Վերլուծություն

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը ճիշտ ընտրություն

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը ճիշտ ընտրություն

Հոդվածի վերնագրից ինքնաբերաբար կծագի հարց՝ ում համար է Կարապետյանի ուժը ճիշտ ընտրություն։ Բոլոր այն հայաստանցիների համար, ովքեր չեն ցանկանում Հայաստանը տեսնել ռուսական ուղեծրում, այլ ցանկանում են անկորուստ, անցնցում եւ ապահով ընթացք դեպի Եվրոպա եւ Արեւմուտք։ Իսկ ինչո՞ւ եմ ես կարծում, որ Սամվել Կարապետյանը կարող է այդ ընթացքը ապահովել։

Ես «Մեր ձեւով» շարժման համակիր չեմ եղել, ոչ էլ երկար ժամանակ նույնիսկ հավատացել եմ, թե Սամվել Կարապետյանի news.am-ին տված մի քանի բառանոց ճեպազրույցի համար են կալանավորել։ Ավելին, մի քանի անգամ, երբ խոսք է գնացել Կարապետյանի կալանքի մասին, անգամ ասել եմ, թե կալանքն անկասկած անօրինական է, բայց այնքան էլ անարդար չէ․ եթե Կարապետյանը ցանկանում է Հայաստանի երեք միլիոն քաղաքացիներին տանել մի այնպիսի բռնապետական երկրի ուղեծիր, ինչպիսին Ռուսաստանն է, որտեղ ընդամենը ցույցի մասնակցելու կամ մի հայտարարության, անգամ գրառման համար հազարավոր մարդկանց են ձերբակալում, կալանավորում, բանտերում սպանում: Անարդար չէ, եթե նման ապօրինություն նաեւ անձնապես իրեն է վիճակվում։ Եթե ինքը ցանկանում է Հայաստանը շաղկապել Ռուսաստանին, ապա թող պատկերացնի, թե երեք միլիոն մարդու ինչ փորձության ու աղետի է տանում։

Այնպես որ մինչեւ 2026-ի ապրիլի 24-ը Սամվել Կարապետյանը ինձ համար կանխակալ պրո-ռուսական դաշտի հերթական երեւացող ֆիգուրն էր, ում մասին անձնական տպավորություն կամ կարծիք չունեի։ Եվ հաստատ ամենքին ասում էի, որ ես ընտրության չեմ գնա, կամ կգնամ բոլորին մերժելու։ Բացատրությունն այն էր, որ պրոռուսական ուժերին ես երբեք ձայն չեմ տա, Փաշինյանին ու իր այլանդակ ուսապարկերին՝ առավել եւս։

Առաջին անգամ որեւէ մեկին չընտրելու իմ որոշման մեջ տատանվեցի ապրիլի 24-ին` Սամվել Կարապետյանի անունից տարածված ուղերձը կարդալուց հետո։ Դա գիտակից, գրագետ, հավասարակշիռ, եւ իշխանության պատասխանատվության գիտակցմամբ գրված խոսք էր, որ զարմացրեց։ Իհարկե, չմտածեցի, թե խոսքը Կարապետյանն անձամբ է գրել, բայց պարզ էր, որ հաջողված speechwriter է գտնվել եւ Կարապետյանի հավանությունն է եղել տարածված տեքստին։ Համեմատություն չկար ամռանը նույն Սամվել Կարապետյանի անունից կալանավայրից տարածվող ուղերձների հետ, որոնցից մի քանիսը կարդացել էի։

Հետագա օրերին Կարապետյանը սկսեց հրապարակավ խոսել։ Հետաքրքրասիրությունից հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցը դիտեցի, «5 հարց», «3 հարց» ձեւաչափով հոլովակներից մի քանիսը, եւ պարզ էր, որ այս մարդն առանց մտածելու ոչինչ չի խոսում, չի դատարակախոսում, ստերեոտիպեր չի կրկնում։ Պատկերացնենք՝ Հայաստանի քաղաքական դաշտում բարձրացող գործիչ, ով ամենահարուստ մարդկանցից մեկն է Ռուսաստանում, ունի այնտեղ բիզնեսներ, եւ այլն, եւ ասում է ․ «Ես ոչ Կրեմլում եմ երբեւէ եղել, ոչ էլ Պուտինի հետ որեւէ լուսանկար ունեմ», «Ես անելու եմ այն, ինչ բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, ոչ թե Ռուսաստանի արձագանքին եմ նայելու»։ Դա համեմատենք, դիցուք Ռոբերտ Քոչարյանի՝ «Իմ եւ Պուտինի միջև ինչ-որ химия կա» հանրահայտ ֆրազի հետ, որով չգիտես՝ քծնում էր, թե գլուխ էր գովում։ Կամ Ծառուկյանի պատմությունները իր եւ Լուկաշենկոյի ջերմ հարաբերությունների մասին։ Ու՜ր Ռուսաստանում ֆինանսական կայսրություն ստեղծած Սամվել Կարապետյանի կայացածությունն ու արժանապատվությունը, ո՜ւր Ռուսաստանի հետ հարաբերություններով ինքնաարժեւորվելու մնացյալի ճիգերը... Եվ այդքա՜ն տարբեր անձանց մի հարթությունում դիտարկել... Նիցշեն մի հանճարեղ ֆրազ ունի․ «Կան «եւ»-եր, որ սարսափեցնում են»։ Նիցշեն դա ասել է Վոլֆգանգ Գյոթեի եւ Ֆրիդրիխ Շիլլերի առիթով, բայց Հայաստանի քաղաքական դաշտի ու ընտրապայքարի համատեքստում էլ սարսափեցնող «եւ»-երը ճշմարտություն են։

Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների առումով Կարապետյանն այնքան պատասխանատու, անկաշկանդ եւ գիտակից կողմնորոշում է արտահայտել, որ դարձյալ նրան շահեկանորեն առանձնացնում է բոլորից։ Հարցին, արդյոք ՀՀ-ի եվրաինտեգրման մասին օրենքը մնալո՞ւ է ուժի մեջ, նրա պատասխանն էր՝ մնալու է․ եթե այդ ընթացքը Հայաստանին վտանգներ բերի, ինչպես եղավ Ուկրաինայում, Վրաստանում, ապա ձեռնպահ կմնանք այդ ուղղությամբ քայլերից, եթե եվրաինտեգրումը Հայաստանին բարիքներ եւ հեռանկար կբերի, ապա այդ ուղղությամբ ենք շարժվելու, եւ մեզ ոչ ոք չի կանգնեցնի։ Ավելի հավասարկշիռ, գիտակից ու վստահություն ներշնչող մոտեցում լինո՞ւմ է։ Եվ դա այն դեպքում, երբ ապրիլի 30-ին ընդունված Եվրախորհրդարանի բանաձեւում, որի դեմ Ադրբեջանը ընդվզեց, ԵԽ-ի հետ կապեր խզեց, Երեւանում գումարված EPC-ի գագաթնաժողովում Ալիեւը այդ բանաձեւի դեմ վայրահաչեց, Փաշինյանին էլ գետնաքարշությունից թե անգլերենի չիմացությունից չհակադարձեց, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան Ալիեւին տեղը ցույց տվեց, ահա այդ բանաձեւոմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները պաշտպանող շատ ճիշտ ձեւակերպումների կողքին, նաեւ կետեր կային (ենթադրելի է ՀՀ իշխանությունների ապատեղեկացման ու լոբբինգի արդյունում հայտնված), որ բացարձակ զրպարտություններ ու զազրախոսություններ էին Սամվել Կարապետյանի հասցեին։

ԵԽ բանաձեւի դիպվածը ցույց է տալիս, որ Կարապետյանի մոտեցումները համոզմունք են, դիրքորոշում, ոչ թե այսրոպեական ռեակցիա Փաշինյանի նման, որ մի օր ճամարտակում է, թե գնում ենք դեպի ԵՄ, մյուս օրը՝ իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են։ Կամ համեմատության համար, Փաշինյանը համարձակվո՞ւմ է ասել, թե ինքը գոնե ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։ Արարատ Միրզոյանը հոկտեմբերին Deutsche Welle-ին հայտարարել էր, թե առաջիկա մեկ-երկու ամսում, ամենաուշը 2026-ի տարեսկզբին Հայաստանը սահմանված ընթացակարգով հայտ կներկայացնի։ Ներկայացրի՞ն։ Կամ 2024-ի մարտ-ապրիլից New Partnership Agenda-ն էին բանակցում, որը պետք է դառնար Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհային քարտեզ, վերջում 2025-ի դեկտեմբերին այնքան անարժեք ու դատարկ փաստաթուղթ ստորագրվեց, որ հազիվ CEPA-ի լրացում դարձավ։ Արդյունքում, այսօր էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը մնում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ, ընդամենը երեք տարում բանակցված ու 2017-ին ստորագրված CEPA-ն։

Այնպես որ առանց վարանման, անձամբ ես ընտրություններում ձայնս տալու եմ Սամվել Կարապետյանին, եւ անկեղծորեն ուրախ եմ որ գտնվեց մեկը, ում կարելի է ընտրել։ Իհարկե, այդ մարդու հանգստությունը, համեստությունը, բարեհոգությունը, ավյունը, ժպիտը ինքնին համակրանք է ստեղծում, բայց եթե իմ տպավորությունը լիներ, թե նա Հայաստանը կտանի ռուսական ուղեծիր, ես նրան չէի ընտրի։ Դրա համար էլ այս մեկ ամսում իր խոսքին որոշակի հետեւել եմ, գոնե մեծ ասուլիսները հիմնականում նայել եմ, եւ վստահ եմ, որ իր հավասարակշռությամբ, անկաշկանդ մտածողությամբ եւ պատասխանատվությամբ Կարապետյանը մեզ ավելի արագ ու անվտանգ կառաջնորդի դեպի Եվրոպա, քանի ուրիշ մեկը։ Հուսանք, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հզորացումը, Հայաստանում հաստատումը դրա համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի եւ միջազգային իրադրությունը թույլ կտա։

Եվ ամեն դեպքում, նրանց համար, ովքեր պրոարեւմտյան կողմնորոշումը մոլորությամբ ասոցացնում են Փաշինյանի հետ, ենթադրում են, թե Փաշինյանը կարող է եվրոինտեգրման ուղղությամբ որեւէ առարկայական քայլ անել, ինչը 8 տարի չի արել, միեւնույնն է, Փաշինյանը այնքան է հակահայ, հակամարդ եւ հակաքրիստոնյա, որ ոչ մի Եվրոպա ու եվրաինտեգրում նրան ընդունելի չի դարձնի։ Եթե մի քիչ գույները խտացվի, Թալեաթից, Էնվերից եւ Լենինից հետո չի եղել մեկը, որը հավաքական հայության համար այնքան վտանգ ներկայացներ եւ այնպես վնասեր, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ էլ կարծում թե գիտակցություն եւ բարոյականություն ունեցող որեւէ հայ Փաշինյան կամ ՔՊ կընտրի։ IRI-ի կանխատեսած՝ քաղաքացիների 16%-ի 32%-ը գործնականում հասարակության 3-5%-ն է, համարյա՝ անոմալիայի եւ սխալանքի մարժան։

Եվ վերջինը, պրո-արեւմտյան ընտրազանգվածը արժե, որ ակտիվորեն հունիս 7-ի ընտրությանը մասնակցի եւ ձայնը տա Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» նաեւ նրա համար, որպեսզի խորհրդարանում, կառավարություն կազմավորելիս, քաղաքականություն որոշելիս նրանք ազատություն ունենան եւ կախման մեջ չընկնեն պրո-ռուսական ընդդիմադիր ուժերից։ Ի վերջո, հազիվ թե պատահական է, որ միջազգային գործընկերների մասին խոսելիս Սամվել Կարապետյանը, գուցե նույնիսկ ենթագիտակցորեն, միշտ սկսում է Միացյալ Նահանգներից։ Չլիներ ԱՄՆ-ի կամքը եւ թելադրանքը, ինքնիրեն քայքայող Փաշինյանը վաղուց էր խափանել ընտրություններին Կարապետյանի մասնակցությունը։ Տեսանք, ինչպես չդիմացավ եւ քարոզչության վերջին օրը հրապարակային հրահանգ իջեցրեց «Ուժեղ Հայաստանի» դեմ ԿԸՀ դիմում ներկայացնելու։

Այդ դիմումով ոչինչ էլ չեն կարող անել։ ԿԸՀ-ն կարող է կուսակցության ցուցակ անվավեր ճանաչել, միայն եթե դրանում կեղծված փաստաթղթեր, տվյալներ են հայտնաբերվել, դիցուք համագումարի որոշում է կեղծվել։ Սակայն քանի որ ԿԸՀ-ն կուսակցություններին գրանցելիս 10 օր նրանց փաստաթղթերը ստուգել է եւ սխալներ չեն հայտնաբերվել, հետագայում էլ ոչինչ չի փոխվել, չկա հիմք կամ հավանականություն գրանցում անվավեր ճանաչելու։ ԿԸՀ ներկայացված դիմումը միայն ցուցիչ է, թե ինչպես է Փաշինյանը կատաղությունից ու անուժությունից ինքնիրեն հոշոտում։ Թող այդպես էլ շարունակի։

Էականը․ Կարապետյանի ուժը հասավ ընտրությունների վերջնագծին, այլեւս հայաստանցիներիս հերթն է նրան հասցնել հաղթանակի եւ վարչապետի պաշտոնին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image