ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամը ստեղծել է փորձագետների շտեմարան, որի համար նախապես հայտարարված մրցույթով հավաքագրվել են դպրոցական ծրագրով դասավանդվող առարկաների, գնահատման, կառավարման, ինչպես նաեւ հետազոտություն իրականացնող եւ ուսուցիչների մասնագիտական զարգացմանն աջակցող փորձագետներ: Մրցույթին դիմել է շուրջ 500 մասնագետ՝ ՀՀ դպրոցներից, բուհերից, մասնավոր եւ պետական տարբեր կառույցներից. նրանցից շտեմարանում ներառվելու համար ընտրվել է 150-ը:
ԿԶՆԱԿ ղեկավար Արտաշես Թորոսյանը մեզ հետ զրույցում նշում է՝ մրցույթն իրականացվում է հարցազրույցի ձեւաչափով։ «Ցավոք, դիմողների առնվազն կեսը չէր պատկերացնում, թե ինչ ակնկալիքներ ունենք իրենցից, չնայած հայտարարության մեջ դրանք նշված էին, եւ իրենք ավելի շատ ուզում էին սովորել, քան փորձագիտական կարծիքներ ներկայացնել։ Բայց դա էլ է գովելի, ու շատ ուրախ ենք, որ նման ակտիվ մարդիկ ունենք։ Նրանց ասացինք, որ մեր մենթորական աշխատանքներին կարող են միանալ, բայց, որպես փորձագետ, մեզ անհրաժեշտ են որոշակի ուղղություն շատ լավ իմացող մասնագետներ, որ կարողանան որոշակի աշխատանքներ իրականացնել։ Օրինակ՝ տնօրենների մասով խորհրդակցություն տրամադրելու կարիք ունենք, հիմա ուսպլանի մասով ենք աշխատում իրենց հետ, այդ թվում՝ տարեկան պլանների մշակման, դրանց գնահատման, իրականացման, հետազոտությունների, առարկաների, նախադպրոցականի, արտադպրոցականի մասով։ Այսինքն՝ ուղղությունները շատ մեծ են, եւ շատ ուրախալի է, որ մեզ միացան նաեւ բուհական մասնագետները»,- ասում է Թորոսյանն ու նկատում, որ ընդհանուր թվի մեջ բավականին շատ փորձագետներ կան հենց Մանկավարժական համալսարանից։
Փորձագետների շտեմարանը համալրել ցանկացող հայտատուներին ընտրել են ԿԶՆԱԿ մասնագետները եւ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները. «Ոչ մի սահմանափակում չի եղել, եթե տեսնում էինք, որ մասնագետն ունի պոտենցիալ, որ կարող է մեզ աջակցել մեր աշխատանքների մեջ, ընտրում էինք, հատկապես որ այնպես չէր, որ մեկ տեղ էր, ու հարյուրից պետք է ընտրեինք մեկին։ Ընդ որում՝ հայտարարությունը դեռ բաց է, եւ որոշակի թվով դիմումների դեպքում մենք նորից հարցազրույցներ կանենք ու նոր մարդիկ կընդունենք»։
Եղել են նաեւ փորձագետներ, որոնք ընտրվել են, բայց ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են աշխատանքից, օրինակ՝ այն մարդիկ, ովքեր քաղծառայող են դարձել եւ այլեւս իրավունք չունեն նման փորձագիտական աշխատանք իրականացնելու․ «Եղել է, որ, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, ասել են՝ չեն կարող այդ աշխատանքն անել։ Նաեւ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր չեն պատկերացրել աշխատանքի ծավալը եւ հետո դիմել են, որ իրենց այդ ցանկից հանեն։ Դա նորմալ, բնական գործընթաց է, ժամանակի ընթացքում կհանդարտվի, սկզբում դիմումները շատ-շատ էին, հիմա էականորեն պակասել են։ Ցավոք, մեր փորձագետներն ավելի շատ գերադասում են աշխատել նյութի վրա, այսինքն՝ որպեսզի իրենց հիմնական աշխատանքից հետո որոշակի մշակումներ անեն մեզ համար՝ իրենց աշխատասենյակում, իրենց գրասեղանի շուրջ։ Բայց մեզ պետք են փորձագետներ, ովքեր նաեւ սեմինարներ կվարեն, կգնան տարբեր մարզեր կամ հենց այդ մարզից կլինեն։ Հիմա մենք նոր մարդիկ ենք որոնում, ովքեր պատրաստ են նաեւ այդ կարգի ծառայություններ մատուցելու»։
Թե ինչ չափանիշներով են ընտրել մասնագետներին, ովքեր պետք է համալրեն փորձագետների շտեմարանը, Ա․ Թորոսյանը նկատում է․ «Եթե փորձագետն ուսպլանի վրա պետք է աշխատի եւ դպրոցի տնօրենին օգտակար լինի, ինքը, հաստատ, մի շարք փաստաթղթեր պետք է իմանա՝ «Հանրակրթության մասին» օրենքը, չափորոշիչները, տարբեր տեսակի կարգեր՝ վերապատրաստման, ատեստավորման, որոնք իմանալն այդ գործում անհրաժեշտ է, հակառակ դեպքում՝ փորձագետ չես կարող լինել, եթե այդ օրենքներին ու կարգերին չես տիրապետում։ Օրինակ՝ գնահատման փորձագետները պետք է գնահատման մեթոդաբանությունը լավ իմանան, պրակտիկան իմանան, թե ինչպես են գնահատումներն իրականացվում դպրոցում՝ էլեկտրոնային մատյաններին ծանոթ լինեն, ոնց է ամփոփիչ աշխատանքն իրականացվում, գրանցվում, ու այդպես շարունակ։ Այսինքն՝ ամեն ուղղությամբ կան հստակ կարգեր, որոնց իրենք պետք է լավ տիրապետեն, եւ հարցազրույցի ժամանակ էլ մենք հարցերը տալիս ենք հենց այդ կարգերից։ Լինում են նաեւ քննարկումներ այն մասով, որ, օրինակ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչն է դժվար ուսուցիչների համար, որովհետեւ եթե ինքը փորձագետ է, այդ ինֆորմացիան պետք է ունենա։ Օրինակ՝ չափորոշչի ներդրումը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ոնց է ընթանում դպրոցներում, որտեղ են ուսուցիչները դժվարանում, որտեղ՝ տնօրենները։ Ունենք փորձագետներ, ովքեր ասում են՝ ես 5-ում եմ դասավանդում եւ մյուս 5-ի մասին կարող եմ ասել, իսկ մնացած դասարանների մասով պատրաստ չեմ, որովհետեւ ինֆորմացիա չունեմ։ Դա նշանակում է, որ ինքը ոչ թե փորձագետ է, այլ շատ լավ ուսուցիչ։ Բայց մեզ պետք է փորձագետ, որ բոլոր ուղղություններով կարողանա մեզ ներկայացնի մանրամասները, նաեւ՝ այն դառը նյութը, որը մենք պետք է իմանանք, որպեսզի մեր սխալները հասկանանք եւ դրանք ուղղենք»։
ԿԶՆԱԿ տնօրենը դիմորդների ակտիվությունը բարձր է գնահատում, սակայն մի բացառությամբ․ «Ակտիվությունը մեծ է, բայց այստեղ խնդիր կա պատրաստվածության․ մարդիկ ուզում են չափորոշչի մասով լինել փորձագետ, բայց չափորոշիչը լավ չգիտեն․․․ ծանոթացել եմ, մի անգամ կարդացել եմ․․․ սրանք են լինում այն պատասխանները, որոնք իրենք տալիս են։ Մենք սկսեցինք նման աշխատանք իրականացնել մենթորների հետ, երբ պետք էր հանրակրթության պետական չափորոշիչը ներկայացնել 28 հազար ուսուցչի, ստիպված էինք այդ քայլին գնալ եւ իրականացրինք վերապատրաստողների վերապատրաստում, ու սկզբնական փուլում նրանք բավականին դժվարություններ ունեցան։ Բայց դա լավ օրից չէր, որովհետեւ մենք մոտ 800 վերապատրաստողի կարիք ունեինք, որը չկար։ Կան մի 20-30 շատ լավ մասնագետներ, ովքեր կարող են իրականացնել, բայց մեզ հիմա շատ ավելին են պետք։ Հիմա նույնձեւ՝ այս պարագայում․ մեր փորձագետները գրագետ, ոլորտն իմացող մարդիկ են, բայց իրենց հետ պետք է աշխատել, անընդհատ վերապատրաստել, որ իրենք էլ հասկանան համակարգը ու մեզ օգնեն բոլոր այդ գործերում»։