Ամիսներ առաջ իշխանությունը, ի դեմս Գլխավոր դատախազության, որոշեց պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը, որպես հիմնավորում՝ հղում անելով «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990-ի սեպտեմբերի 10-ի օրենքի առաջին կետին, որը սահմանել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Մինչդեռ երկու միությունն էլ ստեղծման օրվանից չեն եղել պետական կառույցներ, այլ հասարակական կազմակերպություններ են։
Չնայած դիմադրության ալիքին, իշխանությունն այս ընթացքում հասցրել է համապատասխան օրենսդրական կարգավորումներ մշակել՝ հասարակական կառույցներ հանդիսացող բոլոր կազմակերպությունների, միավորումների գույքը պետականացնելու եւ սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Իսկ սա արդեն վերաբերում է ոչ միայն գրողներին ու նկարիչներին, այլեւ բոլոր միություններին ու ՀԿ-ներին, այդ թվում` հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող:
Նախօրեին Նկարիչների միությունում կազմակերպված հանդիպում-քննարկմանը ներկա էին նաեւ Հայաստանի կույրերի եւ խուլերի միավորումների անդամները, որոնք պակաս վրդովված չէին, քան ստեղծագործական միությունները:
Հայաստանի կույրերի միավորման նախագահ Ռաֆիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ միավորումը ստեղծվել է 1930-ին եւ հենց ստեղծման առաջին ամիսներից սկսել է իր տնտեսական գործունեությունը: Այսօր արդեն միավորումն ունի 52 միավոր անշարժ գույք, որը բացառապես ստեղծվել է չտեսնող մարդկանց աշխատանքի արդյունքում։ «Բացի դրանից, մենք միայն Երեւան քաղաքում կառուցել ենք 27 բազմաբնակարան շենք, մի այդքան էլ՝ շրջաններում․ Սեւանում, Աշտարակում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում..., այսինքն` այդքանը որ միավորենք, կլինի միջին չափի մի քաղաք: Եթե Կույրերի միավորումը չստեղծեր դա, հիմա հազարավոր մարդիկ անտուն կլինեին: Բացի այն ունեցվածքից, որ այսօր ունենք մենք, պետության համար ստեղծել ենք բազմաթիվ հաստատություններ. Մալայանի անվան աչքի հիվանդանոցը Հայաստանի կույրերի միավորումն է ստեղծել եւ նվիրել պետությանը, 8-րդ հիվանդանոցի աչքի մասնաշենքը ստեղծվել է մեր միջոցներով, նաեւ երեխաների համար դպրոցի շենք ենք կառուցել ու նվիրել նախարարությանը, Սեւանի քաղաքային մշակույթի տունը, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանի մի մասնաշենքն էլի մենք ենք կառուցել, իսկ հիմա ասում են` «սեփականություն» բառը հանենք եւ տեղը գրենք` «հատկացնել, հանձնել»...: Այդ մենք ենք մեր ունեցվածքին հավասար նաեւ ձեզ հանձնել ու հատկացրել գույքեր: Գործընթացներ են գնում, որից մենք տեղյակ չենք ու պատահական ենք իմացել, որ այսպիսի պրոցես է գնում: 4 տեղով` 4 տարբեր աշխատակիցներ, դիմել ենք կադաստր` միասնական տեղեկանք ստանալու համար, բայց չեն հատկացրել...: Ակնկալում ենք Ազգային ժողովում քննարկում՝ շահառու կողմերի մասնակցությամբ, ակնկալում ենք նաեւ, որ վարչապետն ընդունի հասարակական կազմակերպություններին, ստեղծագործական միություններին, որոնք ունեն գույք, եւ այս հարցը միասին քննարկենք, իսկ մինչ այդ օրենքի ընդունումը պետք է կասեցնել»,- ընդգծեց միավորման ղեկավարը:
Ռ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կադաստրն ինչ հիմքով իրենց տեղեկանք չի տվել։ «Մեր գույքերի նկատմամբ ցանկացած գործողություն սառեցված է, այլ ճանապարհներից իմացել ենք, որ Սիսակ Գաբրիելյանը դիմել է դատախազություն, որ կույրերի ու խուլերի միավորումների փաստաթղթերը սովետական շրջանի են, այսինքն` ի՞նչ է նշանակում՝ սովետական շրջանի են, դա հանցագործությո՞ւն է.... երեւի ինքն էլ հրահանգել է կադաստրին, որ մեզ տեղեկանք չտան մեր գույքերի մասին: Այսօր քանի՞ կազմակերպություն կա Հայաստանում, որ արտահանում ունի, իսկ մենք ունենք` արտահանում ենք սեղմակավոր բլոկներ, մենք անգամ սովետական շրջանում ենք արտահանում ունեցել»:
Հայաստանի կույրերի միավորման վարչության անդամ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք առայժմ իրենց մտահոգությունը շատ թույլ ձեւով են հայտնում, եթե իրենց ձայնը չլսվի, կգնան նաեւ վճռական քայլերի. «Պետության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնք շատ լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ Հայաստանի կույրերի միավորման՝ տասնամյակներով սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ: Քանի որ, ըստ էության, կայացվել է քաղաքական որոշում, որ պետք է այս գույքերը պետականացվեն, ուրեմն այլեւս պետք չէ սպասել դատարանների որոշմանը, պետք է իրավաբանորեն ճիշտ ձեւով փաստաթղթավորվենք ու այսուհետ նախապատրաստվենք երկարատեւ պայքարի, պետք է գտնել այնպիսի մասնագետների, իրավաբանների, ովքեր իրոք մտահոգված են այս ամեն ինչով, պետք է հակընդդեմ դատական հայցերով հանդես գալ կառավարության նախաձեռնությունների դեմ: Ստացվում է` մենք մեր երկրում ստիպված ենք ինքնապաշտպանվել կառավարությունից, որովհետեւ այլ տարբերակ մեզ չի տրվում: Մշակույթը` նկարչությունը, երաժշտությունը, հանդիսանում է ցանկացած պետության դիմագիծը, նկարագիրը, եւ եթե այս կազմակերպությունները խնդիրներ են ունենալու, ստացվում է` հայկականության, հայի դեմ մեր երկրում պետության կողմից իրականացվում է շատ վատ քաղաքականություն»:
Զրուցակիցս նկատում է, որ մեր հասարակության մեջ մեծ թյուրըմբռնում կա չտեսնող մարդու կարողությունների, հնարավորությունների եւ մտավոր ունակությունների հանդեպ։ «Մեր միության նախագահը ներկայացրեց, թե մենք ինչ կառույցներ ենք սարքել ու նվիրել պետությանը, հիմա, փաստորեն, պետության կողմից ոտնձգություն է կատարվում այդ կառույցների, այդ թվում՝ Կույրերի միավորման գույքի նկատմամբ»,- ասում է Հ. Կարապետյանն ու նկատում, որ նախկինում պետության կողմից երբեւէ չի եղել սեփականաշնորհման նման փորձ:
«Եթե ինչ-որ պաշտոնյաներ ինչ-որ սխալներ են թույլ տվել ու սխալ որոշումներ կայացրել, թող այդ պատասխանատվությունն այդ պաշտոնյաները կրեն, որովհետեւ նրանք պետության անունից են հանդես գալիս: Այլապես ստացվում է` պետությունն է ամբողջովին սխալ գործել...»:
Հայաստանի խուլերի միավորումը եւս անհանգստացած է պետության մտադրությունից, միավորման նախագահ Մարինե Հարությունյանը հիշում է` 1932-ին ստեղծված միավորումն ունեցել է շատ տարբեր կոմբինատներ, մշակույթի կենտրոններ, իրենք եւս տարբեր շենքեր են կառուցել ու նվիրել պետությանը: Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող Խուլերի միավորման շենքը նույնպես իրենց ջանքերով է կառուցվել, ինչի մասին շատերը չգիտեն, քանի որ իրազեկում էլ չի եղել: Միավորումը մասնաճյուղեր, կոմբինատներ է ունեցել նաեւ ՀՀ տարբեր մարզերում եւս` Գեղարքունիք, Վանաձոր, Ագարակ, Գյումրի:
Միավորման նախագահն ընդգծում է, որ Եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող հողը ժամանակին անհատույց տրվել է իրենց, որտեղ էլ կառուցել են մշակույթի պալատ։ «Մենք լսել էինք..., մեզ ասում էին, որ աչք ունեն ձեր շենքի վրա եւ ուզում են ձեզնից վերցնել, խուլերը մի կողմից անհանգստանում էին, բայց մյուս կողմից էլ ասում էին` ո՞վ կարող է մեզնից վերցնել մեր շենքը, բայց հետո դատարանից ծանուցում եկավ, որ շենքը պետք է պետականացվի, իսկ մեր սեփականության վկայականը՝ անվավեր ճանաչվի...։ Սա աբսուրդ բան է... մենք էլ որպես 3-րդ կողմ ենք ներգրավված, ո՞նց կարելի է խուլերի ձեռքից շենքը վերցնել, դա մեր կենտրոնն է, տունն է, մենք ենք մեզ ինքնաֆինանսավորում, պահում, միջոցառումներ կազմակերպում, իսկ պետությունից ոչ մի աջակցություն չենք ունեցել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ որ պետությունը շենքը վերցնի, ի՞նչ է անելու, բա խուլերը որտե՞ղ պետք է լինեն եւ ո՞ւր գնան: Այդ շենքը խուլերի եկամուտներից է կառուցվել, պետությունն ունի՞ որեւէ ապացույց, որ իրենք են այդ շենքը մեզ տվել, որ հիմա էլ ուզում են մեր ձեռքից վերցնել: Մենք թույլ չենք տալու, որ մեր շենքը մեր ձեռքից վերցնեն: Այսինքն՝ պետությունը թքած ունի նկարիչների, գրողների, հաշմանդամների, բոլորի վրա, քանի որ ոտնահարում են մեր սեփականության ու մյուս իրավունքները»,- ընդգծեց Մ. Հարությունյանը: