2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։
Hraparak.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել ԿԸՀ, ցուցակը գլխավորում է հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Մխիթարյանի ավագանու թեկնածուները առանձնանում են իրենց ինքնակենսագրականով․ նրանք հիմնականում արվեստի, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ են։ Ցուցակում Մխիթարյանին հաջորդում է Պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Վահե Կիրակոսյանը , իսկ երրորդ համարը զբաղեցնում է Գյումրիում հայտնի արվեստագետ, նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը։ Ուշագրավ է նաև 6-րդ համարը զբաղեցնող կին ավագանու թեկնածու Սուսաննա Մոսոյանը, որը բավականին կիրթ, սեփական նախաձեռնություններով հանդես եկող երիտասարդ գյումրեցի է։Նա աշխատում է Թումո կենտրոնում, հիմնել է «Գյումրեցի կանայք» սոցիալական հարթակը, որտեղ տարատեսակ հարցեր են քննարկվում, ինչպես նաև աչքի է ընկնում իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ քննադատական գրառումներով։
Անդրադառնալով քաղաքականության մեջ մտնելու եւ Մխիթարյանի թիմին միանալու իր որոշմանը` Սուսաննա Մոսոյանն ասում է․
«Առաջադրվելու համար ինքս ոչ մեկի չեմ դիմել, իսկ ինձ առաջարկել են իրենց միանալ մի քանի ուժ, որոնցից ոմանց ուղղակի առաջին զանգից կամ գրելուց մերժել եմ, իսկ ոմանց հետ հանդիպել եմ ու լսել առաջարկները։ Ընտրել եմ այն ուժին ու թեկնածուին, ով ինձ հետ առաջին պահից քննարկել է Գյումրու զարգացման իր ծրագիրը, խոսել է արժեքներից ու գաղափարներից, ապագայի Գյումրիից, այլ ոչ թե ասել է. «Ինչքա՞ն ձեն կրնաս բերես», «Ի՞նչ կուզես էնենք քեզի համար, որ գաս մեր թիմ», «Ձեր ազգ ու տակը մե՞ծ է, կրնաս համոզես որ քեզի ընտրեն», «Որ ընտրվինք հետո քեզի ի՞նչ է պետք», «Ցուցակ կրնա՞ս բերես ընտրողների» և այլն։ Ես համաձայնվել եմ լինել տվյալ թեկնածուի թիմում, քանի որ ինձ չեն դիտարկել որպես «ձեն բերող», այլ նայել են որպես մարդու, ով իրոք անկեղծ ու անշահախնդիր սիրում է էս քաղաքը ու պատրաստ է իր զբաղվածությանը զուգահեռ՝ իր փորձով օգնել իրականացնելու շատ իրատեսական մի ծրագիր Գյումրիի համար։ Ես վստահ եմ, որ մի թիմում եմ, որի ընտրվելու դեպքում ամոթով ու գլխիկոր չեմ մնա քաղաքում մի քանի տարի հետո, այլ վստահ կկարողանամ ասել, որ մեր քաղաքի համար շատ մեծ գործ ենք արել ու դրական հետք ենք թողել քաղաքի զարգացման պատմության մեջ։ Ես ու մեր թիմը մեզ համար հաջողություն կհամարենք ցանկացած այլ ընդդիմադիր առողջ ուժի հաղթանակը, բայց ամենամեծ հաջողությունը կլինի, եթե գյումրեցին հավանություն տա մեր ծրագրերին ու տա հնարավորություն իրականացնելու այն»։