Իհարկե, ցանկացած երկրում քաղաքացիներն ուզում են, որ իրենց նախագահը կամ վարչապետը լինի խելացի, բանիմաց, մեծահոգի, լայնախոհ, կրթված անձ։ Չէ՞ որ անգամ կայացած ժողովրդավարություն եւ ամուր ավանդույթներ ունեցող երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, շատ բան կախված է երկրի առաջին դեմքից։ Եվ որքան էլ հակակշռումների մեխանիզմները եւ պետական ինստիտուտները կայացած լինեն, երկրի առաջին դեմքը կարող է մեծ ավերածություններ անել, ազգակործան որոշումներ ընդունել եւ զավեշտի առարկա դառնալ, ինչպես դարձել է, օրինակ, Բայդենը։ Կարող են տարվա մեջ մի քանի անկանխատեսելի հրաժարականներ լինել, ինչպես Մեծ Բրիտանիայում։ Կարող են երկիրն ընկղմել անվերջանալի հանրահավաքների ու բողոքի ակցիաների մեջ, ինչպես Մակրոնը։ Բայց եթե տվյալ պետության քաղաքացիների բախտը չի բերել, ինչպես մերը, եւ պետության ղեկին է հայտնվել տարօրինակություններ եւ անհավասարակշիռ վարք ունեցող անձնավորություն, իրավիճակը տասնապատիկ ավելի է բարդանում։ Այս պարագայում կարող են մի քանի աղետալի հանգամանքներ զուգորդվել միմյանց հետ։
Օրինակ, բանտում անցկացրած տարիների «մուռը» նա կարող է հանել ցանկացած մեկից՝ անմեղ մարդկանց ուղարկելով բանտ։ Իրեն ժամանակին ինչ-որ կերպ ցավեցրած ու վիրավորած անձանց կարող է պատժել։ Նախկինում նրա հետ տարաձայնություններ ունեցած քաղաքական ուժերը կարող են հալածվել ու քարկոծվել։ Նախկին նախագահները, որոնց օրոք ինքը ծանր օրեր է ունեցել, կարող են դառնալ իր գլխավոր թիրախները։ Անգամ իր զինակիցները կարող են «շան քթից ջուր խմել», որովհետեւ իրեն են պարտական ամեն ինչի համար եւ «ոչինչ» են՝ առանց իրեն։ Իսկ նախկին ընկերները պարտավոր են այլեւս «պարոն»-ով դիմել եւ ոտքի կանգնել, երբ ինքը ներս է մտնում։