Ուկրաինան սպասում է ԱՄՆ բանակցային խմբի ժամանմանը, սակայն դա շատ է ձգձգվում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս կարծիքը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Կիևում կայացած հանդիպման ժամանակ։
«Ցավոք, այսօր մենք ուշադրության կենտրոնում չենք։ Իմ կարծիքով, Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թիվ մեկ խնդիրն է։ Եվ հետո գալիս է Ուկրաինայի հարցը։ Ցավոք, մենք կանգնած ենք այս պատերազմների շարքում», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը կարող է ամենաուժեղ կերպով ճնշում գործադրել Կրեմլի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինայի համար լավագույն տարբերակը կլինի, որ բանակցություններին մասնակցեն և՛ Վաշինգտոնը, և՛ Եվրոպան։
«Պատերազմը այստեղ է՝ եվրոպական մայրցամաքում։ Ես իսկապես հավատում եմ, որ ամենաուժեղ տարբերակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի ներկայացուցիչներն են։ Բայց, ինչպես ասացի, մեզ համար պատերազմի դադարեցումը դեռևս թիվ մեկ խնդիրն է։ Եվ այլընտրանք չկա։ Եվ այդ պատճառով ես անկեղծորեն ասել եմ. մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի։
Եվ ես պատրաստ եմ Պուտինի հետ ուղիղ բանակցությունների՝ այս պատերազմն ավարտելու համար, այլ ոչ թե հերթում սպասել, մինչև բոլորը վերջ դնեն աշխարհի բոլոր հակամարտություններին, հետո հերթը կհասնի մեզ», - հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել էր, որ Զելենսկին իր թիմին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մինչև ձմեռ հասնել պատերազմի ավարտին։
Կրեմլում ևս վստահեցրել են, որ պատրաստ են պատերազմը կանգնեցնել հենց այս պահին, նշելով որոշակի նախապայմաններ սակայն։