Սեպտեմբերի 28-29-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցան Սրբալույս Մյուռոնի օրհնությունն ու մայր տաճարի վերաօծման արարողությունը, ինչպես նաեւ մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Երկու արարողություններին էլ ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ սփյուռքից, եկեղեցու այլ թեմերի առաջնորդներ, մեծահարուստներ, նախկիններ ու ներկաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որը պատարագի կեսից հեռացավ իր քաղաքական շքախմբով, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց, իսկ հանրային տրամադրություններն ու գնահատականները միանգամից արտացոլվեցին սոցիալական հարթակներում։ Ի վերջո, պատմական այս իրադարձությունը պրոտոկոլային բնույթի աշխարհիկ միջոցառո՞ւմ էր, թե՞ հոգեւոր բովանդակությամբ կրոնական արարողություն։
Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին, որը եւս ներկա է եղել այդ արարողություններին, շատ կարեւոր է համարում դրանց հոգեւոր բնույթն աշխարհիկ տեսարաններից տարանջատելը։ «Շատ կարեւոր է, ըստ էության, ճշգրիտ վերաբերմունք ունենալ այն իրադարձությունների նկատմամբ, որի մեջ ենք բոլորս, այսինքն՝ մյուռոնօրհնեքը տիեզերական նշանակության երեւույթ է, որի հիմքում մեր պատմությունն է ինչ-որ առումով նյութականացված, որը սերնդեսերունդ փոխանցվում է, ընդ որում՝ սկզբնական բովանդակությունը։ Ինչպես գիտեք, նոր մյուռոնին միացնում են հին մյուռոնից մի զանգված, եւ դրանով մշտնջենական ժամանակներից եկած տեքստը, հոգեւոր ուղերձը նոր բովանդակություն եւ նոր ձեւ է ստանում»,- ասում է Արծրունին ու ընդգծում, որ այս իմաստով 2 իրադարձությունն էլ՝ Մյուռոնի օրհնությունն ու մայր տաճարի վերաօծումը, հսկայական հոգեւոր նշանակություն ունեն թե՛ տիեզերական, թե՛ ողջ հայության գիտակցական ու հոգեւոր կյանքը վերընձյուղելու իմաստով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ 12 տարի մայր տաճարը չէր գործում, եւ 12 տարի Մայր Աթոռում չէր հնչել սուրբ անմահ պատարագ։
Ինչ վերաբերում է կազմակերպչական խնդիրներին, ապա դրանք, ըստ նրա, միշտ էլ լինում են, եւ պետք է հասկանալ, որ, բովանդակային ծեսից բացի, նաեւ հանդիսական կողմը կար․ «Չգիտեմ, թե որքանով է ճիշտ այդ զուգահեռը տանել, բայց յուրաքանչյուր համերգ, որի հանդեպ կա մեծ հետաքրքրություն հասարակության կողմից, մարդիկ գնում են տոմսեր՝ դրան մասնակցելու համար, եւ կա մի զանգված, որոնց այդ տոմսերը չեն հասնում։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ կազմակերպչական իմաստով, բնականաբար, այդտեղ կային բազմաթիվ հյուրեր, մարդիկ, որոնք որոշակի կապերի մեջ են եկեղեցու հետ, եւ բնական է, որ իրենց հանդեպ պետք է նաեւ հատուկ հրավիրատոմսով վերաբերմունք դրսեւորվեր։ Օրինակ՝ ես եւ կինս ունեինք հրավեր, բայց մենք չենք նստել, այլ կանգնել ենք․ նախ՝ նստելու տեղ էլ չկար, բայց մեր մտքով անգամ չանցավ որեւէ բացասական նկատառում անել, որովհետեւ մեզ համար ոչ թե նստատեղն էր կարեւոր, այլ այդ իրադարձությանը մասնակից լինելու հանգամանքն էր առաջնայինը։ Ես դրան հանգիստ եմ նայում, որովհետեւ չլիներ այդ հրավիրատոմսը, մենք էլի ներկա կգտնվեինք դրան, որովհետեւ մեզ համար կարեւոր էր այդ միջոցառմանն ականատեսն ու մեջը լինելը»։
Վահան Արծրունին ասում է՝ իրենց համար, ինչպեսեւ շատերի դեպքում, նաեւ այդ ֆիզիկական հպումն էր կարեւոր, ուստի փոխանցել է իր խաչը եւ կնոջ գլխաշորը, որպեսզի մյուռոնի կաթսային հպեն․ «Քանի որ հոգեւոր իրադարձությունը, որպես այդպիսին, ունի նաեւ իր ծիսական մասը, եւ այդ հպումը նշանակում է նաեւ այդ հսկայական հոգեւոր լիցքի փոխանցումը, որից հետո կարծես դառնում ես դրա կրողը։ Այս ամենը հավատացյալների համար նորմալ, բնական բաներ են, ուրիշ բան, որ կան մարդիկ, որոնց համար այդ հպումը կամ հպման առարկան չափից շատ առարկայական է, ու եթե ես իմ խաչն եմ փոխանցում քահանային, որ հպի այդ կաթսային, կային նաեւ մարդիկ, որոնց համար դրամապանակն էր այդ հոգեւոր ֆունկցիան կատարում։ Հիմա այդ մարդու սրբությունն էլ այդ դրամապանակն էր, ու դա տվեց քահանային․․․ իսկ քահանան էլ մեխանիկորեն վերցրեց ու հետ վերադարձրեց, որովհետեւ ես եմ տեսել, թե քանի ժամ են նրանք կանգնած մնացել․․․։ Այսինքն՝ այդ հոգեւորականը հանցակից չէ, նա իր ֆունկցիան էր կատարում։ Սա պետք է ընդամենը հասկանալ ու ընդունել որպես զավեշտ»։
Վահան Արծրունու գնահատմամբ՝ այդ «զավեշտի» շարքում պետք է դասել նաեւ պետական այրերի այցելությունը մայր տաճար։ «Իհարկե, դա շատ տարօրինակ էր դիտվում, հատկապես այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ Վեհափառը հորդորում էր վարչապետին՝ հրաժարական տալ, կամ երբ այս տարի թույլ չէին տալիս կաթողիկոսական շքախմբին մուտք գործել Սարդարապատ․․․ Այսինքն՝ այդ ամենից հետո, այսօրվա կառավարության եւ պետական այրերի ներկայությունը նույնքան զավեշտալի էր, որքան այդ դրամապանակի փոխանցումը։ Պետք է հասկանալ, որ այս իրադարձության ընթացքը մեր ազգային բոլոր դրսեւորումների արտահայտման շրջան էր՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Այդ մի քանի ժամվա ընթացքում կյանքի ինչ իրարամերժ արտահայտություններ ասես՝ մենք տեսանք, ու դա էլ է բնական, որովհետեւ եկեղեցին, որպես այդպիսին, չի արգելում մեղավորների կամ հանցավոր մարդկանց մուտքը եկեղեցի, այլ ընկալում է նրանց որպես սեփական հոտ, որովհետեւ հենց եկեղեցին է տալիս այդ փրկության եւ մեղա գալու հնարավորությունը։ Այդ առումով եկեղեցու դռները բոլորի առջեւ պետք է բաց լինեն»,- ասում է Վ․ Արծրունին ու նկատում, որ ինքն այդ օրը այդտեղ կանգնած էր իր կողմից անընդունելի շատ մարդկանց կողքին, բայց դա չէր կարեւորը, այլ այն հոգեւոր իրադարձությունը, որի մասը կազմեց՝ ներկա գտնվելով այդտեղ։
Արծրունին չի ուզում մեկնաբանել, թե պետական պաշտոնյաների՝ պատարագի կեսից հեռանալն արդյո՞ք էլ ավելի կխորացնի եկեղեցու եւ իշխանության միջեւ առկա ջրբաժանը․ «Ես վաղուց այս կառավարության գործողությունները չեմ մեկնաբանում, որովհետեւ դրանք անմեկնելի են, եւ, ըստ էության, կատարվածը նրանց մյուս բոլոր գործողությունների ալգորիթմից չտարբերվող վարք էր, մենք փորձում ենք բանական կապեր գտնել, որն այստեղ փնտրելն իմաստ չունի»։