Հարցազրույց

ՔՊ-ն շատ բարդ իրավիճակում է Գյումրիում, ինչ սցենար էլ խաղարկեն, 50+1 չեն ապահովի

ՔՊ-ն շատ բարդ իրավիճակում է Գյումրիում, ինչ սցենար էլ խաղարկեն, 50+1 չեն ապահովի

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ակտիվությունն օր օրի աճում է։

«Ապրելու երկիր» կուսակցությունը երեկ պաշտոնապես հայտարարեց մասնակցության մասին ։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Կուսակցության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։

Hraparak.am-ի զրուցակիցը  «Ապրելու երկիր» կուսակցության Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մալխասյանն է։

-Պարո՛ն Մալխասյան, 2021 թ-ին Ձեր կուսակցությանը հաջողվեց բավականաչափ ձայներ ստանալ եւ համայնքապետարանում ապահովել ներկայացուցչություն։ Ի՞նչ եք կարծում, այս անգամ ավելին հաջողվելո՞ւ է ։ 

-Այո՛, 2021թ-ին մենք գյումրեցիների վստահությունը շահելով՝ ստացանք ավագանու մանդատներ, եւ այս ընթացքում ակտիվ ավագանու անդամ ենք եղել, գոնե ես  բազմաթիվ առաջարկներ եմ արել, նկատառումներ ներկայացրել, ինչպես նաև քննադատել։ Մեր ներկայացրած նախագծերից որոշները կյանքի են կոչվել , որոշները՝ չէ։ Այսինքն՝ մենք գործ ենք արել, եւ համոզված եմ, որ գյումրեցիների վստահությանը կրկին կարժանանանք եւ ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք։

-Դեռ պաշտոնական առաջադրումներ չկան, բայց Գյումրիում քաղաքական դաշտը լարված է, ոմանք արդեն քարոզարշավի մեջ են, անառողջ մթնոլորտ է, համաձա՞յն չեք։

-Իրականում, այո՛, որոշակի դրսևորումներ կան, որ ստիպում է նման բնութագիր տալ, բայց ես կոչ եմ անում բոլորին, որ մնան այն սահմաններում, որը տեղավորվում է և՛ բարոյականության, և՛ իրավականության դաշտում։ Միանշանակ, մենք պաշտպանելու ենք այդ սահմանները, բայց թույլ չենք տալու նաև, որ ժողովրդին մոլորեցնող կամ խաբող թեզերով փորձեն քարոզարշավ անել, ինչպես նաև մեկին սևացնելով, կամ կեղծ թեզեր առաջ քաշելով ։

-Տարբեր տեսակետներ կան, մտավախություններ, որ Գյումրիում իշխանությունը մյուս համայնքների սցենարները կխաղարկի, մասնավորապես «Եվրադաշինքի» մասնակցությունը՝ շատերի կարծիքով Երևանի ընտրությունների սցենարի պլանավորումն է, ի՞նչ եք կարծում ։

-Երևանի սցենարը խաղարկելու հետ կապված՝ ասեմ՝ նախ ՔՊ-ն շատ բարդ իրավիճակում է Գյումրիում, ես համոզված եմ, որ ՔՊ-ն պարտվելու է այստեղ, այդ առումով ինչ սցենար էլ, որ ուզեն խաղարկել, այսինքն՝ մեկ այլ ուժ, որ ուզի համագործակցել ՔՊ-ի հետ, եթե անգամ ներկայացված լինեն  ավագանիում, բավարար չի լինի, որպեսզի ՔՊ-ն կարողանա 50+1 ձայներով մանդատ ունենա եւ տիրանա իշխանությանը։ Ինչ վերաբերում է «Եվրադաշինք»-ին, ես իրենց թեկնածուի անկեղծությանը չեմ կասկածում, բայց այդ համախմբված ուժերի անկեղծությանը կասկածում եմ։ Սա նաև լավ առիթ կլինի, որպեսզի իրենք իրենց վարքագծով այդ կասկածները փարատեն։

-Քաղաքն արդեն թեկնածուների պաստառներով է ողողված, տպավորություն է, թե քարոզարշավը մեկնարկել է, դուք ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում այն իրականացնել։

-Այո՛, կան պաստառները փակցված են արդեն, 2021թ․-ին էլ , անուններ չտամ, բայց կային էլի քաղաքական ուժեր, որ նույն ձևաչափով մասնակցում էին, ընտրությունները դեռ չմեկնաքրկած՝ այլ պատրվակներով քաղաքը պաստառներով ողողել էին, բայց այդ քաղաքական ուժերից եղան, որ նույնիսկ շեմը չհաղթահարեցին։Այսինքն՝ պաստառ ունենալը կամ թաքնված քարոզ իրականացնելը դեռևս բավարար չէ, որ գյումրեցին իր  վստահի այդ քաղաքական ուժին։Օրենքնով չարգելված բոլոր միջոցներով մենք իրականացնելու ենք մեր քարոզարշավը, օրենքով սահմանված ժամկետում մենք էլ պաստառներ կունենանք։Բայց մեզ համար գերադասելի է բնակիչների հետ անմիջական շփումը, լսել, արձագանքել նրանց։

-Հիմա մի եզրույթ կա՝ Գյումրիից սկսվեց, Գյումրիից էլ ավարտվելու է։ Կարծում եմ՝ մի փոքր չափազանցված է, բայց, այնուամենայնիվ, այս ընտրությունները որոշիչ դեր խաղալո՞ւ են Հանրապետության համար։

-Այս ընտրություններով շատ բան է արտացոլվելու։ Չեմ ուզում՝ ուռճացված հնչի, սա ՏԻՄ ընտրություններ են, բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաքն է եւ իր խնդիրներով, լավ ու վատ կողմերով, արձանագրած արդյունքով՝  համոզված եմ, որ գալիք ԱԺ ընտրությունների վրա մեծ ազդեցություն է թողնելու։ Եվ ամենակարևորը՝ գոնե մեզ համար, այն է լինելու, որ ՔՊ-ն բավարար ձայներ չի ունենալու, որպեսզի իշխանություն ձևավորի Գյումրիիում, ինչը հնարավորություն չի լինի նաև ներկայացնելու՝ թե տեսեք ժողովուրդը մեզ վստահում է, հակառակը, հիմնավորվելու է, որ ժողովուրդն իրենց այլևս չի վստահում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image