Հարցազրույց

Նա մնացել է այդ խաժամուժի հույսին, որը շատ նման է իրեն

Նա մնացել է այդ խաժամուժի հույսին, որը շատ նման է իրեն

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:

- Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կարգազանց եպիսկոպոսների ձեռամբ հերթական սադրանքն էր կազմակերպել Կաթողիկոսի դեմ, այս անգամ Մայր տաճարի տարածքում: Այդ օրը հերթական անգամ ականատես եղանք անհասկանալի մի ամբոխի գործողությունների, որոնք, կարծես, ադեկվատ չէին: Եկեղեցու տարածքում սուլոցներ, հայհոյանքների տեղատարափ, անմարդկային ձայներ, չարախոսություն, անեծքներ՝ եկեղեցականների հասցեին…. քայլեր, որոնք ոչ մի հավատացյալ իրեն եկեղեցու տարածքում առնվազն գոնե թույլ տալ չէր կարող: Ի վերջո որպես հոգեբան՝ ի՞նչ գնահատական կտաք այս իրադարձությանը, ովքե՞ր էին այնտեղ հավաքված սակավաթիվ իշխանականները, ի՞նչ տվեց այս ամենը Նիկոլ Փաշինյանին և այնտեղ հավաքվածներին:

- Մեր հասարակության մեջ կա որոշակի շերտ, որը բարոյական հասունության պրոցես չի անցել: Սա փաստ է, որը պետք է անպայման հաշվի առնենք: Այդ զանգվածի մեջ բարոյական շերտի փոքրիկ տարրեր անգամ հնարավոր չէ գտնել: Ովքեր էին այնտեղ հավաքվածները: Մենք շատ լավ գիտենք, որ Փաշինյանը այլևս չունի սոցիալական հենարան և իր սոցիալական հենարանը մնացել է այդ փոքրիկ զանգվածը: Այդ զանգվածը շատ նման է իրեն և իրեն շրջապատող մարդկանց՝ իշխանական ներկայացուցիչներին: Անգամ չնչին բարոյական արժեքներ կրող մարդը չի կարող անել այն, ինչ անում է այդ փոքրի զանգվածը՝ խաժամուժը: Նա մնացել է այդ խաժամուժի հույսին, որը շատ նման է իրեն: Նրանք բոլորը իրենց կերպարով շատ նման են իրար: Այն մարդիկ, ովքեր խաբվել էին, հետագայում սկսեցին զբաղվել ինքնախաբեությամբ, սակայն այժմ այնպիսի փաստերի են բախվում, որ հոգեպես հասունները գիտակցում են, որ սխալվել են: Մայր Տաճարի տարածքում հավաքված էր մի չնչին զանգված, որը շատ նման է իր բնույթով Փաշինյան Նիկոլին: Սակայն այնտեղ հավաքված էր նաև մի զանգված, որին ինչ-որ հարցերում շահագրգռել էին: Օրինակ՝ շահագրգռել նյութական բարիքներով, ի դեպ, վախը նույնպես այդտեղ ունեցել է ազդեցություն: Վախ՝ աշխատանքը կորցնելու, վախ, որ հետապնդման կենթարկվես և այսպես շարունակ: Բարեբախտաբար նման մարդիկ շատ չէին, մեծաքանակ էր մյուս կողմը: Էջմիածնի իրադարձությունները ես շատ բարձր եմ գնահատում: Ինչ իմաստով, որ այդ ամենի ֆոնին, ես տեսնում եմ, որ մեր ժողովրդի մեջ դեռ չի վերացել ազնվական, արիստոկրատ տեսակը: Երբ դանակը հասնում է ոսկորին, ազնվական տեսակը կարողանում է հաղթել հրեշին: Մի շատ կարևոր հետևություն արեցի տեղի ունեցածից: Եթե մեր ժողովուրդը միաբան է, կարող է հասնել արդյունքի: Մենք միշտ մեր ժողովրդի մասին վատ կարծիքներ ենք լսում, ժողովուրդն այսպես, ժողովուրդն այնպես: Դա սխալ է: Թող ոչ մեկը ժողովրդին չմեղադրի, որովհետև մեր ժողովրդի վիճակը հիմա շատ վատ է: Ապատիա, վախ, հիասթափություն, սակայն այդուհանդերձ, մենք տեսանք, թե նույն այդ ժողովուրդը, եթե միաբան է, ինչերի կարող է հասնել:

- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Վեհափառը կտրուկ քայլերի չի դիմում: Առհասարակ տպավորություն է, որ եկեղեցականները մշտապես պաշտպանվողի դերում են: Ինչի՞ արդյունք է սա, ինչո՞ւ նրանք առաջնային դիմադրություն չեն ցուցաբերում: 

- Լիովին հասկանում եմ Ձեր հարցը, սակայն մենք մի փոքր անհամբեր ենք: Անպաշտպան երեխայի պես ասում ենք՝ արագացրեք, մի բան արեք…. Եկեղեցու տրամաբանությունը ըստ իս այլ է: Տեսնելով այդ կարգազանց հոգևորականներին ինձ մոտ հարց է առաջանում, թե ո՞նց է պատահել, որ եկեղեցու ներսում նման եպիսկոպոսներ են գործել: Բայց ամեն դեպքում չեմ ուզում կտրուկ գնահատականներ տալ նրանց մասին, քանի որ քրիստոնեությունը սիրո և հանդուրժողականության վրա է հիմնված: Վեհափառը նրանց մինչև վերջ հնարավորություն է տալիս, սակայն ես համամիտ եմ Ձեզ հետ…. մենք շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում: Այժմ ազատագրական պայքարի կենտրոնը մեր Եկեղեցին է: Վեհափառին ուղղված սպասում կա ժողովրդի մեջ: Այդ սպասումը կա մեծամասնության մեջ: Մարդիկ մի տեսակ հոգնել են քաղաքական զարգացումներից, էլ չեն հավատում ոչ մեկին: Զզվելի ձևով քարոզչություն է իրականացվում և մարդկանց հույսը մնացել է եկեղեցին: Մարդիկ հասկանում են, թե ինչի մեջ են, վաղուց են հասկանում: Ես շատ կցանկանայի, որ մեր հոգևոր հայրերը գիտակցեն, որ ժողովրդի հայացքն իրենց է ուղղված: Եկեղեցին կարող է առաջնորդել: Թեպետ այն շատ ծանր բեռ է: Ինչու են այժմ հարձակվել Եկեղեցու վրա, որովհետև Վեհափառը կատարում է այսօր պետության ֆունկցիան: Նա է այսօր մեր երկրի խնդիրները աշխարհին բարձրաձայնում, ներկայացնում: Փաշինյանը չոքում է թշնամու առաջ, Վեհափառը՝ պետության ֆունկցիա է կատարում, պարզ չէ՞, որ պետք է պայքարեն նրա դեմ, պատերազմեն Եկեղեցու դեմ: Այս տարիների ընթացքում տեսեք, թե որքան ենք իջել, որ Եկեղեցում ինչ-որ շրջանակներ իրենց պահում են ամենավերջին խուլիգանի նման: Սա ազդակ է, որ պետք է վերանայենք մեր կեցվածքը: Փաշինյանի կողքին կան նաև կոնֆորմիստներ, ովքեր հետագայում տեսնելով, որ Եկեղեցին ավելի է ուժեղանալու, անցնելու են Եկեղեցու կողմ….

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image