«Հրապարակի» զրուցակիցն է Վրաստանի հայազգի հասարակական գործիչ Գուրգեն Մխիթարյանը:
-Հեռվից ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանում տեղի ունեցողի մասին, երբ յոթանասուն տարեկան քաղաքական գործչին, գործարարին ցուցադրաբար գետնին են տապալում, որոշում են, որ նրա կենդանիներին ևս պիտի առգրավեն, արդյունքում առյուծներից մեկը չի զարթնում քնեցումից հետո:
-Այդ ամեն ինչն ինձ մոտ առաջացնում է շոուի տպավորություն, այսինքն, կզզացնեմ, սպանեմ, սատկացնեմ, պատին դեմ կտամ, փռեմ ասֆալտին և այլն: Այսպիսով, նա ցույց է տալիս այն ընտրազանգվածին, որը տառապում է դասակարգային ատելությամբ ցույց է տալիս իր ունակությունները և դրանով շահում է այդ ընտրազանգվածի աջակցությունը: Քանի որ այդ ընտրազանգվածը, այդ խավը, որ ինտելեկտի դեֆիցիտ ունի, նյութապես մի քիչ խեղճ է, սիրում են այդպիսի շոուներ: Որպես թիֆլիսեցի կասեմ, որ նման բաներ առաջին անգամ չի կատարվում հայ ազգի պատմության մեջ, թիֆլիսահայերից էլ շատ բաներ խլեցին նույն այդ ընտրազանգվածի միջոցով:
-Այսինքն…:
-Ցանկացած հեղափոխության հետևանքով այդպես է լինում, եթե չեն կարող արդարացնել իրենց հեղափոխությունը, թափված արյունը և այլն, աշխատում են սիրաշահել այդպիսի շոուներով, ինչպես որ եղավ ռուսական կայսրությունում 1917 թվականի հեղափոխությունից հետո: Ամեն ինչ ազգայնացվեց, այդ մարդկանց մոտից՝ Արամայանցը, Բոզարչյանը, այլ մեծահարուստներ, ովքեր ֆինանսավորում էին, ուսանողների թոշակներն էին վճարում, նույնիսկ արտասահման կրթվելու էին ուղարկում այդ նույն ընտրազանգվածի երեխաներին` սովորելու, այդ նույն մարդկանցից ամեն ինչ վերցրին և իբրև թե տրվեց այդ ընտրազանգվածին, բայց այդ ընտրազանգվածը մնաց առանց ոչինչ: Ինչպես որ Հայաստանում, այդ ընտրազանգվածը կմնա առանց ոչինչ գուցե և առանց հայրենիք: Դա շոու է, վրեժխնդրություն, բայց այստեղ մի բան պետք է հիշել, Երևանում Աստաֆյան փողոցում Ավետիք Իսահակյանին հանդիպում է գրողների միության անդամներից մեկը և ասում է` վարպետ, գիտես, այսինչ գրողը քեզ պարսավում է, Ավետիք Իսահակյանը մտածում և պատասխանում է՝ «Չեմ կարծում, չեմ հավատում, որ նա ինձ պարսավի, քանի որ ես նրան երբևէ լավություն չեմ արել»: Տեսեք, Իսահակյանի այս խոսքերից հետո ես ստիպված եմ մտածել, թե ինչ լավություն է արել Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին, որ այդպիսի վատ վերաբերմունք ստացավ: Այդպիսի վատ վերաբերմունք կարող էր ստանալ միայն այն մարդը, ով լավություն է արել Փաշինյանին, իսկ Գագիկ Ծառուկյանը բոլորից լավ կիմանա, թե ինչ լավություն է արել Փաշինյանին:
-Փաշինյանը այսքանով կբավարարվի՞, թե՞ շարունակական է լինելու հաշվեհարդարը:
-Ոչ, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, քանի որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալված է, նա պետք է ընտրազանգվածի և այդ հասարակության ուշադրությունը շեղի դեպի ներքին խնդիրներ և այդպիսի շոուներ կազմակերպելով կկարողանա ուշադրությունը շեղել այնքան ժամանակ, մինչև որ վերջապես Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ: Եվ դա ոչ շատ ուշ ապագայում է լինելու:
-Ինչպե՞ս կարելի է կամ հնարավո՞ր է արդյոք դա կանգնեցնել:
-Այստեղ կարևորը հեղափոխական գաղափարախոսությունն է: Հեղափոխականներն իրենք իրենցով լավ մարդիկ չեն, հիշենք ֆրանսիական հեղափոխությունը, ապա կհիշենք, թե նրանք ինչպես ֆրանսիական թագավորների դամբարանները, այդ թվում նաև Կիլիկիայի թագավոր Լևոն 6-րդ Լուզինյանի դամբարանը, ավիրեցին, ու մարդիկ կարողացան փրկել միայն տապանաքարերը, այդ թվում նաև Լևոն 6-ի տապանաքարը, որն այսօր գտնվում է Սենտ Դենիմ աբբայությունում: Հեղափոխականները արնախում, արյան ծարավ մարդիկ են և ուղղակի զարմացա, ես մեր ազգից չէի սպասի, որ այդքան մեծ քանակությամբ հայկական արյան ծարավ ժողվուրդ կհավաքվեր այդ ազգակործան հեղափոխությանը: Յոթանասուն տարեկան մարդուն իր տանը պառկեցնում են գետնին, յուրացնում են նրա ունեցվածքը, գիտեք` ամոթ է, բոլշևիզմ է հիշեցնում:
-Կուլակաթափ են անո՞ւմ:
-Կուլակաթափություն արեցին, ով ինչ աշխատող մարդ էր, մի կոպեկ կարող էր աշխատել, հարբեցողների ու խուժանների միջոցով բոլորին ունեզուրկ արեցին՝ հեղափոխությունը դա է: Այս ամեն ինչը արդյունք է այդ ազգակործան հեղափոխության և այդ հեղափոխությունից հետո և առաջ դա հավասարության նշանի առկայությունն է ստախոսության և խոսքի ազատության միջև և դասակարգային ատելությունը: Ես ապրել եմ Առինջ գյուղում, տիկին Ռոզան մանկապարտեզի տնօրեն էր՝ հիասքանչ կին է, գիտե՞ք ինչպես էր օգնում Ծառուկյանների ընտանիքը: Ամբողջ Կոտայքի մարզով հատուկ ավտոբուսներ կային, որ Չարենցավան, Հրազդան ու մյուս գյուղերից ձրի բերում էին մինչև Շրջանային՝ Մետրո երիտասարդական, որտեղ տեղակայված էին բուհերը, հետո գնում էին ավտոբուսները ու երեկոյան ժամը հինգին վերադառնում էին ու այդ նույն ուսանողներն անվճար երեկոյան վերադառնում էին իրենց տները: Եվ հենց այդ ուսանողների ծնողներն այսօր ուրախանում են Գագիկ Ծառուկյանի այս վիճակը տեսնելով: Իսկ առյուծի չարթնանալն էլ նշանակում է, որ առյուծին քնացնող մասնագետն այնքան թերի է տիրապետել իր մասնագիտությանը, որ չի կարողացել քնաբեր նյութը ճիշտ դոզայով տալ: Շատ ափսոս էր առյուծը, բնության մեջ նրանք չեն ապրում: Մի երկու, թե երեք տարի առաջ Փաշինյանը մի արտահայտություն արեց, թե Հայաստանում առյուծ եղե՞լ է, որ մենք մեր գերբի վրա ունենանք առյուծ: Դուք հասկանում եք, նախ ըստ Անանիա Շիրակացու, Պարսկահայաստանում առյուծներ եղել են, նաև Աղձնյաց նահանգում, ըստ Անանիա Շիրակացու Աշխարհացույցի, եղել են առյուծներ: Վախթանգ Անանյանը շեշտել է նաև Արարատյան երկրում առյուծի առկայությունը, չնայած բրածո մնացորդներ չկան: Կարևորն այն է, որ այս առյուծը կիլիկյան թագավորների դրոշի ու զինանշանի վրա կա, Ռուբինյան արքայատոհմի մոտ դա պատկերված է` հորիզոնական կանգնած կարմիր առյուծ, իսկ Հեթումյան արքայատոհմի զինանշանի վրա պատկերված էր ուղղահայաց կանգնած դեղին դաշտի վրա՝ գահը գլխին, սուրն ու գայիսոնը թաթերի մեջ: Առյուծի սպանությունը յուրօրինակ հարված է նաև մեր պատմությանը, առյուծի սպանությունը, կարծում եմ, հենց այս խորհրդանշական նպատակն է ունեցել: Եթե մի քանի տարի առաջ Փաշինյանի` առյուծի մասին խոսքը չլիներ, ես այդպես չէի մտածի, բայց եթե նա ասել է դա ու այսօր առյուծը սատկեց, կարող ենք մտածել, որ առյուծին սպանել են միտումնավոր: