Ընդդիմության աջակիցները շարունակում են ցույցերը, ոստիկանությունն ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, Էրդողանը հայտարարում է, որ ընդդիմությունը հակապետական գործողությունների է գնում եւ պետք է իրավական գնահատականի արժանանա:
Ցուցարարներն Էրդողանի գիրքն են պատռում, Էնվերի ու Թալեաթի պաստառներն են պարզում: Թուրքիայի իրադարձություններով հետաքրքրված են նաեւ Հայաստանում: Շատերն Էրդողանի մոտալուտ «վախճան» են կանխատեսում: Զրուցել ենք թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ:
- Էրդողանի ռեժիմը «տապալվո՞ւմ» է, թե՞ 2016 թվականի նման նա կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը:
- Պետք է նկատի ունենանք, որ Էրդողանը դեղնակտուցներից չէ: Նա տասնյակ տարիներ քաղաքականության մեջ է, խելքն աշխատում է, եւ նա` առանց հաշվարկելու, նման քայլ չէր անի, հատկապես մենք տեսնում ենք, որ ոչ միայն Իմամօղլուն է ձերբակալված, այլեւ՝ տասնյակ այլ անձինք: Այսինքն՝ սա օպերացիա է, եւ վստահ եմ, որ եթե ոչ շաբաթներ, ապա գոնե մի երկու ամիս պատրաստություն տեսած պետք է լինեն: Ես կարծում եմ, որ սա շատ երկար չի տեւի, ինչ-որ մի ժամանակ հետո կամաց-կամաց կհանդարտվի: Եթե չհանդարտվի, ապա բռնի ուժով կարող են այդ ամենը ճնշել, եթե ոստիկանները չհերիքեն, բանակն էլ կկանչեն: Թուրքիայի պատմության մեջ մենք դրա ականատեսները եղել ենք ու ոչ մեկ, այլ բազմաթիվ անգամներ: Բանակը միշտ էլ խառնվել է նման հարցերին: Այսօր բանակն այն նախկին բանակը չէ, թուլացած է, ինքնուրույն գործողություններ անելու շատ ունակ չէ, սակայն Էրդողանի ուղղորդմամբ կարող է գնալ այդ գործողություններին, եթե կարիք լինի: Սակայն չեմ կարծում, որ դրան կհասնի:
- Բայց ժողովրդական ցասումը կկարողանա՞ն ճնշել:
- Շատ մարդիկ ոչ թե իրենք են ինքնաբուխ դուրս եկել, այլ՝ փողոց են հանված, պարզապես մեծ մասն Իմամօղլուի համակիրներն են եւ նրա կուսակցության կողմնակիցները: Եվ, իհարկե, դեմոկրատիկ շրջանակներն էլ դուրս եկան փողոց, որովհետեւ այս քայլը հակաժողովրդավարական է, եւ նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ոչ դեմոկրատական գործողությունների դեմ: Սակայն դա խնդիր չէ Թուրքիայի համար, Թուրքիայում մարդիկ սովոր են նման բաների: Միշտ էլ բողոքի ցույցեր եղել են: Դրա համար չեմ կարծում, թե Էրդողանի դիրքերը թուլանում են: Էրդողանն արեց մի քայլ, որն անհրաժեշտ էր իրեն, որովհետեւ առաջիկա ընտրություններին է պատրաստվում: Շատ հավանական է, որ ինքը չմասնակցի, սակայն իր հովանավորյալը կմասնակցի այդ ընտրություններին, եւ ինքն ուզում է ճանապարհը մաքրած լինել: Իմամօղլուն միակ խարիզմատիկ անձն է, որը կարող էր վտանգ ներկայացնել այդ ընտրությունների ժամանակ: Նա վաղուց էր սրան պատրաստվում՝ դա նորություն չէ, վաղուց Իմամօղլուի դեմ դատեր կային, սա վերջին հարվածը եղավ: Իմամօղլուն միակը չէ, իհարկե՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ, շատ ճանաչված լրագրողներ արդեն քանի տարի է՝ նստած են բանտում ու դեռ քանի տարի էլ կնստեն` այնքան, քանի դեռ Էրդողանի իշխանությունը կամ իր շարունակությունը հանդիսացող իշխանությունը նստի այդ աթոռին:
- Այսինքն, Էրդողանն իր ամենաուժեղ մրցակցին հեռացնելու համար պատրաստ է նաեւ զոհե՞լ թուրքերի կյանքը:
- Իհարկե, Թուրքիայում դա ընդունված բան է: Թուրքիայի պատմությունը նայեք՝ հեղափոխություններ, հեղաշրջումներ, հեղաշրջումների փորձեր, եւ այդ չակերտավոր հեղաշրջման փորձերի ժամանակ մարդիկ էլ են զոհվել, Թուրքիայում դրանից հետ չի կանգնի ոչ մի իշխանություն կամ քաղաքական գործիչ:
- Հնարավո՞ր է, որ այս ձերբակալությունն էլ ավելի ուժեղացնի Իմամօղլուի դիրքերը՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործչի, թե՞ նրան էլ կկոտրեն, ինչպես դա եղավ Օջալանի դեպքում:
- Այս պահին, այո, իր դիրքերն ուժեղացած են, սակայն ժամանակի հետ նրա դիրքերն էլ կթուլանան՝ դա էլ է հաշվարկված, իհարկե: Անգամ, եթե իր դիրքերն ուժեղանան, ի՞նչ պիտի անի, եթե բանտում նստած է:
- Էնվերի ու Թալեաթի պաստառներով ցույցերի նշանակությունը ո՞րն է: Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրագործած ցեղասպանները թուրքերի համար հերո՞ս են:
- Դա հետաքրքիր հանգամանք է, որի պատասխանը պետք է տան հայաստանյան մի շարք փորձագետներ, մասնագետներ, որոնք այս ամեն ինչից ուրախանում են, ասում են, թե Էրդողանի վերջը եկել է, ուրիշը պիտի գա: Լավ, եթե Էրդողանը գնա, ո՞վ պիտի գա՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչն է նաեւ Իմամօղլուն: Այո, թվում է, թե Իմամօղլուն շատ հանգիստ, ժողովրդավար մարդ է, սակայն, այնուամենայնիվ, ինքը Ժողովրդահանրապետական կուսակցության մարդն է եւ եթե առաջադրվի, փաստորեն, պիտի Ժողովրդահանրապետական կուսակցությունն իշխանության գա: Մոռանում են, թե ովքեր են կանգնած այդ կուսակցության հիմքում` Աթաթուրքը եւ երիտթուրքերը, որոնք փախան Մալթայից: Այսինքն՝ բաց թողեցին: Եկան Աթաթուրքի մոտ եւ հիմնադրեցին Թուրքիո Հանրապետությունը, եւ առաջին Մեջլիսը հիմնվեց երիտթուրքերի միջոցով: Սա երիտթուրքերի շարունակությունն է, քեմալիստներն են: Երիտթուրքերը, քեմալիստները երբեք մեզ հետ կապված որեւէ լավ բան չեն արել, ընդհակառակը՝ եթե նայենք Թուրքիայի Հանրապետության պատմությանը, ապա այդ 100 տարվա ընթացքում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում, թե՛ հայերը, թե՛ մյուս փոքրամասնությունները մեծ խնդիրներ են ունեցել՝ պագրոմներ, հարձակումներ, հարստահարումներ: Այս ամեն ինչը Թուրքիայի պատմության մեջ եղել է Ժողովրդահանրապետական կուսակցության ժամանակ: Չնայած այդ կուսակցությունն իրեն արդեն տասնյակ տարիներ որպես սոցիալ-դեմոկրատ է ցույց տալիս, այսինքն` ոչ նացիոնալիստ, բայց նացիոնալիստից նացիոնալիստ է: Ու այդ կուտը, դժբախտաբար, կուլ են տալիս նաեւ մեր թուրքահայ հայրենակիցները, եւ շատ հայեր կան, որ հարում են այդ կուսակցությանը՝ մոռանալով, որ հենց այդ կուսակցության ժամանակ է այդ ամենն իրենց գլխին եկել:
- Շատերին ոգեւորել է, որ Իմամօղլուն կարող էր Պոնտոսի հույների պարը պարել, ազգային փոքրամասնությունների դերը կարեւորել, դրանով էին նրան նախընտրում Էրդողանից:
- Գիտեք ինչ, եթե Էրդողանն իր համար շահ տեսնի, ինքն էլ կկանգնի ու քոչարի կպարի ու հայերի հետ կպարի: Դա քաղաքականություն է, թող միամիտները հասկանան, թե ինչ է քաղաքականությունը, եւ հատկապես Թուրքիայում քաղաքական գործիչների մոտ դա շատ ընդունված բան է: Թուրքիայի ամենաֆաշիստ անձը՝ Արփարսլան Թյուրքեշը՝ «Գորշ գայլեր» կուսակցության ղեկավարը, հայերի մասին շատ լավ բաներ էր խոսում, իմիջիայլոց՝ կարծիք կա, որ ինքը հայկական արմատներ ունի եւ ինքն էր, որ ուզում էր քաղաքական դրությունը թեթեւացնել ու այս խնդիրները վերացնել, եւ այն ժամանակ հանդիպում ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այսինքն՝ Թուրքիային այդպես մակերեսայնորեն նայելը ամենասխալ բանն է եւ ձեզ լրիվ հակառակ տեղ կտանի: Թուրքիային պետք է ներսից նայել եւ առանձնահատկություններն իմանալ, այսինքն՝ նկարի վրձնի հարվածներով պետք է առաջնորդվել Թուրքիայի հարցում եւ ոչ թե այդ նկարին նայել որպես ընդհանուր պատկեր: Մենք` հայերս, եթե խելք ունենայինք, հատկապես՝ մեր իշխանավորները, առաջին օրվանից Էրդողանի հետ հարաբերությունների մեջ կմտնեինք, եւ այդ հնարավորությունները կային, սակայն մենք բաց թողեցինք: Հատկապես Էրդողանի առաջին պաշտոնավարման ժամանակաշրջանը բոլոր փոքրամասնությունների` թե՛ քրդերի եւ, իհարկե, թե՛ հայերի համար դրախտային ժամանակներ էին: Բայց մենք չօգտագործեցինք այդ հնարավորությունը, բաց թողեցինք, հակադրվեցինք Էրդողանին, նաեւ Թուրքիայի մեր հայ համայնքն այդ գիտակցությունը չունեցավ, եւ դա է պատճառը, որ հիմա գտնվում ենք այս վիճակում: Մենք կարող էինք շատ ավելի լավ վիճակում լինել այսօր Թուրքիայի հետ, եթե առիթը բաց չթողնեինք: