Քաղաքականություն

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծը՝ հայտարարելով, որ այն խորհրդարան է ներկայացվել առանց անհրաժեշտ հանրային և մասնագիտական քննարկումների ամբողջական ապահովման։

Պատգամավորի խոսքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլ, հստակ տեղեկություններ չկան, թե դրանք ինչ ձևաչափով և ինչ շրջանակներում են իրականացվել։

Մանուկյանը նաև անդրադարձել է նախագծի վերաբերյալ մասնագիտական գնահատականների հարցին՝ նշելով, որ քննարկումների ընթացքում իր բարձրացրած հարցերին պատասխանել են, թե անհրաժեշտ եզրակացությունների համար դեռ ժամանակ կա։ Սակայն, նրա գնահատմամբ, անհասկանալի է, թե ինչպես է նախագիծն արդեն ընդգրկվել խորհրդարանական քննարկումների օրակարգում, երբ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի եզրակացությունը դեռևս առկա չէ։

Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հրապարակային հայտարարությամբ հանդես են եկել նախագծի դեմ՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական նախաձեռնություն։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը ևս հարցականի տակ է դնում հանրային քննարկումների արդյունավետությունը։

Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ նախագիծը խորհրդարան է ներկայացվել չափազանց արագ տեմպերով, ինչը կարող է վկայել քաղաքական շարժառիթների առկայության մասին։ Նա մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ մեծ թվով քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման վրա՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին։

«Այս շտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետին նպատակներ ունենալը․ այն առնչվելու է մեր հարուր հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image