Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Հանճարեղության և հիմարության միջև տարբերությունն այն է, որ առաջինն ունի սահմաններ»: Հետաքրքիր է, իսկ տգիտությունն ունի՞ սահման, թե՞ ոչ: Որովհետև եթե սահման ունենար, ապա հանրության տեսադաշտում չէին կարող հայտնվել ո՛չ Նիկոլ և ո՛չ էլ նիկոլանմաններ: Որոնց միակ նպատակը տգետ զանգվածներին հիմարացնելու միջոցով անձնական շահ հետապնդելն է: Ինչին հասնելու համար այդ անձինք կարող են պնդել, օրինակ, որ կովի կաթն, իհարկե, սպիտակ է, սակայն դրանից պատրաստված մածունը կարող է նաև սև լինել: Ու կփորձեն ասվածը հիմնավորել այն հանգամանքով, որ սպիտակ կաթից մածուն պատրաստելու գործընթացում տեղի են ունենում ֆիզիկա-քիմիական ռեակցիաներ, որոնց արդյունքում ստացվում է սև մածուն: Բայց եթե նորմալ մարդը խանութից մածուն գնի ու դա դեմ տա նման բան ասողին՝ կպնդեն, թե դա սխալ մածուն է, ճիշտը հենց սև մածունն է, որ կա:
Ահա այդպիսի մտքեր առաջացան մեջս՝ երբ «Հրապարակ»-ը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի աթռից կառչած անձը կարծիք էր հայտնել, որ Հռչակագրի տեքստը այն մասին է, որ «Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել»: Պատկերացրե՛ք, պատգամավորների մակարդակի առումով լավագույն հայաստանյան խորհրդարանի կողմից միաձայն ընդունված Անկախության հռչակագիրը ենոքավանցի թերուս մեկի կարծիքով «Հայաստանի ԱՆԿԱԽ պետականության չգոյության» մասին է: Որպես խելացի և տարիքով իմաստնացած (տվյալ պարագայում մի կողմ դնելով կեղծ համեստությունը) անձնավորություն կարող եմ ընդունել, որ այդ մտքի հեղինակը սեփական կարծիք ունենալու իրավունք ունի: Քանի որ սեփական կարծիք կարող են ունենալ թե՛ հանճարները և թե՛ հիմարները: Իսկ մեր դեպքում՝ սեփական սկզբունքներին դավաճանած մեկը, ով մի ժամանակ Արցախը Հայաստան էր համարում, իսկ հետո՝ Ադրբեջան: Ու հանուն պաշտոնը պահպանելու՝ փորձում է անուն դնել մի երևույթին, ինչի իրավունքն ինքը չի վաստակել:
Կամ էլ պետք է ընդունենք, որ աշխարհ է եկել մի այնպիսի անձնավորություն, որ նպատակ ունի փոխել մարդկության աշխարհընկալումը: Ինչպես նաև յուրաքանչյուր մարդու՝ սեփական (իր ընտանիքի, համայնքի և պետության) շահերի ընկալումը: Եվ իր գոյությամբ ու մտածողությամբ փորձում է վերջ դնել մարդկության և այդ թվում՝ հայ ժողովրդի, դարավոր մշակված ու հղկված ընկալումներին: Որ գոյություն ունի պատմական հայրենիք, որտեղ ձևավորվել է տվյալ (մեր դեպքում՝ հայ) ժողովուրդը: Որ երբ այդ ժողովրդի ստեղծած պետությունը թուլանում է՝ վրա են տալիս զավթիչները ու զավթում կա՛մ ողջ երկիրը կա՛մ դրա մի մասը: Իսկ երբ ժողովուրդը հզորանում է՝ հետ է բերում կորցրածը: Այլ ոչ թե խաչ է քաշում կորցրածի վրա՝ անունը դնելով խաղաղության խաչմերուկ: Փորձելով դրանով հիմարի տեղ դնել թե՛ տվյալ երկրի ժողովրդին և թե՛ զավթիչներին:
Բայց քանի որ զավթիչները երբեք հիմար չեն լինում՝ նրանք ստիպում են կեղծ քրիստոսյան դիմակի տակ թաքնված, քաջությունից ու համարձակությունից կիլոմետրերով հեռու անձին, չնայած մի ժամանակ դրա կրած «դուխով» մականվանը, կատարել այնպիսի քայլեր, որ սերունդները հետագայում չկարողանան դուրս գալ դրա տակից: Եվ անիծեն թե՛ կոնկրետ այդ «հարբեցող խեղկատակին» (ինչպես թշնամին է նրան անվանել) և թե՛ նրա ժառանգներին: Քանի որ որքան էլ վերջինս խոսքային ծամածռություններ անի՝ հայության լավագույն զավակների կողմից ձևակերպված ու ընդունված Անկախության հռչակագիրը չի կարող լինել «Հայաստանի ԱՆԿԱԽ պետականության չգոյության» մասին փաստաթուղթ: Ինչը նշանակում է, որ ոչ թե Հռչակագիրն է սխալ, այլ ինքն է սխալ տեղում հայտնվել: Ու հանուն դրա պահպանման փորձում է սխալ հանել հայոց պետականության հիմքերը: Ինչը չի կարող հաջողությամբ պսակվել՝ որքան էլ տվյալ պահին արժանանա երկրի ներսում իր նմանների, իսկ երկրի սահմաններից դուրս՝ հայության ճակատագրի վրա թքած ունեցողների հավանությանը: Աշխարհի որ մասում էլ դրանք լինեն: