Քաղաքականություն

Ադեկվատ մարդը հայրենասիրության միայն մեկ մոդել կունենա՝ հայրենիքի նկատմամբ սերը

Ադեկվատ մարդը հայրենասիրության միայն մեկ մոդել կունենա՝ հայրենիքի նկատմամբ սերը

Պաշտոնական հաղորդագրություն. ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։ Տեսչական մարմնի հաղորդմամբ, հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է»։

Ինչի մասին է այս հաղորդագրությունը կամ, ավելի ճիշտ, ինչ է թաքցնում այն: Եթե Հայաստանը լիներ ոչ թե «ժողովրդավարության փարոս», այլ գոնե անցումային երկիր՝ ինչպես նախկիններից մերժված Սերժի օրոք էր, ապա կմտածեինք, որ եղել է խնդիր, որը լուծվել է: Խնդիրն էլ կարող էր լինել վաղուցվա կամ էլ ոչ այնքան: Բայց վստահաբար այն չէր կարող լինել մրցակիցների ձեռքի գործը, քանի որ յուրաքանչյուր օլիգարխ ուներ իր քվոտան և գործում էր դրա շրջանակում: Լավ էր դա, թե վատ՝ այլ հարց է, սակայն մեկը մյուսին չէր խանգարում՝ էլ չասած դիմեր պետական կառույցի օժանդակությունը: Քանի որ պետականին դիմելու փուլն արդեն հիմնականում անցած էր: Այդպիսին է, ընդհանրապես, կապիտալիզմի զարգացման օրինաչափությունը: 

Գանք մեր օրերը: Եթե տեղեկությունը հրապարկվեր նախքան Սամվել Կարապետյանի հետ պատահածը, ապա կմտածեինք ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Բայց քանի որ ռուսահայոց գործարարն իր անմեղ հայտարարության պատճառով վերածվել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անձնական թշնամու, ապա տեսչական մարմնի առաջին գործողությունը՝ հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումն ընդամենը վրիժառության ակտ է: Բայց հասկանալի չէ այդ կառույցի երկրորդ գործողությունը՝ կասեցման կասեցումը, կամ ինչպես պաշտոնապես է գրվել, կասեցումը վերացնելը: Որովհետև հաշվի առնելով կասեցման իրական բնույթը՝ վրիժառությունը, այն այդքան արագ չպետք է վերաբացեր: Ուրեմն, ո՞րն է վերաբացման պատճառը:

Եթե հաշվի առնենք օբյեկտի տեղակայման վայրը՝ նույն շենքում, ինչ «Էրեբունի մոլ»-ը, ապա կարող ենք հանգել այն ենթադրության, որ դրան նպաստել է մոլի սեփականատերը: Բայց ո՞վ պետք է լիներ այդ անձը, որպեսզի հաղթահարեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վրեժխնդրության զգացումը: Հատկապես որ ոչ շատ հեռու, դիմացի մայթին գործում է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի մեկ այլ օբյեկտ, ու իրեն դժվար պետք է լիներ տեսչական մարմնին, իսկ դրան էլ՝ վարչապետի աթոռից կառչած անձին համոզելը, որ նշված օբյեկտի գործունեության կասեցումը վնասում է առևտրին: Չնայած եթե առաջնորդվենք «հարկատուն հերոս է» նիկոլական մտածողությամբ, ապա մոլի սեփականատիրոջ խնդրանքը պետք է որ հարգվեր: Բայց այդ դեպքում էլ չպետք է փակվեին «Տաշիրի» պիցցայանոցների, չգիտեմ, կեսը թե մեկ երրորդ մասը: Մի խոսքով, ոնց գցում, բռնում ենք՝ բախվում ենք վերը նշված մտածողությունում առողջ դատողության բացակայությանը:
Կարծում եմ, «Հրապարակ»-ի ընթերցողները զգացին, որ ռուսաստանաբնակ գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի հետ պատահածից հետո պիցցայանոցի առումով չի քննարկվում «եղել է խնդիր, որը լուծվել է» տարբերակը: Որովհետև 2018-ի «ոչ բռնի, խաղաղ, թավշյա», բայց իրականում՝ փողոցում հավաքված ամբոխի բիրտ ուժի ազդեցության ներքո իրականացված իշխանափոխությունից հետո մեր երկրում կատարվածը չի ենթարկվում որևէ բնական օրինաչափության: Այն ենթարկվում է աննորմալ օրինաչափության, երբ երևույթներն ու մարդկային վարքագիծը շրջվում են գլխիվայր: Երբ երկիրը ղեյավարվում է ոչ ադեկվատ անձի կողմից, ինչի դեպքում հնարավոր է, որ մի օր Արցախը հայտարարվի հայկական, իսկ մեկ այլ օր՝ ադրբեջանական (բայց արդեն Լեռնային Ղարաբաղ անվանումով): Ու փորձ է արվում դա պատճառաբանել հայրենասիրական ինչ-ինչ մոդելներով: Բայց որպես մտածելու ունակ ու տարիքս առած անձնավորություն՝ կարող եմ վկայել, որ նորմալ անձը կարող է ունենալ հայրենասիրության միայն մեկ մոդել՝ դա հայրենիքի նկատմամբ սերն է: Մնացած ամեն ինչն ընդամենը խոսքային ձեռնածություն է՝ Նիկոլին բնորոշ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image