Քաղաքականություն

Նստեմ, որ «չնստեմ»

Նստեմ, որ «չնստեմ»

Նիկոլ Փաշինյանը սիրում է ընդդիմադիրների երեսին ասել, թե ինչ է խոսում ժողովուրդը նրանց մասին: Սա մարտավարություն է, թերևս, որ նպատակ է հետապնդում ընկճախտի մատնել քաղաքական հակառակորդներին: Լուրջ են ընդունում ընդդիմադիրները Նիկոլի ասածները, հավատում են դրանց, թե՞ վերագրում Նիկոլի երևակայությանը, դժվար է ասել: Փոխարենը Նիկոլը լուրջ է ընդունում ընդդիմադիրների հակադարձումներն թե ինչ է խոսում ժողովուրդը իշխանության և անձամբ իր մասին: Լուրջ է ընդունում և կատաղում: Իսկ կատաղում է, որովհետև վստահ է՝ ընդդիմադիրները ճշմարտությունն են ասում: Սկզբունքորեն չհավատալու խնդիր էլ չունի Փաշինյանը, որովհետև ժողովուրդն այդ ամենն ասում է նաև իր ճակատին, իր անցնելու ժամանակ, իր հետևից: Ու կապ չունի՝ օրն աշխատանքայի՞ն է, թե՞ տոն: Ասելն ու վանկարկելը դեռ մի կողմ: Սուլոցներ, շչակներ, մատների և ձեռքերի ժեստեր, թիկունքով կանգնել, թքել, հայհոյել…Նիկոլը սրանցից ո՞րը չի տեսել կամ չի լսել:

Երեկ, օրինակ, նրա շարասյունը վերադառնում էր, եթե չեմ սխալվում, Մարտունիից: Ոստիկանական մեքենաների ոռնոց, ճվճվոց, իրարանցում, պարեկների անկանոն սուլոցներ… Նիկոլն ա գալի, արա, բոլորդ մնացեք տեղում, ոչ մի շարժում… Ինքն էլ երևի խմած-շնթռած էր ջիպի մեջ: Եկան, քամու արագությամբ անցան Աճառյան-Ծարավ աղբյուր խաչմերուկն ու կորոն ներքևի կեռմանում: Իսկ ինչն էր հետաքրքիր՝ ոստիկաններն ամենուր էին՝ խանութների ու բակերի մուտքերին, բուսաբանական այգու ծառերի տակ և անգամ վերգետնյա անցումի վրա, որ չլինի թե մի շնչավոր հայտնվի կամրջակի վրա՝ Նիկոլի անցման ժամանակ: Հակաահաբեկչական պայքարի մեկնարկի հետ, հասկանալի է, կրկնապատկել են վարչապետի անվտանգությունը, բայց դա չէ հարցը: Նրանք չեն կարողացել փակել ժողովրդի բերանը: Հազիվ էր Նիկոլի ջիպն անցել վերգետնյայի տակով, որ մայթին խռնված մի խումբ հետաքրքրասերներ սկսեցին ուղեկցել նրա մեքենան «թուր-քեեեեեր», «թուր-քեեեեր» վանկարկումներով: Լսե՞ց սա Նիկոլը սեփական ականջով: Իհարկե լսեց… Թող որ ապակիները փակ էին, արագությունը մեծ էր, ոռնոցը շատ… Լսողական սարքերն էլ հո անջատված չէ՞ին: «Թուր-քեեեր», «Թուր-քեեեր»… Ժողովուրդն այնքան բացականչեց, մինչև շարասյունը կորավ տեսադաշտից: Բնականաբար, այդ բացականչությունը լսեցին նաև նշված հատվածում հավաքված ոստիկանները, որոնցից մեկն էլ, ինչպես ասացի, հսկում էր վերգետնյա անցումը: Նիկոլի հեռանալուց հետո սա թողեց «պոստն» ու ալարկոտ քայլերով սկսեց իջնել աստիճաններով: Հասավ մարդկանց խմբին, գլուխը կախ անցավ նրանց կողքով, ասես ոչ տեսել էր ոչ լսել այդ ամենը: Նիկոլի թասիբին կանգնել, նկատողություն անել, սպառնալ… Թե դուք տեսաք, ես էլ տեսա: Մարդն ահավոր ազդված էր…

Հ.Գ. Լսել եմ՝ ՔՊ-ն առաջիկա ընտրությունների կարգախոս է փնտրում: Կարող են շատ հեռու չգնալ դրա համար և ժողովրդից հետաքրքրվել՝ ի՞նչ ընտրել: Մեր հարևան Շմավոնն, օրինակ, առաջարկում է՝ « Նստեմ, որ չնստեմ» կարգախոսը: Ասում եմ՝ Շմավոն, բան չհասկացա: Սա թե՝ ինչ կա չհասկանալու, Նիկոլը պետք է նստի վարչապետի աթոռին, որ, հեռը իրենից, ուրիշ տեղ չնստի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image