Տնտեսություն

Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Շիրակի մարզի Հայկաձոր համայնքին. ամբողջ բերքը ոչնչացվել է

Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Շիրակի մարզի Հայկաձոր համայնքին. ամբողջ բերքը ոչնչացվել է

Քիչ առաջ տեղացած հզոր կարկուտը ծանր հարված է հասցրել Շիրակի մարզի հայ-թուրքական սահմանին տեղակայված Հայկաձոր սահմանամերձ համայնքին։
​Բնակիչների փոխանցմամբ՝ բնության տարերքը եղել է անսպասելի և արտակարգ ուժգնությամբ, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել ու փչացել է գյուղացիների ամբողջ տարվա բերքը։ Կարկուտը հավասարեցրել է հողին ինչպես հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաներն ու մրգատու այգիները:
​Համայնքի բնակիչները հայտնվել են հուսահատ վիճակում, քանի որ սահմանապահ գյուղում գյուղատնտեսությունը նրանց եկամտի և ապրուստի հիմնական միջոցն է։ Այս պահին վնասների նախնական չափն անգամ ահռելի է գնահատվում և բնակչության համար սա կրկնակի ծանր հարված է:
​Ակնկալում են, որ պատկան մարմիններն ու մարզպետարանի համապատասխան հանձնաժողովները շուտափույթ կերպով կայցելեն համայնք՝ տեղում արձանագրելու կրած վնասների իրական ծավալները և քննարկելու տուժած գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու հրատապ քայլերը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image