելով. «Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների»:
Սա երկու բան է նշանակում: Առաջին՝ եկեղեցին իր ձեռքերն ու շուրթերը չի պղծելու սրանց արյամբ, եւ երկրորդ՝ Փաշինյանի հայտարարությունները հիվանդ ուղեղի եւ նեխած հասարակության համագործակցության արդյունք են, որից պետք է ազատվել: Ինչպե՞ս՝ դա էլ թող որոշեն իրավասու պետական մարմինները: Կա՞ն այդպիսիք՝ թող գործեն, չկա՞ն՝ ուրեմն գնացեք ձեր խոտոր ճամփով: Ի դեպ՝ «իրավասու պետական մարմիններ» ասելով՝ ՀԱԵ-ն միայն դատախազին, ԱԱԾ տնօրենին եւ մյուս ուժայիններին նկատի չունի: Այդպիսի մարմիններ են նաեւ առողջապահական հիմնարկները, Գիտությունների ազգային ակադեմիան, «Կրթվելը նորաձեւ է» շարժումն իրենց հարկի տակ հանդուրժող բուհերը, մարզպետարանները, քաղաքապետարանները եւ այլն: Զբաղվեք Նիկոլով՝ ինչքան սիրտներդ ուզում է… Գուցե նա փրկվի:
Եվ էլի մեկ նկատառում. ՀԱԵ-ի հայտարարության մեջ կա մի շատ պարզ նախադասություն, որ Նիկոլն ու նիկոլականները չեն կարողանում ընկալել: Դե, նրանք սովոր են մտնել բոլորի մատի ու մատանու արանքը, բանկային հաշիվների ու հայտարարագրերի մեջ: Մինչդեռ ՀԱԵ-ն նրանց ասել է. «Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից»: Սրա դեմ են ոռնոց բարձրացրել նիկոլականները եւ ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ իրենք այստեղ գործ չունեն: Սահմանադրական դատարանն ասելիք չունի՞ այս կապակցությամբ, մանավանդ, որ Նիկոլն իրեն դրել է կինոյի միջի տղայի տեղը՝ «օրենքից վեր դասելով իր անձը»:
Եվ ավարտեմ… Նիկոլենք թող շատ էլ «արխեին» չլինեն ու չմտածեն, որ անշուն գյուղ են մտել, կարող են անփետ ման գալ: Կաթողիկոսի գավազանի համար միշտ էլ կարելի է գործածության այլընտրանքային տարբերակներ գտնել: Ժողովուրդն ասում է՝ շան գլուխը որ քոր է գալիս, հովվի մահակին է քսում… Ասելս ի՞նչ ա՝ լեզուներդ ձեզ քաշեք ու հեռու խաղացեք ՀԱԵ-ից, մանավանդ որ այսօր ՀԱԵ-ի հետեւորդներն են շատ, իսկ ձեր՝ չուզողները: