Ուրեմն Սուրեն Պապիկյանը ծանր տեղը թեթեւացնի, գա հասնի Ազգային ժողով, ու նրան ասեն՝ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր գումարով զինծառայողներին բանակից ազատելու օրինագիծը, գիշերը չեղարկվե՞լ է… Ու հետաքրքիր է՝ ո՞վ է չեղարկել, ինչո՞ւ, ինչպե՞ս: Կարծում եմ՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովն էլ ամբողջ կազմով տեղյակ չէր, որ նիստը չեղարկվելու է: Մի խոսքով, ինչ եղել՝ վերջին պահին է եղել: Գուցե SMS-ով են ասել, կամ խոսնակ Նազիկն է զանգել հանձնաժողովի փոխնախագահ՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, չգիտեմ: Էն գիտեմ միայն, որ հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդոն ու Վահագն Ալեքսանյանն էլ երկրում չեն: Ինչեւէ, Սուրեն Պապիկյանը քաղաքի ծայրից իր շարասյունով հասել էր Դեմիրճյան փողոց, այդքան բենզին էր վառել, հետ գնալիս էլ` դիք է, երկու այդքան է վառելու, բայց մեջը բան չկա: Եվ, առհասարակ, վերջին շրջանում «օդից փող բռնելը» բավականին դժվարացել է: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վատ կլիներ, եթե բանակից ազատվելու համար քաղաքացիներն ավելի շատ մուծվեին իշխանություններին. նոր զորանոցներ կկառուցեին, զենք կառնեին, դիրքերը կկահավորեին, դեռ այդ փողի մի մասով էլ Ժաննա Անդրեասյանի համար ակադեմիական քաղաք կկառուցեին: Ախր, կառավարության հենց վերջին նիստում էր Հայկ Սարգսյանի հեղինակած «օրինագիծը» լրացվել Պապիկյանի առաջարկություններով ու կառավարության «սրբագրումներով»… Ու մեկ էլ՝ SMS… Տենց բան չանեք, նիստը հետաձգեք, եթե պետք է՝ չեղարկեք:
Նախկին ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին շատերդ եք ճանաչում, այնպես չէ՞: Իսկ դուք գիտեի՞ք, որ նա 40-ամյա ծառայողական ստաժ ունեցող զինկոմի որդի է: Եվ այս Վիլենը չեղարկված նիստից երկու օր առաջ բանակից փողով ազատվելու մասին մի հսկա գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան պատին, որն ավարտել էր հետեւյալ տողերով. «…վստահ եմ՝ թիմակիցներս երկուշաբթի օրվա նիստին եւ լիագումար նիստին, եթե, իհարկե, նախագիծը դրական եզրակացություն ստանա հանձնաժողում, կցուցաբերեն հնարավորինս խելամտություն եւ խոհեմություն՝ առնվազն հետաձգել այն այս փուլում:
Եղեք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն:
Շնորհակալություն ուշադրության համար։
Հարգանքով՝
ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան
Նավակ ճոճող»:
Ինչո՞ւ է Վիլեն Գաբրիելյանն «իր թիմակիցների» հանձնաժողովին խնդրում հետաձգել իր մեկ այլ «թիմակցի»՝ Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը: Եթե կարդաք Վիլենի ամբողջ գրառումը, կտեսնեք, որ նա մի բան էլ գովում է այս նախաձեռնության նպատակները: Ասում է՝ արտագաղթը կդադարի, ներգաղթ կսկսվի, ֆլան, ֆստան… Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Վիլենն այս համակարգի ներսի մարդն է ու լավ է հասկանում, թե որքան խոցելի է Հայկ Սարգսյանի՝ «զուտ փողի չափի» վրա կառուցած օրենքի նախագիծը: Վիլենը շատ լավ գիտի, որ Նիկոլի իրական Հայաստանում «ինչ-որ տեղ» համակարգային կոռուպցիա կա, եւ, ասենք, եթե հարուստից 60 հազար դոլար են պահանջում՝ նրա զավակին բանակից ազատելու համար, ապա այդ հարուստը գտնելու է դա 20 հազար դոլարով անելու ելքը… Այնտեղ զինկոմիսարիատներ կան, բուժծառայություններ, որտեղ կենդանի մարդիկ կան ու ամենեւին էլ դեմ չեն լինի իրենց եւ իրենց վերադասի համար, այսպես ասած, «կողքից փող աշխատելուն»:
Կարդա՞ց Նիկոլը Վիլենի այս գրառումը: Ըստ երեւույթին՝ կարդաց… Հավանաբար, կարդացին նաեւ փողի շատ ուժեղ հոտառություն ունեցող Հայկ Սարգսյանը եւ նրա շատ թիմակիցներ, որոնց մեծ մասը «լայքել» էր Նավակ ճոճողի գրառումը: Դե, իսկ թիմակցի գրառումը ՔՊ-ի համար շատ ավելի կարեւոր է, քան ընդդիմության արդեն քանի տարի ձգվող քննադատություններն այն մասին, որ «բանակում չծառայելու» մասին Հայկ Սարգսյանի իրարահաջորդ օրենսդրական նախաձեռնությունները, մեղմ ասած, հակասահմանադրական են եւ միտում ունեն բանակում ծառայելը դարձնելու աղքատների «մենաշնորհ», պառակտելու հանրությանը, վերջնականապես քանդելու առանց այն էլ հոգեվարք ապրող բանակը: