Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալի հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:
Ցմահ դատապարտյալների բարձրացրած հարցերի՝ պահման պայմանների, սննդի, տեսակցության, հեռախոսակապի, ռեժիմի փոփոխության եւ այլ հարցերի վերաբերյալ Գալյանը խոստացել էր լուծումներ գտնել, ցմահներից նա 1 ամիս ժամանակ էր ուզել, դատապարտյալներն էլ սպասում էին մինչեւ հունիսի կեսերը՝ տեսնելու Գալյանը կատարո՞ւմ է խոստումը, թե՞ ոչ։ Ի դեպ, հանդիպման ընթացքում պաշտոնյաները ոչ մի խոսք չէին նշել՝ դատապարտյալներին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ, մինչդեռ, ըստ լուրերի, ցմահները բարձրացրել են այդ հարցը, եւ Սրբուհի Գալյանը ոչ միայն չէր դատապարտել կատարվածը, այլ մի բան էլ սպառնացել էր՝ որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում նման պատժի են արժանանալու:
Գալյանին տրված ժամանակն անցել է, «Հրապարակ»-ը արդարադատության նախարարությունից հետաքրքվեց՝ այս ընթացքում նախարարությունն ի՞նչ հարցեր է լուծել, Գալյանի խոստումների որ մասն է իրականացվել, մեզ պատասխանեցին․
«Հանդիպման ընթացքում ցմահ դատապարտյալների կողմից բարձրացվել է սննդի որակի հարցը: Այս համատեքստում հարկ է նշել, որ սննդի տրամադրման գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով, ինչպես տարեսկզբին` 2025 թվականի հունվարին 7-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) պետի կողմից տրված 8-Ա հրամանով, այնպես էլ ` սույն թվականի ապրիլին Ծառայության պետի 22․04․2025 թվականի N 369-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է եղել իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ՝ անազատության մեջ պահվող անձանց տրվող պատրաստի սննդի հատկացման ճաշացուցակի, մատակարար կազմակերպության կողմից հատկացվող պատրաստի սննդի ստացման, սննդի քանակի և որակի նկատմամբ հսկողության նպատակով: Նշված ուսումնասիրությունների ընթացքում անազատության մեջ պահվող անձանց շրջանում իրականացվել են նաև անանուն հարցումներ, որի արդյունքների համաձայն ազատությունից զրկված անձանց կողմից իրենց տրամադրվող սննդի տարբեր չափորոշիչների վերաբերյալ գնահատումները մեծամասամբ եղել են միջին կամ միջինից բարձր: Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով Ծառայության գլխավոր քարտուղարի կողմից 27․06․2025 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պետերին տրվել է համապատասխան շրջաբերական, սնունդ մատակարարող կազմակերպությանը ներկայացվել են ազատությունից զրկված անձանց մեծամասնության կողմից հավանության չարժանացված ճաշացանկերը և մթերքների տեսակները, ինչի հիման վրա մատակարարի կողմից կատարվել են փոփոխություններ՝ վերանայվել է տրամադրվող սննդի ճաշացանկը, դրա բազմազանությունը, ազատությունից զրկված անձանց մեծամասնության նախընտրություններին առաջնահերթություն տալու հնարավորությունները, ավելացվել են նոր ճաշատեսակներ, որոշները՝ դուրս բերվել ճաշացանկից:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից բարձրացվել է նաև հեռախոսների միմյանց մոտ տեղադրված լինելու հետ կապված հարց: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ հեռախոսների տեղադրումը համապատասխանում է չափորոշիչներին, և տվյալ պարագայում խախտում չի արձանագրվել: Հարկ է նշել նաև, որ այս ընթացքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել են ազատությունից զրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկներում նոր, գերժամանակակից հակավանդալային հեռախոսային համակարգերից օգտվելու համար նախատեսված անհատական ծածկագրերի տրամադրման գործընթացը: Ներկայում հեռախոսային նոր համակարգերի ներդրմամբ հեռախոսազանգերի տրամադրման գործընթացը բարելավվել է, ապահովվում է պետական միջոցների հաշվին հեռախոսազանգի տրամադրումը, ընդլայնվում են ազատազրկված անձանց և արտաքին աշխարհի հետ կապի առավել հասանելի հնարավորությունները, քանի որ բացի նշվածից, նոր հեռախոսակապի շնորհիվ հեռախոսազանգերի դեպքում ՀՀ բոլոր կապի օպերատորների հետ րոպեի արժեքը կհաշվարկվի 8.9 ՀՀ դրամի չափով՝ նախկինում գործող 19 ՀՀ դրամի փոխարեն։
Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից բժշկական, առողջական հարցերի վերաբերյալ բարձրացված բողոքները պատշաճ կերպով փոխանցվել են ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, քննարկման առարկա են դարձել, և համապատասխան բժշկական միջամտության անհրաժեշտության, բժշկական ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների և տրամադրված հնարավորությունների շրջանակներում կատարվել են մասնագիտական գործառույթներ:
Ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից վերասոցիալականացման քաղաքականությամբ առաջնորդվելու շրջանակում դիտարկվել է ինչպես մյուս դատապարտյալների, այնպես էլ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների պատժի կրման անվտանգային գոտիների փոփոխության հնարավորությունները՝ ուսումնասիրելով դատապարտյալների պատժի կրման ընթացքում վարքի դինամիկան, և այն դատապարտյալները, ովքեր ունեցել են վարքի նշանակալի դրական դինամիկա, տեղաբաշխման հանձնաժողովի կողմից կատարվել է այդ անձանց անվտանգային գոտիների փոփոխություններ, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված մյուս դատապարտյալներին կրկին բացատրվել է վերասոցիալականացման ծրագրերին, օգտակար զբաղվածության միջոցառումներին մասնակցության, վարքի դրական դինամիկա ունենալու և այն կայուն պահելու կարևորությունը, և նշվել է, որ վարքի դրական դինամիկայի ապահովումը նրանց հնարավորություն կտա առավել մեղմ անվտանգային գոտի փեղափոխվել: Հանդիպման շրջանակում իրականացվել է նաև խցային պայմանների գնահատում և հաջորդած ժամանակահատվածում կատարվել են որոշ խցերի վերանորոգման, պատուհանների փոխման, հարդարման և նմանատիպ այլ աշխատանքներ:
Տեղեկացնում ենք, որ նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պահման պայմանների բարելավման և վերջիններիս կողմից բարձրաձայնած խնդիրների լուծման ուղղությամբ»։
Ստացվում է, որ ցմահների համար ամենակարևոր՝ ռեժիմի փոփոխության հարցը, որը 2022 թվականի օրենքի ընդունումից հետո «անվտանգային գոտի» է կոչվում` ցածր, միջին և բարձր գոտիներ, Գալյանը դրան լուծում չի տվել, այլ առաջարկել է՝ դրական դինամիկա ապահովել։ Իսկ ցմահներն ավելի շատ սպասում էին ոչ թե սննդի որակի, հեռախոսակապի կամ պահման պայմանների բարելավմանը, այլ «ռեժիմի» փոփոխության հարցի լուծմանը։
Նշենք, որ ցմահներին ծեծի ենթարկելու դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։ Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին՝ այս գործով մեղադրյալ այս պահին չկա։ Իսկ ապրիլի 3-ից 3 ամիս է անցել: